Հրազդանը կունենա նոր կամերային թատրոն
ՄշակութայինՀրազդանում այսօր իր դռները կբացի նորաստեղծ Կամերային թատրոնը։ Թատրոնի բացումը կնշանավորվի Հերման Ռաուչերի «Քաղցրիկ նոյեմբեր» գործի հիման վրա բեմադրված «Շտապիր սիրել» ներկայացմամբ։
Բեմադրության ռեժիսոր ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պատմում է, որ Ռաուչերի ստեղծագործությանը վաղուց է ծանոթ. «Այն ինձ գերել է անմիջականությամբ, երկխոսությունների բազմաշերտ կառուցվածքով, ազատամտությամբ, խորությամբ ու անսահման երեւակայելու հնարավորությամբ։ «Շտապիր սիրել»-ը բացարձակ սիրո մասին է, որը կոտրում է կարծրատիպերը եւ չի ճանաչում սահմաններ»։
Ներկայացման դերակատարներն են Էլեն Գեւորգյանը, Հայկ Պետրոսյանը եւ Անդրանիկ Անտոնյանը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման պրոդյուսեր ՇԱՀԵՆ ՓԱՆՈՍՅԱՆՆ ընդգծեց, որ Կամերային թատրոն ունենալը Հրազդանում տարիներ շարունակ իր եւ շատերի երազանքն էր։
«Ինստիտուտի տարիներից մտածել եմ, որ Հրազդանում պետք է լինի Կամերային թատրոն։ Այժմ այդ երազանքն իրականություն է դարձել։ Թատրոնը տեղակայված է Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում, որը թատերական ուղղվածությամբ հայտնի կրթօջախ է։ Այստեղ են սովորել Նարինե Գրիգորյանը, Տիգրան Գյուլումյանը, նաեւ ես եւ կինս։ Բնական էր, որ այս դպրոցում պետք է ծնվեր Կամերային թատրոն։ Ժամանակը հասունացել էր, եւ առաջին ներկայացմամբ էլ մեկնարկում է թատրոնի գործունեությունը», - նշում է նա:

