Նիկոլի համար քաղաքական տեռորը դառնում է ծրագրի իրագործման անբաժանելի մաս. Համբարյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ներքաղաքական ներկա իրավիճակին ու հնարավոր զարգացումներին:
— Պարոն Համբարյան, ինչպիսի՞ն կգնահատեք Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը։
— Եթե փորձեմ ընդհանուր նկարագրություն տալ, ապա կասեմ, որ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը ծանր է, լարված եւ, միեւնույն ժամանակ՝ անորոշ։ Այսօր երկրի կյանքը մեծապես պայմանավորված է գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Նրանք ոչ միայն չեն ստեղծել ներքին կայունության մոդել, այլեւ բազմիցս ապացուցել են, որ իրենց հիմնական նպատակը իշխանությունը պահպանելն է ցանկացած գնով։
Այստեղ կարեւոր է հասկանալ մեկ բան. ներկայիս իրավիճակը պատահականորեն չի ձեւավորվել։ Այն արդյունք է տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացվող քաղաքականության, որի հիմքում ընկած է հասարակության գիտակցական թուլացումը։ Երբ իշխանությունները գիտեն, որ հանրության մեծ մասը հոգնած է, հիասթափված կամ անտարբեր, նրանք կարող են իրենց համար շահավետ ցանկացած քայլ ներկայացնել որպես ձեռքբերում։ Այդպես էլ այսօր՝ պարտությունները ներկայացվում են որպես հաղթանակ, իսկ ստորագրված փաստաթղթերը՝ որպես «պատմական ձեռքբերումներ»։
Նման պայմաններում ձեւավորվում է քաղաքական փակուղի. հասարակությունը չունի հստակ վստահություն տարբեր ուժերի հանդեպ, իսկ իշխանությունները ամեն կերպ խոչընդոտում են նոր նախաձեռնությունների ու նոր քաղաքական խաղացողների ի հայտ գալուն։
«ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԻ ՈՒԺԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԱՏԸ»
— Այս համատեքստում ինչպե՞ս կբնութագրեք հասարակության ներկայիս հոգեբանական վիճակն ու քաղաքացիական գիտակցությունը։
— Ցավով պետք է նշեմ, որ մեր հասարակությունը հիվանդ է։ Եվ երբ ասում եմ՝ «հիվանդ», նկատի ունեմ ոչ միայն հոգեբանական, այլեւ սոցիալական հիվանդություններ։ Անտարբերությունը դարձել է համատարած։ Մարդիկ կորցրել են իրենց ձայնի ուժի նկատմամբ հավատը։ Նրանք մտածում են, որ իրենց կարծիքը ոչինչ չի փոխելու, եւ հենց այդ մտայնությունն է իշխանությունների ամենամեծ հաղթանակը։
Բացի այդ, հասարակության ներսում տարածված է նաեւ փոխադարձ մեղադրանքի մթնոլորտը։ Մենք սովոր ենք մեր խնդիրների մեղքը բարդել ուրիշի վրա. մեկը մեղադրում է Ռուսաստանին, մյուսը՝ Արեւմուտքին, երրորդը՝ նախկիններին։ Բայց հազվադեպ է, որ մարդը ինքն իրեն հարց տա՝ իսկ ես ի՞նչ պատասխանատվություն ունեմ։ Այսինքն՝ մենք հաճախ մոռանում ենք, որ իրականում դավաճաններից մեկն էլ հենց մենք ենք, երբ լռում ենք, երբ հարմարվում ենք կամ երբ չենք պայքարում մեր իրավունքների համար։
Հասարակության մեջ ձեւավորվել է նաեւ «պարտության նորմալացման» վտանգավոր երեւույթը։ Երբ պարտությունը ներկայացվում է որպես հաղթանակ, եւ մարդիկ դա ընդունում են առանց դիմադրության, այդ հասարակությունը կորցնում է իր կենսունակությունը։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որովհետեւ եթե ժողովուրդը համաձայնում է պարտված լինելուն, նա դադարում է պայքարել։ Իսկ հասարակությունը, որը չի պայքարում, դառնում է հարմար գործիք ցանկացած իշխանության ձեռքում։
— Ի՞նչ գործիքներով կամ մեթոդներով են գործող իշխանությունները պահպանում իրենց դիրքը։
