«Քաղաքապետարանի վարչարարությունն ուղղված է քաղաքացիներին անտեղի ծանրաբեռնելով». Վահե Գրիգորյան
ԻրավականԵրեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Ընդամենը երկու օրվա ընթացքում առանց տոմս երթեւեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու եւ հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար` կազմվել է շուրջ 1000 եւ ավելի արձանագրություն: Հասարակությանը տուգանքի մատերիալ դարձնելը ներկայիս իշխանության կարգախոսն է: Հիմա էլ ակտիվորեն տուգանում է հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիներին, որոնք տարբեր պատճառներով չեն վճարում ուղեվարձը: Նույնիսկ տուգանել են քաղաքացու, ով վճարել էր տրանսպորտի 150 դրամը, սակայն նույնակակացման սարքը դեռ չէր ճանաչել փոխանցված գումարը: Ի դեպ, հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար սահմանվել է 3-ից 15 հազար դրամ տուգանք: Դա էլ հսկիչի «ճաշակով»:
«Իրավունք»-ը այս հարցերի, դրա իրավական լուծումների մասին զրուցեց Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Որքանո՞վ է իրավաչափ քաղաքացուն 150 դրամ չվճարելու դիմաց տուգնաել՝ մինչեւ 15 հազար դրամով:
—Նախ ասեմ, որ տուգանելու լիազորությունը պետք է առանձնացնել ինքնին տուգանքի որոշման իրավաչափությունից, քանի որ տուգանելու լիազորությունը տրվում է նորմատիվ իրավական ակտում, մինչդեռ յուրաքանչյուր տուգանքի իրավաչափություն, որոշում է տվյալ անհատական ակտին բորոշ պարտադիր պահանջների բավարարմամբ կամ` ոչ:
— Քաղաքացին իրավունք ունի տուգանքը բողոքարկելու: Արդյո՞ք կարդարացվի նրա սպասումները:
— Անձինք, ովքեր վճարել են տրանսպորտի գումարը, սակայն շարունակվում են տուգանվել, դա տվյալ դեպքում կայացված վարչական ակտ է, որը ակնհայտ է, որ անվավեր է: Միաժամանակ, բացառված չեն դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք` այն պայմաններում, երբ վերջիններս չէին կարող տուգանվել, քանի որ իրենք փորձել էին կատարել վճարումը, սակայն տեխնիկական միջոցի անսարքությամբ պայմանավորված վճարումը չի իրականացել: Հետեւաբար, վարչական մարմինն իր վրա դրված օրենսդրական պարտականությամբ պարտավոր է իրականացնել այնպիսի վարչարարություն, որի արդյունքում միայն կարելի է հստակ ասել՝ իրականացված վարչավարությունը օրինաչափ է, ամբողջական է, օբյեկտիվ է, թե` ոչ: Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող վարչարարությունն ակնհայտ է, որ շատ դեպքերում դրսեւորվում է ոչ թե ենթադրյալ իրավախախտների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու միտումով, ինչը օրինաչափ եւ իրավական միտում է, այլ ուղղված է քաղաքացիներին անտեղի ծանրաբեռնելով եւ ոչ իրավաչափ վարչական ակտեր կազմելով:
— Ըստ օրենքի, բոյկոտող քաղաքացին ինչպե՞ս պետք է վարվի իր տուգանքի հետ եւ արդյոք դա քաղաքացու իրավունքը չէ՝ բոյկոտելը:
—Բոյկոտի իրավունքի վերաբերյալ քննարկումը չափազանց երկար է, որպեսզի մեկ կամ երկու հարցազրույցի շրջանակներում տեղավորվի: Դրա վերաբերյալ առանձին կարելի է մասնագիտական ծավալուն քննարկում ունենալ: Սակայն մեկ բան ակնհայտ է, այն քաղաքացիները ովքեր համաձայն չեն իրենց ներկայացված տուգանքների հետ, կարող են բողոքարկել այդ որոշումը:
— Տուգանքը բողոքարկելու համար ի՞նչ պետք է անի քաղաքացին:
— Սկզբում քաղաքացին կարող է բողոքարկել ըստ վերադասության՝ Երեւանի քաղաքապետարանին հասցեագրելով իրենց գանգատը, այնուհետեւ դրա մերժման դեպքում, կարող են դիմել սահմանադրական դատարան:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

