Դատարանը վերացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը
ԻրավականԱզգային ժողովի «Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի պաշտպան Բենիկ Գալստանյանն այսօր դատարանին միջնորդեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը: Պաշտպանը հայտնեց, որ Մինասյանը հոկտեմբերին գործուղում ունի՝ որպես պատգամավոր, բացի դրանից՝ մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել: Հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը չառարկեց, որ Մինասյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվի, սակայն առաջարկեց Մինասյանի նկատմամբ փոխարենը 5 մլն դրամ գրավ կիրառել: Մինասյանը, սակայն, չհամաձայնեց՝ ընդհուպ վիրավորական որակելով մեղադրողի առաջարկը: Նա ասաց, որ գործը շինծու է, և ինքը դա ապացուցելու է: Դատարանը որոշեց վերացնել պատգամավորի նկատմամբ ընտրված բացակայելու արգելքը և նրա նկատմամբ այլ խափանման միջոց չընտրեց:

