«Հայաստան»-ում մռայլ, խուճապին մոտ տրամադրություններ են
Ներքաղաքական«Հայաստան» դաշինքին շատ մոտ կանգնած եւ միանգամայն տեղյակ մեր աղբյուրը պատմեց, որ օրերս հրապարակված GALLUP-ի հարցումները դաշինքում լուրջ մտավախությունների, եթե ոչ՝ խուճապի տեղիք է տվել: Բայց նաեւ հասկանում են, որ այն, ինչ ներկայացված է, ընդհանուր առմամբ, մի բան էլ՝ իրենց օգտին է: Այսինքն, որ Սամվել Կարապետյանի վարկանիշն իրենցից առաջ է, սպասելի էր: Բայց այն, որ իրենց ընդամենը 6 տոկոսի չափ է բաժին հասել, դա արդեն մտահոգիչ է:
Ճիշտ է, եթե ընտրողների կեսը գնան, այդ 6-ը կդառնա 12: Բայց դաշինքում ամենեւին էլ այդ մտքին չեն: Այն է՝ եթե վերջնական արդյունքում այդ 6 տոկոսը մնա, էլի լավ, բայց հոգու խորքում այդ հույսերն էլ չկան: Նաեւ հասկանալով, որ ամեն դեպքում, էապես քիչ մանդատների հույսեր են լինելու, այսինքն՝ ներքին հակասություններն արդեն սրվում են: Այդ թվում, հարցական է դարձել, թե ՀՅԴ-ն, որը դաշինքի հիմնական կուսակցական ուժն է, կցանկանա՞ մնալ, թե՞ կփորձի այլ ափերում բախտ որոնել: Իսկ այդ դեպքում դաշինք հասկացությունը կորցնում է իմաստը: Եթե նախապատվությունը տան ՀՅԴ-ին, ապա «մաքուր» քոչարյանականներն են դժգոհելու: Այսինքն` սուր հակասություններն արդեն իսկ սկսել են իրենց «չար գործը»:
Սա լավագույն տարբերակով: Բայց եթե խոսքը 7 տոկոսի մասին է, ապա առաջանում է նաեւ անցողիկ շեմի խնդիր: Էլ չասած, որ մասսաների «փախուստը» դեպի կարապետյանական թեւ շարունակվում է, եւ ավելի կակտիվանա, եթե Եկեղեցին իր աջակցությունը հայտնի, որը սպասվում է: Ու քվեարկության շեմին կարող է շատ ավելի մռայլ պատկեր լինել:

