«42 ՕՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼԻՍ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՊԱՐՏԱԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՍՊԱՐՏԱԿ ՄԻՀՐԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էր։ Այսօր նրա ծննդյան օրն է, կդառնար 26 տարեկան։ Հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. - «Սպարտակը ծնվել է 1999 թվականի այս օրը սեպտեմբերի 22-ին, Արտաշատ քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, որից հետո մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաք, ուսումը շարունակելու նպատակով։ Սպարտակը հայրենիք է վերադարձել 2019 թվականին «Ես եմ» ծրագրով, հունվարի 26-ին մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության Մարտունի քաղաք։ Սպարտակը մտադիր էր ծառայությունից հետո շարունակել ուսումը արդեն բուհում։ 1 տարի 7 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա դաժան պատերազմը։ Առաջին իսկ օրվանից, մասնակցել է թեժ մարտերին, կռվելով «Կորդ» կոչվող գնդացրով։ Եղել է «Խոշոր տրամաչափի գնդացրորդ, դիրքի ավագի օգնական, հաշվարկի հրամանատար։ Թեժ մարտեր է մղել Մարտունիում, Ջրականում, Ֆիզուլիում, Հադրութում, Շոշում ու Շուշիի մատույցներում։ Հադրութում Սպարտակի զորախումբը ընկել է շրջափակման մեջ։ Սպարտակը իր գնդացրով, պահել է դիրքը, ինչի շնորհիվ նրա զինակից ընկերները դուրս են եկել շրջափակումից, ապա ինքն է կարողացել դուրս գալ։ Սպարտակի վերջին մարտը եղել Մարտունու շրջանի Խնուշինակ բարձունքում, տարածքի ամենաբարձր կետում։ Դիրքում եղել են զինվորները, կամավորականները։ Նկատելով նենգ թշնամու դիվերսիոն առաջխաղացումը, շատերը շտապել են լքել դիրքը, միայնակ թողնելով զինվորներին։ Սկսվել են թեժ մարտեր, որի ժամանակ էլ 11 զինվորներ զոհվել են, այդ թվում Սպարտակը։ 42 օր պայքարելուց հետո, նոյեմբերի 7-ին, մարտական դիրքը պաշտպանելիս, Սպարտակը ստանալով բազմաբեկորային վնասվածքներ, անմահացել է «Կողակ» բարձունքում։ Նրա մարմինը գտնվել է երկար որոնումներից հետո միայն։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