— Այս հարցը հիմնարար է, որովհետեւ միայն հասկանալով իշխանության պահման մեխանիզմները, կարող ենք հասկանալ՝ ինչու է երկրում իրավիճակը զարգանում այսպես։
Նախեւառաջ, իշխանությունները մշտապես աշխատում են իրականությունն այլ կերպ ներկայացնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր փաստաթուղթ, նույնիսկ եթե այն լուրջ կորուստներ է պարունակում Հայաստանի համար, հանրությանը մատուցվում է որպես «պատմական ձեռքբերում»։ Նույնիսկ պարտությունները, որոնք պետք է դառնային մտորելու եւ սխալները վերլուծելու առիթ, ներկայացվում են որպես հաղթանակ։ Սա վտանգավոր երեւույթ է, որովհետեւ հասարակության այն հատվածը, որը խորապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ, սկսում է հավատալ այս ներկայացմանը։
Երկրորդ մեխանիզմը վախի մթնոլորտն է։ Իշխանություններն անընդհատ հիշեցնում են հասարակությանը, որ եթե իրենք չլինեն իշխանության, ապա երկիրը կանգնելու է նոր պատերազմի, նոր պարտության կամ նույնիսկ պետականության կորստի վտանգի առաջ։ Սա մարդկանց մոտ ձեւավորում է մի վիճակ, որտեղ նրանք նախընտրում են անգործություն՝ մտածելով, թե ցանկացած փոփոխություն կարող է բերել ավելի վատ արդյունքների։
Երրորդ մեխանիզմը արտաքին կենտրոնների հետ համագործակցությունն է։ Գործող իշխանությունները հաճախ իրականացնում են այն ծրագրերը, որոնք թելադրվում են դրսից։ Կարելի է ասել, որ նրանք բազմիցս ապացուցել են՝ պատրաստ են կատարել Վաշինգտոնից, Բրյուսելից, Մոսկվայից կամ նույնիսկ Բաքվից ու Լոնդոնից թելադրված պայմանները։ Դա, բնականաբար, նվազեցնում է Հայաստանի ինքնուրույնությունը, բայց իշխանություններին ապահովում է արտաքին աջակցություն, ինչը կարեւոր է իրենց պահելու համար։
Վերջապես, չորրորդ մեխանիզմը ներքին քաղաքական դաշտի վերահսկումն է։ Իշխանությունները հմտորեն օգտագործում են նախկինների հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքը։ Նրանք տարիներ շարունակ ստեղծել են մի քարոզչական դաշտ, որտեղ յուրաքանչյուր նոր քաղաքական նախաձեռնություն ներկայացվում է որպես «նախկինների վերադարձ»։ Այսկերպ հանրության մոտ ձեւավորվում է վախ, եւ մարդիկ հրաժարվում են նոր ուժերին վստահելուց։
Այս ամենը միասին ստեղծում է փակ շղթա. իշխանությունները վախեցնում են հասարակությանը, ներկայացնում իրականությունը, ստանում արտաքին աջակցություն եւ խոչընդոտում նոր ուժերի ի հայտ գալուն։
«ԻՐԱՎԱՊԱՀ ՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԳՈՐԾԻՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔՈՒՄ»
— Պարոն Համբարյան, իսկ ինչպե՞ս կգնահատեք ընդդիմադիր դաշտի ներկա վիճակը։
— Ընդդիմադիր դաշտի վիճակը, ցավոք, բավականին թուլացած է։ Պատճառները բազմաթիվ են։
Նախ, իշխանությունները ոչ մի կերպ չեն հանդուրժում նոր քաղաքական ուժերի ի հայտ գալը։ Յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կարող է վտանգել իրենց դիրքերը, անմիջապես դառնում է ճնշումների թիրախ։ Դա կարող է արտահայտվել տարբեր ձեւերով. օրինակ հասարակության մոտ վստահության խարխլում։
Երկրորդ, ընդդիմադիր դաշտում դեռեւս կա խոր բեւեռացում։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ եղել են քաղաքական համակարգի մաս, այսօր չեն կարողանում միավորվել նոր գաղափարների շուրջ։ Նրանցից շատերը հասարակության աչքում ընկալվում են որպես անցյալի կրողներ։ Իսկ դա օգտագործվում է գործող իշխանությունների կողմից՝ ցույց տալու համար, որ «նոր ուժեր գոյություն չունեն, կան միայն հները»։
