Միքայել Աջապահյանը մեղավոր ճանաչվեց. նա կմնա կալանավորված
ՆերքաղաքականԵրևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում նախագահությամբ Արմինե Մելիքսեթյանի՝ հրապարակվեց Միքայել Աջապահյանի գործով վերդիկտը՝ վերջինս մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խափանման միջոց ընտրված կալանքը մնաց անփոփոխ` որոշակի սահմանափակումներով։
Վերդիկտից հետո երկշաբաթյա ժամկետում դատարանը նշանակում է լրացուցիչ դատալսումներ՝ դատավճիռ կայացնելու համար։
Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

