Առանց Ռուսաստանի Հայաստանը մնում է մերկ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ. Անահիտ Եղոյան
ՆերքաղաքականԱյսպես կոչված, «Թրամփի ուղին» շատերի մոտ թողել է, մեղմ ասած, դժգոհության եւ անապահովության զգացողություն: «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԸ միակ ելքը տեսնում է Ռուսաստանի հետ կապերի առավել ամրապնդման մեջ, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը նրա հետ:
— Օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության պայմանագիրն իշխանությունը ներկայացնում է որպես պատմական հնարավորություն։ Իսկ Դուք այն ինչպե՞ս կանվանեք:
— Կործանարար, որովհետեւ դա խաղաղություն չէ։ Դա պարտադրված զիջումների փաստաթուղթ է, որտեղ չկա ոչ մի կետ Հայաստանի եւ Արցախի անվտանգության մասին։ Մենք տալիս ենք ճանապարհներ ու սահմաններ, բայց չենք ստանում ոչ մի երաշխիք։ Սա խաղաղություն չէ, սա կործանում է մեր պետականությունը։
— Բայց իշխանությունը պնդում է՝ առանց այս պայմանագրի նոր պատերազմ կլինի։ Արդյո՞ք սա է մեր միակ ելքը։
— Խաղաղություն չի լինում, երբ այն կառուցված է միայն զիջումների վրա։ Այդպիսի «խաղաղությունը» վաղ թե ուշ վերածվում է նոր պատերազմի։ Իսկ այս պայմանագրով Հայաստանը զրկվում է վերջին լծակներից։
— Արեւմուտքը մեծ հույսեր է կապում TRIPP նախաձեռնության հետ։ Ի՞նչ կասեք այս մասին:
— TRIPP-ը տնտեսական նախագիծ չէ։ Դա աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Կովկասը դուրս բերելու Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունից։ Մեզ դարձնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող միջանցք։ Եթե մենք կորցնենք վերահսկողությունը մեր տարածքի նկատմամբ, ապա կկորցնենք նաեւ մեր սուվերենությունը։
— Թուրքիան այսօր հանդես է գալիս որպես առանցքային դերակատար։ Կարո՞ղ է Հայաստանը հարմարվել այդ իրականությանը։
— Թուրքիան խաղաղություն չի առաջարկում։ Անկարան բաց տեքստով իրականացնում է «Մեծ Թուրան»-ի ծրագիրը։ Իսկ այս պայմանագրով Հայաստանը պարզապես դառնում է այդ ծրագրի մաս՝ առանց անվտանգության որեւէ երաշխիքի։ Սա վտանգավոր թակարդ է։
— Իսկ Իրանը՞։ Կարո՞ղ է նա դառնալ մեր իրական դաշնակից։
— Իրանը միակ պետությունն է, որը շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Թեհրանը չի հանդուրժի թուրք-ադրբեջանական լիակատար վերահսկողություն իր հյուսիսային սահմաններին։ Սա մեզ տալիս է հնարավորություն Իրանի հետ ստեղծել անվտանգության եւ տնտեսական համատեղ օրակարգ։
— Ի՞նչ կասեք Ռուսաստանի հետ կապված։
— Առանց Ռուսաստանի Հայաստանը մնում է մերկ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ։ Որեւէ արեւմտյան երկիր պատրաստ չէ իրական ռազմական պարտավորություն ստանձնել Հայաստանի հանդեպ։ Միայն Ռուսաստանն է, որ ունի մեզ հետ դաշնակցային պայմանագրեր։ Եթե կորցնենք այդ դաշինքը, մենք կկորցնենք մեր անվտանգությունը։
— Այսօր շատերը սպասում են, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը։ Ո՞րն է Ձեր ճանապարհային քարտեզը։
— Առաջինը՝ չեղարկել այս պայմանագիրը։ Երկրորդը՝ խորացնել հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ՝ ստեղծելով հակակշիռ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Երրորդը՝ բանակցել ոչ թե պարտվողի, այլ սուբյեկտի դիրքից։ Հայաստանը չի կարող գոյատեւել օտար դեսպանատների թելադրանքով։ Մեր միակ ճանապարհը սեփական շահն ամեն ինչից վեր դասելն է։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