Երրորդը՝ ընդդիմադիր դաշտի անկարողությունն է ձեւավորելու համահայկական օրակարգ։ Պատերազմից հետո հասարակության սպասումները փոխվել են։ Մարդիկ այլեւս չեն բավարարվում ընդհանուր հայտարարություններով. նրանք պահանջում են կոնկրետ լուծումներ։ Ցավոք, ընդդիմադիր ուժերը հաճախ հանդես են գալիս ընդամենը քննադատությամբ՝ առանց կառուցողական ծրագրի։
Բացի այդ, հասարակության հոգեբանական վիճակը նույնպես ազդում է ընդդիմադիր դաշտի վրա։ Երբ մարդիկ հուսալքված են եւ վստահ չեն իրենց ձայնի արժեքին, նրանք չեն էլ փորձում աջակցել նոր ուժերին։
Սակայն այստեղ պետք է ընդգծել մի կարեւոր բան. որքան էլ ընդդիմադիր դաշտը թուլացած լինի, այնուամենայնիվ, հասարակության մեջ կա փոփոխության պահանջ։ Դա նշանակում է, որ եթե որեւէ նոր ուժ կամ առաջնորդ կարողանա ճիշտ ձեւակերպել խնդիրները եւ առաջարկել հստակ լուծումներ, նա կկարողանա ստանալ հասարակության լայն աջակցությունը։ Այսօր խնդիրը ոչ թե պահանջի բացակայությունն է, այլ այդ պահանջին համապատասխանող ուժի բացակայությունը։
— Ինչպե՞ս է իշխանությունը օգտագործում իրավապահ մարմինները՝ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։
— Իրավապահ մարմինները Հայաստանում դարձել են գործիք իշխանության ձեռքում։ Դրանք այլեւս չեն գործում օրենքի եւ արդարության տրամաբանությամբ, այլ ծառայեցնում են քաղաքական նպատակներին։
Օրինակ՝ եթե իշխանության ընդդիմախոսը կազմակերպում է հանրահավաք կամ բարձրաձայնում է իշխանության սխալները, իրավապահները անմիջապես սկսում են ուսումնասիրել նրա դեմ գործեր, փնտրել խախտումներ կամ առիթներ՝ նրան լռեցնելու համար։ Մինչդեռ նույնատիպ գործողությունները, երբ կատարվում են իշխանությանը մոտ կանգնած մարդկանց կողմից, նույնիսկ ուշադրության չեն արժանանում։
Իրավապահ մարմինները նաեւ ակտիվորեն ներգրավված են վախի մթնոլորտի ձեւավորման գործում։ Երբ հասարակությունը տեսնում է, որ իշխանությանը քննադատող մարդիկ ենթարկվում են անընդհատ հետապնդումների, նա սկսում է ինքնագրաքննել։ Մարդիկ մտածում են՝ «ավելի լավ է լռեմ, քան հետո խնդիրներ ունենամ»։ Այսպիսով իշխանությունը ստանում է լուռ, հլու եւ հնազանդ հասարակություն։
Մեկ այլ կարեւոր գործոն է այն, որ իրավապահ մարմինները խաթարում են քաղաքական մրցակցության հավասար պայմանները։ Եթե նոր ուժ է փորձում ի հայտ գալ, նա անմիջապես բախվում է վարչական եւ իրավական պատնեշների։ Դա կարող է լինել հարկային ստուգում, քրեական գործի հարուցում կամ նույնիսկ հասարակական ճնշման կազմակերպում։
Այս մեթոդները չեն սահմանափակվում միայն ներքաղաքական դաշտով։
Օրինակ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ելույթները նախկինում դատախազությունը համարում էր, որ հանցանք չեն պարունակում, բայց հիմա, չգիտես ինչու, դրանք համարվում են հանցանք։ Դատավորները, ընդ որում՝ հիմնականում կին, շարունակ երկարացնում են Միքայել սրբազանի կալանքի ժամկետները՝ ընդամենը կարծիք եւ մտքի արտահայտություն ունենալու համար։ Այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլի համար քաղաքական տեռորը, այսպես ասած, դառնում է ծրագրի իրագործման անբաժանելի մասը։ Հայաստանի Հանրապետությունում պետք է ի հայտ գան նոր քաղաքական ուժեր եւ առաջնորդներ, որպեսզի այս վիճակը վերջանա:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

