«ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՇՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Հասարակություն«Գյումրու օր» տոնակատարությունը այս տարի կնշվի հոկտեմբեր ամսին։ Այսօր, սեպտեմբերի 22-ին կայացած Գյումրիի ավագանու արտահերթ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հստակ օր չնշելով։ Հատկանշական է, որ համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդների հարցերի բաժինը Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությունների համար առաջարկել է 15 միլիոն դրամ բյուջե, սակայն քաղաքապետը շեշտեց, կա բարերար, ով պատրաստ է այդ միջոցառման համար ներդնել ավելի մեծ գումար։ Նիստի օրակարգում ի սկզբանե ընդգրկված տոնակատարության կազմակերպման հարցն այսքանով սահմանափակվեց ու քաղաքապետի նախաձեռնությամբ օրակարգից հանվեց։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին նույնպես քննարկվել էր տոնի անցկացման հարցը քաղաքապետը առաջարկել էր չեղարկել տոնը, հարցը հանվել էր օրակարգից առանց քվեարկության։
Դժգոհություն էր առաջացել ՔՊ խմբակցության և քաղաքացիների մոտ։ Գյումրիի քաղաքապետը հայտարարեց, որ «Գյումրու օրը» ինչպես ամեն տարի, այս տարի էլ կանցկացվի ավանդական ձևաչափով, տոնական միջոցառումները չեն չեղարկվել։ Վերջնական որոշումները պարզապես ձգձգվել են ֆինանսական հաշվետվության ուշացման պատճառով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

