Ադրբեջանը Հարավային Կովկասում ձեռնարկում է «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր». Ալիև
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում ձեռնարկում է «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր»։
«Բաքվի անվտանգության ֆորումի» երրորդ նիստին նա նշել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակներից է տարածաշրջանում նոր համագործակցային ձևաչափ ստեղծելը, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության, անվտանգության և պրագմատիզմի վրա։ «Մենք վստահ ենք, որ այս ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը կնպաստեն հարևան երկրների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը», – նշել է Ալիևը։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի ներկայությամբ, ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հռչակագիրը, ինչը «կարևոր պատմական քայլ էր երկարամյա հակամարտության դադարեցման և խաղաղ համաձայնագրի կնքման ճանապարհին»։
Ալիևի խոսքով՝ Հարավային Կովկասում լիարժեք խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար։ Նա նաև ընդգծել է հատուկ ծառայությունների համագործակցության նշանակությունը միջազգային անվտանգության խնդիրների կանխարգելման գործում։

