Միքայել Արզումանյանը Ջալալից էլ շատ բան գիտի, նա պետք է մեկուսացված մնա
ՀասարակությունԵրեկ հայաստանյան լրատվական դաշտում կարեւոր հիշատակում եղավ: Այն է`սեպտեմբերի 1-ին լրացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորման 3 տարին, ու քաղաքական իշխանությունը ամեն գնով գեներալ Արզումանյանին պահում է կալանքի տակ: «Արզումանյանը թերեւս միակ արցախցի նախկին պաշտոնյան է, որին 3 տարի պահում են բանտում, իսկ ահա նախկին մյուս պաշտոնյաները շուրջ 2 տարի է կալանքի տակ են Բաքվի դատարանում»։
Սկզբի համար նկատենք. Արզումանյանն այս պահին Հայաստանում գտնվող ամենեւին էլ միակ պաշտոնյան չէ: Այդ, անգամ ավելի բարձր տրամաչափի պաշտոնյա էր Ջալալ Հարությունյանը, ում էլ, հիշեցնենք, փոխարինեց Արզումանյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում` 2020թ. հոկտեմբերի 27-ին: Այն է, երբ Ջալալն անհասկանալի պայմաններում վիրավորվեց: Հիշեցնենք նաեւ, որ այս պահին Ջալալը կրում է 5.5 տարվա ազատազրկումը: Ի դեպ, նրան կալանավորեցին Արզումանյանից մեկ օր ուշ` 2022թ. սեպտեմբերի 2-ին: Մեղադրանքները գրեթե նույնն էին, բայց Ջալալի դեպքում ավելի էր բարդացնում այն, որ նրան մեղադրեցին նաեւ սխալ հրամաններ տալով` զինվորական ստորաբաժանումներից մեկին կործանման ուղարկելու մեջ: Բայց ահա, Ջալալն արդեն նստած է, իսկ Արզումանյանի դատի վերջն անգամ հասկանալի չէ, թե երբ կլինի:
Այսպիսով, 44-օրյա պատերազմի վերջին օրերին` հոկտեմբերի 27-ից հետո Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։ Այն է, ձեռքի տակ ունենալով որոշակի զորքեր, այնուամենայնիվ, թույլ է տվել անփույթ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետեւանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքն ու մատույցները:
Իրականում էլ Արզումանյանին, ասենք նաեւ` Ջալալին բռնել են այն բանի համար, ինչը դրված է պաշտոնական մեղադրանքի տակ. քիչ հավանական է: Այլապես, պետք է բացատրել, թե ինչո՞ւ նրանց կալանավորեցին այդ դեպքերից 2 տարի անց միայն: Բայց դա էլ չէ ամբողջ հարցը:
Միքայել Արզումանյանի այս «դատավարության» «զավեշտալի» կողմն էլ կա: Նրան մեղադրում են Շուշին լավ չպաշտպանելու մեջ: Այն նույն Շուշին, որը Նիկոլը հռչակել է Ադրբեջանի մաս: Ավելին, Արզումանյանին անգամ ՀՀ քաղաքացի չես «համարի». նա ունի ուղիղ այն կարգավիճակը, որն ունեն մյուս բոլոր արցախահայերը, եւ որոնց այստեղ պաշտոնապես ներկայացնում են` որպես ոչ Հայաստանի քաղաքացի: Այսինքն, «ոչ» ՀՀ քաղաքացի Արզումանյանը մեղադրվում է, թե լավ չի պաշտպանել «Ադրբեջանի մասը»: Բայց չէ՞ որ եթե անգամ «Ադրբեջանի տարածքում» այդ երկրի պոտենցիալ «քաղաքացի» Արզումանյանն ինչ-որ բան է արել, դրա համար կարող է պատասխան պահանջել միայն Բաքուն: Ասում են, թե Շուշին, ըստ էության, հանձնել է ադրբեջանական բանակի՞ն. բայց չէ՞ որ ադրբեջանական օրենքներով նրան կարող են անգամ հերոսի կոչում տալ:
Ու նույնքան «զավեշտ» է այն, որ երեք տարի այդ հասարակ գործը դատարանը քննում է, ու վերջը դեռ չենք տեսնում: Մինչդեռ Ջալալը նման գործով արդեն մոտ կես տարի իր պատժաժամկետն է անցկացնում: Գործն էլ, որ ասես, թե ահավոր բարդ է, դա էլ չէ. մի քանի գործողություն համադրում են, մի քանի վկայի լսում, փաստերը համադրում. մեկ տարին էլ շատ է դրա համար:
Իսկ իրականում հասկանալի է. Միքայել Արզումանյանն այս պահին Հայաստանում գտնվող այն քիչ մարդկանցից մեկն է, ով կարող է բոլոր մանրամասներով պատմել, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, այդ թվում, թե իրականում ինչ խոշոր դավաճանություններ հայկական ուժերին հասցրին պարտության: Կարող է պատմել շատ ավելին, քան անգամ նրա երբեմնի հրամանատար Ջալալը: Այդ թվում, ամենաճակատագրական իրադարձությունները, թե ինչպես ազերիները շատ արագ Հադրութից հասան Շուշի ու գրավեցին այն:
Ուրեմն, նա պետք է մնա բանտում, այնպես, ինչպես մյուս տեղեկացվածներին Ալիեւն է պահում իր բանտում:

