Քեոսայանի վերջին պատգամը, 86-ամյա մոր վիշտն ու դառը ճակատագիրը
ՄշակութայինՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԻՆ
ՀՀ, ՌԴ եւ Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի այրին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, 86-ամյա դերասանուհի Լաուրա Գեւորգյանն իր կյանքի ամենադաժան օրերն է ապրում: Ընդամենը երեք տարի առաջ ավագ որդու՝ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանի անժամանակ մահից դեռ ուշքի չեկած՝ հիմա էլ սգում է կրտսեր որդու՝ ՌԴ վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր, դերասան հաղորդավար Տիգրան Քեոսայանի մահը:
86-ԱՄՅԱ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԸ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԿՈՐՑՐԵՑ ԵՐԿՈՒ ՈՐԴԻՆԵՐԻՆ
Մոսկվայում՝ Օլիմպիական պողոտայի վրա գտնվող Հայկական Եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին Տիգրան Էդմոնդովիչ Քեոսայանին: Սգո արարողությանը ներկա էին հարազատները, այդ թվում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն, գործընկերները՝ Ֆյոդոր Դոբրոնրավովը, Իգոր Ուգոլնիկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Թինա Կանդելակին, Մարիա Զախարովան, Եվգենի Պետրոսյանը, Սթիվեն Սիգալը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Լարիսա Դոլինան, Իվան Օխլոբիստինը եւ ուրիշներ։ Իսկ հոգեհանգստի արարողությունը կատարեց անձամբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Բացակայում էր միայն Տիգրան Էդմոնդովիչի համար ամենակարեւոր մարդկանցից մեկը՝ նրա մայրը։
Նրա բացակայությունը բացատրեց ՌԴ նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։
«Լաուրա Աշոտովնա, կան բաներ, որոնք հնարավոր չէ վերապրել։ Բայց, Լաուրա Աշոտովնա, պե՛տք է շարունակել ապրել՝ չնայած «չեմ կարող»-ին, որովհետեւ դուք դեռ երեխաներ ունեք՝ Մարգարիտան, թոռնիկները։ Դրա համար՝ պարտադիր պետք է առողջանաք: Մենք անպայման կհիշենք Տիգրանին եւ կապրենք այնպես, որ նա մեզ համար ուրախանա», - ավարտեց նա իր սգո խոսքը։
Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանի ծանր վիճակի մասին հայտնել էր կինը՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Երբ սիրելի ամուսինը ընկել էր կոմայի մեջ, նա պատմել էր, որ սկեսուրը շատ ծանր է տանում որդու հիվանդությունը եւ հույս է փայփայում, որ կրտսեր որդին կհաղթահարի այն։
«Նկարագրել մի կնոջ վիճակ, ով երկու տարի առաջ կորցրել է իր ավագ որդուն, իսկ հիմա վերջին ուժերով սպասում է, որ Աստված խղճա կրտսերին, անհնար է», - գրել էր Մարգարիտա Սիմոնյանն իր բլոգում:
ՊԱՊԻ ՕՐՀՆԱՆՔԸ ԵՂԱՎ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ. ՔԵՈՍԱՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՓԱՌԱՎՈՐՎԵՑ
Քեոսայանների աստղային ընտանիքը ծանր ճակատագիր ուներ, բայց անսահման սեր ու ջերմություն էին սփռում իրենց շուրջը եւ նվիրվում ամեն մեկն իր աշխատանքին անմնացորդ:
Տիգրան Քեոսայանի հոր՝ Էդմոնդ Քեոսայանի կյանքը հարթ չի ընթացել: 1937 թվականին գնդակահարել են նրա հորը՝ Գարեգին Քեոսայանին՝ որպես ցարական բանակի նախկին սպա: Երբ ձերբակալում են՝ վերջին հանդիպման ժամանակ Գարեգինը հասկանում է, որ իր ճակատագիրն արդեն վճռված է եւ երկու որդիների հետ հանդիպման եկած կնոջն ասում է. «Կարող ես կրկին ամուսնանալ»: Ապա նայելով 6 ամսական Էդմոնին՝ շարունակում է. «Բայց այս փոքրիկի ազգանունը չփոխես, նա կփառավորի այն»: Հոր խոսքերը օրհնանք եղան՝ 30 տարի անց ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանին ճանաչում էր ամբողջ երկիրը: Դե իսկ հետո արդեն հայտնի անուններ դարձան Էդմոնդի որդիները՝ Տիգրան ու Դավիթ Քեոսյանները: Հորը գնդակահարելուց հետո՝ մորը երկու երեխաների հետ աքսորում են Սիբիր եւ այնտեղից վերադառնում են այն ժամանակ, երբ ավարտվում է պատերազմը: Բայց Լենինական վերադառնալ չեն համարձակվում՝ նոր հետապնդումներից խուսափելու համար: Այդպես Քեոսայանները տեղափոխվում են Երեւան: Այդ ժամանակ էլ՝ հենց անձնագիրը ստանալիս, անճշտության պատճառով՝ ազգանվանը ավելանում է «ո» տառը ու այդպես այլեւս Քեսայանները դառնում են Քեոսայան: Ընտանիքը, հարազատները հայր Քեոսայանի համար առանձնահատուկ էին, որովհետեւ նա ոչինչ չգիտեր իր հարազատների մասին, քանի որ մայրը վախենում էր հոր մասին պատմել:
ՖԻԼՄԵՐԻՑ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԹԱՓՎՈՒՄ. ԴԺՎԱՐ ԿՅԱՆՔԸ ՉԻ ԴԱՌՆԱՑՐԵԼ ՆՐԱՆՑ
Էդմոնդ Քեոսայանին ճանաչողներն ասում էին, որ դժվար կյանքը չի դառնացրել նրան եւ նրա բոլոր ֆիլմերից բարություն էր թափվում: Այդպիսին էին նաեւ Քեոսայան որդիների աշխատանքը: Կյանքի վերջին տարիներին Էդմոնդ Քեոսայանը ցանկություն է ունեցել վերադառնալ Երեւան, շատ կարոտում էր Հայաստանը եւ հաճախ գալիս էր հայրենիք: Երազում էր ազգային հերոս Անդրանիկի եւ իր սերնդի Երեւանի մասին ֆիլմ նկարահանել: Նա Երեւանի մասին ֆիլմը պայմանական վերնագրել էր «Քաղաքի տղաները»: Այն պիտի լիներ ֆիլմ մարդկանց մասին, ում հետ նա մեծացել էր՝ իր ընկերների, Բեռլինից բերած մեքենայի, որով սլանում էր Աբովյան փողոցով, սակայն չհասցրեց…
Երբ որդին՝ Դավիթ Քեոսայանը, «Ռեժիսորի մասնագիտությունը» վավերագական ֆիլմն էր նկարահանում, օգտագործեց հոր աշխատանքային դրվագները ու ֆիլմի դիտման ժամանակ նրան նկատողություն արեցին՝ ինչի՞ համար են այդ արագացված կադրերը: Մինչդեռ դրանք արագացված կադրեր չէին, Քեոսայանն իրականում շատ արագաշարժ էր, նույնիսկ Ֆրունզիկ Մկրտչյանն էր ասում. «Էդիկ, քեզ վրա կարելի է ընկերական շարժանկար անել, մի սարից գոռում ես՝ աո՜ւ, իսկ մյուս սարում արդեն կանգնած սեփական ձայնդ ես լսում…»:
Էդմոնդ Քեոսայանի անձնական ողբերգությունն այն էր, որ Ռուսաստանում նա չդարձավ ռուս ռեժիսոր, իսկ Հայաստանում՝ հայ: Նա այդպես էլ մնաց օտարների մեջ հարազատ, հարազատների մեջ՝ օտար: Նույնը թերեւս կարելի է ասել Տիգրան եւ Դավիթ Քեոսայանների մասին:
ՔԵՈՍԱՅԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՌԴ-ՈՒՄ ԵՎ ԴԱՐՁԱՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՐԱԶԱՏ
Թե ինչպես Քեոսայանները հայտնվեցին Ռուսաստանում եւ դարձան օտարների մեջ հարազատ, դեռ տարիներ առաջ պատմել է Լաուրա Գեւորգյանը:
Լաուրա եւ Էդմոնդ ապագա ամուսինները ծանոթացել են ինստիտուտում: Քեոսայանը սովորել է բարձր կուրսում: Դերասանուհին պատմում էր, որ Քեոսայանը շատ վատ էր խոսում հայերեն, աղմկոտ եւ էմոցիոնալ երիտասարդ էր, ում սկզբում չի հավանել: Որոշ ժամանակ անց նրանք հանդիպում են նկարահանման հրապարակում՝ ուսանողներին հրավիրել էին նկարահանվելու «Երբ կողքիդ ընկերներդ են» ֆիլմի մասսայական տեսարաններում: Այնտեղ էլ ընկերանում են, իսկ շուտով ամուսնանում: Ծնվում է առաջնեկը՝ Դավիթը: Հետո Էդմոնդ Քեոսայանը մեկնում է Մոսկվա ՎԳԻԿ-ում ուսումը շարունակելու: Իսկ Լաուրան ավարտում է ինստիտուտը եւ Վարդան Աճեմյանից Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աշխատելու հրավեր ստանում: «Բայց ես մտածեցի գնամ Մոսկվա, ամուսնուս տեսնեմ եւ աշնանը վերադառնամ Երեւան: Գնացի եւ մնացի այնտեղ 40 տարի: Էդմոնդն ինձն այլեւս բաց չթողեց, ստիպված էի հանուն ընտանիքի զոհաբերել կարիերաս, ինչի համար երբեւէ չեմ զղջում», - պատմում էր Լաուրա Գեւորգյանը:
Հետո ծնվում է երկրորդ որդին՝ Տիգրանը, եւ Լաուրա Գեւորգայնն ամբողջովին նվիրվում է երեխաների դաստիարակության գործին: Ըստ դերասանուհու, շատ դժվար է եղել Մոսկվայում՝ միայնակ, առանց հարազատների եւ ընկերների, բայց նա հասկացել է, որ պետք է ամուսնուն՝ Էդմոնդին, ում մոտ առաջնայինն աշխատանքն է եղել: Նույնիսկ այդ մասին մի անգամ կատակել է. «Լաուրա ջան, ամենից շատ սիրում եմ աշխատանքս, հետո նոր քեզ»:
Ի դեպ, անվանի կինոռեժսորը կնոջը երկար ժամանակ դերեր չէր տալիս: «Ես դեռ սկսնակ ռեժիսոր եմ, ինչ կմտածեն իմ մասին, եթե սկսեմ կնոջս նկարահանել իմ ֆիլմերում», - ասում էր Էդմոնդ Գարեգինիչը: Դրա համար «Անորսալիները» ֆիլմում կնոջը դեր բաժին հասավ միայն մասսայական տեսարաններում: Իսկ «Տղամարդիկ» ֆիլմում դերասանուհին հայտնվել էր շատ պատահական:
«Իմ մասնակցությունն այդ տեսարանում շատ պատահական ստացվեց, քանի որ բոլորովին ուրիշ դերասանուհի պիտի խաղար այդ դերը: Արմեն Ջիգրախանյանը եկել էր ընդամենը մեկ օրով, այն էլ՝ գիշերը ու վաղ առավոտյան պիտի վերադառնար Մոսկվա: Մեկ էլ ուշ գիշերով եկան ինձ արթնացրեցին, թե պիտի գնանք նկարահանման տաղավար, որովհետեւ նկարահանվելու եմ Ջիգարխանյանի հետ: Ուրեմն՝ ես իմ զգեստներով, առանց կերպարանափոխվելու, մտել եմ նկարահանման տաղավար: Շատ հիվանդ էի, եթե 40 աստիճան ջերմություն չունեի, ապա 38 հաստատ կար: Ամբողջ նկարահանման ընթացքում սարսափելի վատ էի զգում եւ մտածում էի, թե այս ինչ հիմար, անհեթեթ տեսարան է եւ ընդհանրապես՝ ծիծաղելի չէ: Վստահ էի, որ, միեւնույնն է, Էդիկն այդ ամբողջը կտրել-թափելու է: Մտածում էի՝ ո՞վ է նայելու այդ տեսարանը, ո՞ւմ է պետք դա, բայց պարզվեց, որ գյուղի բարեկամների հյուրընկալվելն ատամնաբույժի ընտանիքին՝ ամենահումորով եւ լավագույն դրագներից է հայկական կինոյում», - պատմել էր դերասանուհին:
Միայն ավելի ուշ ամուսնու ֆիլմերում դերասանուհին նկարահանվել է գլխավոր դերերում՝ «Լքված հեթիաթների կիրճը», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Մխիթար սպարապետ» եւ այլն:
ՔԵՈՍԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԴԵՌ ԿՀԻՇԵՑՆԵՆ ԻՐԵՆՑ ԼԵԳԵՆԴԱՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ինչ խոսք, տաղանդավոր ծնողներից ծնվեցին տաղանդավոր երեխաներ, ապա թոռներ: Մոսկվայում հայտնի դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Դավիթ Քեոսայանը, որը մահացավ 2022 թվականին, երկու զավակ ունի՝ դուստրը՝ Լաուրան, ում կնքել են տատիկի անունով, իսկ որդուն՝ պապիկի անունով Էդմոնդ: Լաուրան այժմ Մոսկվայում հանրահայտ դերասանուհի է, 12 տարեկանից նկարահանվում է ֆիլմերում, աշխատում է Վախթանգովի անվան թատրոնում:
Իսկ կինոռեժիսոր, դերասան եւ հաղորդավար Տիգրան Քեոսայանի կյանքն ավելի հրապարակային էր: 1993-2014 թվականներին ամուսնացած է եղել ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ: Համատեղ կյանքից ունեն երկու դուստր՝ Ալեքսանդրան եւ Քսենիան: Իսկ արդեն Մարգարիտա Սիմոնյանի հետ համատեղ կյանքից ծնվեցին Մարիաննան եւ Բագրատը:
Ի դեպ, Տիգրան Քեոսայանի նախկին կնոջ՝ Ալենա Խմելնիցկայայի համար եւս հեշտ չէ համակերպվել նրա կորստի հետ: Ռեժիսորը դերասանուհու հետ ապրել է մոտ 21 տարի, նրանք միասին դաստիարակել են իրենց դուստրերին:
«Մահացավ իմ երեխաների հայրը, իմ նախկին ամուսինը, հարազատ մարդը, ռեժիսոր... Միայն 59 տարեկան էր։ Դա մեծ վիշտ է ինձ համար, մեր երեխաների, նրա ողջ մեծ ընտանիքի՝ կնոջ, մոր, երեխաների, հարազատների եւ մտերիմների համար։ Երկնքի արքայություն նրան։ Եվ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ունեն ուժ մնալու մարդ, ովքեր մեր այս բարդ ժամանակներում չեն կորցրել մարդկային կարեկցանքը», - ասել է նա իր հրաժեշտի խոսքում։
Ռուսաստանյան շոուբիզնեսի ներկայացուցիչներից երգչուհի Լոլիտան ցնցված էր. «Տեսեք, թե ինչպես է հեկեկում կինը, ինչպես է լաց լինում նախկին կինը: Խոսելու ուժ չկա։ Աստված մի արասցե, որ որեւէ մեկը նման ցավ ապրի՝ սիրելի մարդու մահ»։
ԻՆՉ Է ՑԱՆԿԱՑԵԼ ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Իսկ ինքը՝ Տիգրան Քեոսայանը, վերջին տարիներին տառապում էր Հայաստանի ցավով: Երկու անգամ վիրահատված սիրտը էլ չէր դիմանում, նյարդերը տեղի էին տալիս ամեն անգամ՝ հայաստանյան լուրերից: Այսօր նրա խոսքը էլ ավելի ազդու է հնչում: Գուցե մարգարեական, գուցե՝ որպես պատգամ:
«Նրանց բոլորին՝ գլխավոր դավաճան Փաշինյանի հետ, պետք է դատարանում դատեն, իսկ հետո ցմահ բանտարկեն, բայց ո՛չ խցում, այլ՝ փոսում։ Եվ այնտեղ պետք է բերել հայ դպրոցականներին եւ ցույց տալ՝ փչացած, կեղտոտ մազերով ծածկված այդ հրեշին փոսի մեջ եւ ասել՝ ահա դավաճանը՝ հազարավոր մահերի, անմեղ մարդկանց կյանքերի կորստի եւ մեր ժողովրդի նվաստացման մեղավորը։ Եվ հիմա, երեխանե՛ր, բոլորդ միասին նրա վրա թքեք։ Ես քեզ, տականք, հենց այդպիսի վերջ եմ ցանկանում։ Եվ ես քեզ շատ տարիների կյանք եմ մաղթում, որպեսզի դու, Նիկո՛լ, հնարավորինս երկար աղոթես Աստծուն (որին, ի դեպ, դու չես հավատում) մահը խնդրելու համար։ Ու թող մահը քեզ չգտնի», - ասել էր Քեոսայանը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=323916&l=am/

