«TrioLab». Հայ-ռուսական նորարարական թատերական փորձը պսակվեց հաջողությամբ
ՄշակութայինԵրեւանի սրտում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը խոստանում է նոր էջ բացել թատերական փորձարարության եւ միջազգային ստեղծագործական համագործակցության ոլորտում։ Հայաստանի թատերական գործիչների միության բեմում ներկայացվեց «TrioLab» նախագծի եզրափակիչ ցուցադրությունը։
«TrioLab»-ը պիլոտային նախագիծ է, որը կյանքի է կոչվել Հայաստանի եւ Ռուսաստանի թատերական գործիչների միությունների համագործակցության հուշագրի շրջանակում։ Նախագիծը միավորել էր երկու երկրների նկարիչներին, ռեժիսորներին եւ դերասաններին՝ ձեւավորելով ստեղծագործական եռյակներ։
Վիճակահանությամբ ձեւավորվել էին հինգ եռյակ, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր նկարիչ, ռեժիսոր եւ դերասան։ Նրանց առջեւ դրված էր մի հետաքրքիր ու մարտահրավերային խնդիր՝ ընդամենը երեք օրվա ընթացքում ստեղծել մինչեւ 10 րոպե տեւողությամբ մինի-ներկայացումներ, էսքիզներ, ինստալյացիաներ կամ պերֆորմանսներ։ Այս արագ ու ինտենսիվ ձեւաչափը լաբորատոր աշխատանքին հաղորդում էր ստեղծագործական լարվածություն՝ միաժամանակ խթանելով արտահայտչամիջոցների նոր որոնումներ։
Նախագծի ընդհանուր թեման ընտրվել էր լաբորատորիայի երկու ղեկավարների՝ ԳԻՏԻՍ-ի դասախոս, բեմանկարիչ Վիկտորիա Խարխալուպի եւ երաժշտական թատրոնի ռեժիսոր Ալլա Չեպինոգայի կողմից։ Նրանց ընտրությունը կանգ էր առել Օվիդիոսի «Մետամորֆոզների» վրա՝ որպես վերափոխման, կերպարանափոխության եւ նոր աշխարհների ծնունդի խորհրդանիշ։
Լաբորատորիայի համահիմնադիր ՎԻԿՏՈՐԻԱ ԽԱՐԽԱԼՈՒՊԸ մեզ հետ զրույցում պատմեց. «Երբ արդեն թեման հայտարարված էր, դեռեւս հստակ չէր՝ մասնակիցներն ինչ դրվագներ կընտրեն «Մետամորֆոզներից»։ Խնդիր կար՝ ինչպես համադրել տարբեր սյուժեներ։ Սակայն համատեղ քննարկումների արդյունքում ծնվեց Լաբիրինթոսի կերպարը։ Լաբիրինթոս, որտեղ ապրում է կիսամարդ, կիսացուլ Մինոտավրը։ Նա մոլորվում է այդ լաբիրինթոսում եւ հանդիպում է մետամորֆոզների տարբեր դրվագների։ Այսպես հաջողվեց միավորել բոլոր պատմությունները»։
Այս կերպ լաբիրինթոսը դարձավ ողջ նախագծի բեմագրական ու կերպարային առանցքը, որի միջով հանդիսատեսը ճանապարհորդում էր՝ հանդիպելով Մինոտավրոսին, Օրփեոսին, Մեդուզային, Էքոյին, Դափնեին, Սիրեններին, Իկարոսին եւ այլ կերպարների։
ՌԴ թատերական գործիչների միության ներկայացուցիչ ԴՄԻՏՐԻ ՕՍԻՊԵՆԿՈՆ նշեց նախագծի ուսուցողական եւ համագործակցային նշանակությունը․«Սա հայ-ռուսական համատեղ նախագիծ է։ Բոլոր փորձերն ու ցուցադրությունը կայացել են Հայաստանի թատերական գործիչների միության հարթակում։ Ինձ շատ դուր է գալիս այս ձեւաչափը, քանի որ այն լաբորատոր է՝ արագ արձագանքման, փորձարարական աշխատանք։ Երեք օրվա ընթացքում մեր մասնակիցները կարողացան ստեղծել շատ հետաքրքիր էտյուդներ, որոնք ղեկավարները միավորեցին մեկ ամբողջական ցուցադրության մեջ։ Գործնականում՝ զրոյից, երեք օրում, մենք ստեղծեցինք ոչ թե գլուխգործոց, բայց իսկապես հետաքրքիր աշխատանք։ Սա դերասանների, ռեժիսորների եւ նկարիչների համատեղ աշխատանքի արդյունք էր։ Երեք հիմնական թատերական մասնագիտությունները միավորվել էին՝ գրեթե պատրաստ ներկայացման ձեւաչափով։ Շատ շնորհակալ ենք մեր հայ գործընկերներին ջերմ հյուրընկալության եւ այս լաբորատորիան իրականացնելու հնարավորության համար»։
Նախագծի մյուս համաղեկավար ԱԼԼԱ ՉԵՊԻՆՈԳԱՆ շեշտեց նախագծի գեղագիտական բազմազանությունը. «Ամեն ինչ անցավ փայլուն, արագ եւ հեշտությամբ։ Թիմերում ներդաշնակություն էր՝ բոլորը գիտեին, թե ինչ են անում։ Կար տարբերություն ձեւերի՝ ունեինք պլաստիկական թատրոն, սուր սոցիալական թատրոն, նկարչի թատրոն եւ անգամ «սաունդ դրամայի» տարրեր։ Օրինակ՝ մի թիմում դերասանուհին հայ էր, դերասանը՝ ռուս, ու նրանք շփվում էին երաժշտության լեզվով։ Սա նույնպես լուծում է։ Ունեինք նաեւ պոստդրամատիկ թատրոնի մոտեցում։ Իսկ սոցիալական թատրոնի միջոցով սկսեցինք անդրադառնալ արդիական, սուր խնդիրների։ Բացի խմբերից, ձեւավորվեց նաեւ գեղարվեստական միջավայր՝ Նատալյա Կեյթի եւ Էլարիա Նիկոնենկոյի ջանքերով, որոնք մշակել էին միջավայրը եւ կերպարների զգեստները, որոնք ամբողջ ներկայացման ընթացքում ուղեկցում էին հանդիսատեսին»։
Չեպինոգան ընդգծեց, որ նախագիծը զարգանում էր առանց երկար քննարկումների՝ բարձր տեմպով, ստեղծագործական ներշնչմամբ։
Այսպիսով՝ «TrioLab»-ը վերածվեց ոչ միայն գեղարվեստական, այլեւ կրթական-փորձարարական հարթակի, որտեղ մեծապես կարեւորվեց վիզուալ մտածողությունը։ Նկարիչները պարզ ու հասանելի միջոցներով ստեղծել էին ոճավորված դեկորացիաներ եւ զգեստներ, իսկ դերասանները մարմնավորում էին ռեժիսորական մտահղացումները՝ ներդաշնակորեն ինտեգրվելով նկարչական միջավայրին։
Եզրափակիչ ցուցադրությունը, որը կայացավ սեպտեմբերի 20-ին, ընդունվեց մեծ հետաքրքրությամբ եւ ջերմ արձագանքով։ Այն վերածվեց մշակութային երկխոսության հարթակի, որտեղ ձեւավորվեց ոչ միայն նոր թատերական լեզու, այլեւ միջազգային ստեղծագործական կապեր։
«TrioLab»-ը ցուցադրեց, թե ինչի կարող է հասնել թատրոնը, երբ ժամանակը սահմանափակ է, բայց գաղափարն՝ անսահման, իսկ մշակույթների խաչաձեւումը՝ հզոր ներշնչանքի աղբյուր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=323761&l=am/

