Ինչու են ՌԴ քաղաքացի գործարարները լքում Հայաստանը
Իրավական2022 թվականից ի վեր, հայտնի իրադարձություններից հետո Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաները ստիպեցին ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց եւ կազմակերպություններին փնտրել եւ գտնել բիզնեսի համար առավել հարմար միջավայրեր՝ ստիպված լինելով իրենց գործունեությունը տեղափոխել այլ երկրներ։ Այդպիսի երկրներից է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Եթե նախկինում Ռուսաստանի Դաշնությունում եւ, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող երկու կազմակերպություններ կարող էին ծառայությունների մատուցման կամ մատակարարման պայմանագիր կնքել ու համագործակցել ուղղակիորեն, տնտեսական եւ այլ սանկցիանրի կիրառման հետեւանքով անհրաժեշտություն առաջացավ փնտրելու պայմանագրի կնքման եւ կատարման երրորդ՝ միջնորդ կողմ։ Թե Հայաստանում ինչպես է իրականացվել այդ ողջ գործընթացը, «Իրավունք»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԸ:
— Ինչպիսի՞ սխեմաներով են գործել ՀՀ-ում ՌԴ քաղաքացի բիզնեսմենները:
—Ամենատարածված սխեման հետեւյալն է՝ Ռուսաստանի Դաշնությունում եւ ,օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող երկու կազմակերպությունները ուղղակիորեն միմյանց հետ չեն համագործակցում, այլ կնքում են եռակողմ պայմանագիր, որտեղ որպես ծառայությունների մատուցման կամ մատակարարման միջնորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունը։ Եթե նախկինում Ռուսաստանի Դաշնությունում եւ ,օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող երկու կազմակերպությունները փոխադարձաբար կարող էին միմյանց ծառայություն մատուցել կամ ապրանք մատակարարել, այս դեպքում նույն ծառայությունը մատուցվում է կամ նույն ապրանքը մատակարարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությանը, ով, իր հերթին հայելային էֆեկտով այդ նույն ծառայությունը մատուցում է կամ նույն ապրանքը մատակարարում է մյուս կողմին։
— Միջնորդի ներգրավմամբ համագործակցության սխեման Հայաստանի Հանրապետությունում առաջացրե՞ց իրավաբանական անձանց հիմնադրման քանակի կտրուկ ավելացում։
— Իհարկե, պետք է ասեմ, որ նաեւ ավելացավ Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց քանակը։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող բազմաթիվ անձինք ցանկություն հայտնեցին գրանցելու իրենց բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում։
Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը իրականում ձեռնարկատիրությամբ են զբաղվում, թե տնտեսական սանկցիաները շրջանցող ձեւական միջնորդ են հանդիսանում՝ միեւնույն է, անհրաժեշտ է տնտեսական գործունեությունը գրանցել, կնքել պայմանագրեր, վճարել հարկեր, օգտվել հաշվապահի եւ այլ ծառայություններից։
— Հայաստանն այդ առումով շահե՞ց:
— Այո, եթե հաշվի առնենք, որ ըստ այդմ, ավելացան ոչ միայն պետական եկամուտների գանձումները՝ հարկերը եւ մաքսատուրքերը, այլ նաեւ ձեռնարկատիրական շուկայում ծառայություններ մատուցող տնտեսվարողների մոտ առաջացավ հաճախորդների մեծ հոսք։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական, խորհրդատվական, մաքսային, իրավաբանական եւ այլ ծառայություններ մատուցող շուկայում հաճախորդների աճ նկատվեց։ Մինչդեռ, տնտեսական նման ակտիվությունը, ինչպես բոլորս կարող ենք նկատել, ժամանակի ընթացքում մարեց։ Նվազեց նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատել ցանկացող օտարերկրացիները թիվը։
— Ըստ Ձեզ, ի՞նչն էր պատճառը:
— Պատճառը պետության կտրուկ քաղաքականությունն է եւ անբարենպաստ բիզնես միջավայրը։ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը օբյեկտիվորեն ունեն դժվարություններ նախ այն պարզ պատճառով, որ չեն տիրապետում Հայաստանի Հանրապետության պետականա լեզվին՝ հայերենին։ Ըստ այդմ, եթե անձն իր գործունեության ընթացքում կարող է մի շարք գործնական խնդիրներ լուծել ինքնուրույն, ներգաղթած անձանց համար առնվազն անհրաժեշտ է ներգրավել թարգմանիչ։ Եթե, օրինակ, իմ դեպքում իրավաբանական ծառայությունները մատուցվում են նաեւ ռուսերեն լեզվով, պարտադիր չէ, որ յուրաքանչյուր հաշվապահ կամ մաքսային բրոկեր ծառայություն մատուցի ռուսերեն լեզվով։ Ըստ այդմ, հայոց լեզվի չիմացության խնդրով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը սկսեցին բախվել իրավական խնդիրների ու վեճերի հետ, որոնք առնչվում են պետական մարմինների գործունեությանը, ինչպես նաեւ այլ սուբյեկտների հետ կնքված պայմանագրերին։
— Դատելով վերոնշվածից՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ նմանատիպ բիզնեսները երկարակեցություն չեն կարող ունենալ Հայաստանում:
— Բնականաբար, քանի որ կարճ ժամանակ անց նկատվեց բիզնեսների հերթական տեղափոխումն այլ երկրներ, այդ թվում նաեւ՝ ԱՊՀ։ Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ, օտարերկրյա տնտեսվարողների համար բարենպաստ միջավայր չի ստեղծում թե՛ օրեսնդրական քաղաքականության, թե՛ սոցիալ-տնտեսական իմաստով։
Օրեցօր աճող հարկերը, տուրքերը, բարդ եւ երբեմն անհասկանալի օրենսդրական խիստ կարգավորումները նպաստում են, որ անձին, առավել եւս ներգաղթած անձին Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը պարզապես ձեռնտու եւ շահութաբեր չլինի։ Անբարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը նպաստում է նաեւ ՀՀ Կառավարության՝ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի միջատմելու, վարչական ռեսուրսներով բիզնեսներ խեղդելու, խոշոր բիզնեսները «պետականացնելու» գործընթացները։ Ընդամենը կարելի է դատական իշխանության պաշտոնական կայքում ուսումնասիրել տնտեսվարողների դատական գործերը ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, հասկանալու համար, թե ինչ հսկայածավալ ապօրինի տուգանքներ են կիրառվում տնտեսվարողների նկատմամբ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Ընդ որում, որքան էլ դատական կարգով տնտեսվարողները կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի միջամտությունից դատական կարգով պաշտպանվելը պահանջում է ֆինանսական եւ ժամանակային ռեսուրսներ։ Այս առումով անհրաժեշտ է փաստել, որ տնտեսվարողը ողջամտորեն չի կարող Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել եւ նույն պետության համապատասխան մարմինների հետ զուգահեռաբար դատական անվերջանալի վեճեր ունենալ։ Տնտեսվարողին ավելի ձեռնտու է բիզնեսը տեղափոխել բարենպաստ այլ միջավայր։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

