Ի՞նչ են նախատեսել Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում. Մուշեղ Խուդավերդյան
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք թուրքագետ-միջազգայնագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի` Հայաստան կատարած այցի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների շուրջ:
- Ինչպես գիտենք, վերջերս Քըլըչն այցելեց Հայաստան։ Ըստ Ձեզ, ո՞րն էր այդ պաշտոնական այցի հիմնական նպատակը:
- Քըլըչի այցը Հայաստան կայացավ «Թրամփի ուղու» պայմանագրի նախաստորագրումից հետո։ Չնայած քննարկված հարցերին՝ էական արդյունքներ չարձանագրվեցին։ Այցը հիմնականում կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում կողմերը փորձեցին վերագնահատել միմյանց դիրքորոշումները։
Քննարկումները վերաբերում էին այն պայմաններին, որոնք կարող են առաջանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո եւ հիմք հանդիսանալ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման համար։ Թուրքական կողմը պատվիրակություն էր ուղարկել բացառապես ճանաչողական շփումների նպատակով։
Նշենք, որ Թուրքիայի ղեկավարությունը նախկինում եւս հայտարարել էր`քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելը ժամանակից շուտ եւ անիմաստ է։ Հետեւաբար, քանի դեռ չկա հստակ պայմանագիր կամ կայունացված պայմանավորվածություն, նման այցերը պետք է դիտարկվեն որպես ճանաչողական բնույթի նախաձեռնություններ։
- Ի՞նչ կասեք այն մասին, որ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ`հայ-թուրքական հարաբերություններում իմիտացիա չկա։
- Գիտեք, հայ-թուրքական շփումներ միշտ էլ եղել են։ Երբ դեռեւս Հայաստանն անկախացավ խորհրդային հանրապետություններից, Թուրքիան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Դրանից հետո Թուրքիան բազմիցս պատվիրակություններ է ուղարկել Հայաստան՝ քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները։ Սակայն, ղարաբաղյան հակամարտության հարցերը չեն կարգավորվել։
Այս պահին իրավիճակը այնպիսին է, որ չնայած ղարաբաղյան հարցը համարվում է արդեն անցյալ փուլում գտնվող խնդիր, այսինքն՝ այն որեւէ ռազմական առումով այլեւս օրակարգում չէ, հայ-թուրքական հարաբերությունները կրկին կարգավորված չեն։ Սահմանները շարունակում են մնալ փակ, դիվանագիտական հարաբերություններ էլ չեն հաստատվել։ Այս առումով կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները մնում են նույն վիճակում, ինչպիսին եղել են Հայաստանի անկախացումից ի վեր։
Կարելի է պնդել, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, ապացույցային հիմքով Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը։ Ինչ էլ որ պատահի, այդպիսի պայմանը դրվել է հենց Թուրքիայի ղեկավարության կողմից։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, նման նախապայմաններ դրվել էին: Կարելի է ասել, որ Թուրքիայի պետական քաղաքականությունը հենց այդ սկզբունքին էլ միտված է։
Այսինքն՝ եթե անգամ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ամեն ինչ հարթ է ընթանալու։ Թուրքիան դեռեւս ունի նախապայմաններ, որոնք, ըստ իր դիրքորոշման, պետք է կատարվեն։ Ամենահստակ նախապայմաններից մեկը Հայոց ցեղասպանության հարցն է․ թուրքական կողմը առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը պետք է քննարկի 1915 թվականի իրադարձությունները, եւ միայն այդ քննարկումներից հետո կողմերը կհասնեն համաձայնության։
Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խնդիրը հենց սա է եղել։ Մյուս խնդիրը կապված էր հայ-թուրքական սահմանի հետ, քանի որ այն կարգավորվում էր Կարսի պայմանագրով։ Այսօր կողմերը հստակ համաձայնության են եկել, որ հայ-թուրքական ներկայիս սահմանը պաշտոնապես ճանաչվում է որպես երկու պետությունների պետական սահման։
- Հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում կարծես համաձայն վերջին հայտարարությունների՝ Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքական օրակարգում փոքրացել է։ Դա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ հարաբերությունների զարգացման վրա։
- Այս հարցում Թուրքիան նշել է, որ քանի որ առկա է քաղաքացիական քարոզչություն, որը հիմնականում կապված է Ցեղասպանության խնդրի հետ, Թուրքիան կրկին խնդիրներ կունենա Հայաստանի հետ։ Այսինքն՝ նույնիսկ Նեմեսիսի արձանը, որը տեղադրվել է, բավական կոշտ արձագանք է ստացել։ Սա ցույց է տալիս, որ դեռեւս հայ-թուրքական հարաբերություններում առկա են խնդիրներ։
Թուրքիան նշել է, որ խնդիրներ կան Հայաստանի հետ այն պարագայում, երբ քննարկվում են հայ-ադրբեջանական խնդիրները։ Սակայն մնացած հարցերի մասով, ինչպես Ալիեւն է նշում, Հայաստանի «տնային աշխատանքն» առկա է։ Այսինքն՝ թուրքական կողմը նշում է, որ Հայաստանն իր կողմից պետք է կատարի որոշակի քայլեր։
Այս հարցում՝ հակաթուրքական քարոզչությունը վերացնելու գործընթացը պետք է լինի երկկողմանի։ Նաեւ հակահայկական քարոզչությունը պետք է դադարեցվի։ Կարծում եմ, սա առավել հեշտ կլինի սահմանների բացումից հետո։
Ինչ վերաբերում է միջազգային օրակարգում Ցեղասպանության հարցին, կարելի է ասել, որ այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բնավ որեւէ ճնշում չեն գործադրում Թուրքիայի վրա, եւ դրանից իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ չեն փոխվել։ Այսինքն՝ Ցեղասպանության հարցը հաճախ օգտագործվում է որպես նեղ հնարավորություն՝ Թուրքիայից որոշ «զիջումներ» ստանալու համար՝ շատ այլ պետությունների կողմից։ Այս առումով կարելի է նշել նաեւ, որ հայկական եւ թուրքական կողմերն այս հարցում եւս անելիք ունեն։
- Ինչպիսի՞ փուլում են ներկայում գտնվում հայ-ռուսական հարաբերությունները եւ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ հարաբերությունները հայ-թուրքական շփումների վրա:
- Նախ պետք է ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս դարձել են բավականին երկիմաստ եւ որոշ առումով մշուշոտ։ Հայկական կողմը հաճախ դժգոհում է ռուսական դիրքորոշումներից, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին դժգոհ է հայկական իշխանությունների քայլերից։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ, վերջին տարիներին նկատվում է իշխանությունների վարած քաղաքականության փոփոխություն. Երեւանը ավելի ակտիվորեն փորձում է զարգացնել հարաբերությունները Եվրամիության եւ մի շարք արեւմտյան կառույցների հետ։
Այս համատեքստում տեղին է հիշեցնել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, որ «եթե երկու աթոռի վրա նստես, ճողվածք կստանաս»։ Այս արտահայտությունը խորհրդանշում է այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը՝ փորձելով հավասարակշռել իր հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ երկուսն էլ՝ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ արեւմտյան գործընկերները անվստահություն են արտահայտում Երեւանի նկատմամբ։
Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բախվում է երկկողմ դժվարությունների։ Մի կողմից` Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա են լուրջ հարցեր, մյուս կողմից՝ Արեւմուտքը եւս հստակ չի ընդունում Երեւանի այսպիսի վարքագիծը։ Հետեւաբար, Հայաստանի համար անհրաժեշտ է հստակեցնել սեփական առաջնահերթությունները եւ ընտրել այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա խուսափել երկակի մոտեցումների առաջացրած ռիսկերից։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=323452&l=am/

