Մարդիկ դեռ կարդում են, եւ սա հույս է ներշնչում հայ եւ ռուս ժամանակակից գրողներին
ՄշակութայինԵրեւանի Ռուսական Տանը կայացավ գրական միջոցառում՝ յուրահատուկ ձեւաչափով։ Ստենդափի ոճով կազմակերպված հանդիպումը գեղարվեստական եւ փաստագրական գրականության շուրջ միավորեց ինչպես ռուս, այնպես էլ հայ ժամանակակից գրողներին։ Միջոցառումը անցկացվեց «Երեւանյան գրքի շաբաթի» շրջանակում եւ ընթերցասերներին պարգեւեց գրքի, խոսքի եւ կենդանի շփման տոն։
Գրողների եւ ընթերցողների այս ոչ ստանդարտ հանդիպման գլխավոր նպատակը մի պարզ ուղերձ էր՝ գրականությունը կենդանի է, ժամանակակից, եւ այն կարելի է սիրել առանց ակադեմիական ծանրության:
Միջոցառման մեկնարկը տրվեց հայտնի ռուս արձակագիր ՌՈՄԱՆ ՍԵՆՉԻՆԻ ելույթով, ով հանդիսանում է «նոր ռեալիզմի» ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Սենչինը ընթերցողներին ներկայացրեց իր ստեղծագործական մեթոդներն ու գաղափարները՝ նշելով. «Ես հիմնականում գրում եմ ռեալիստական գրականություն՝ պատմություններ, վեպեր, որոնք հիմնված են իրական մարդկանց եւ իրական դեպքերի վրա։ Օրինակ՝ իմ «Зона затопления» գիրքը հիմնված է փաստացի իրադարձությունների վրա»։
Նա նաեւ կիսվեց մտահոգություններով՝ կապված գրքի տպագրության ներկա վիճակի հետ Ռուսաստանում:
«Այո, գրքի տպաքանակները նվազում են, բայց գրադարաններում տեսնում ես, որ մարդիկ դեռ կարդում են՝ շնորհակալություն ընթերցասեր հասարակությանը։ Դա հույս է ներշնչում», - ընդգծեց Սենչինը։
Հաջորդը ելույթ ունեցավ Լիանա Շահվերդյանը՝ գրող, որի պոետիկ աշխարհայացքը սերտորեն միահյուսված է պատմության հանդեպ հետաքրքրությամբ։ Իր խոսքում Շահվերդյանը անկեղծորեն խոսեց իր անցած գրական ճանապարհի մասին. «Գրել սկսել եմ բավականին ուշ՝ 30 տարեկանում։ Եթե ինձ ժամանակին ասեին, որ պրոֆեսիոնալ գրական կարիերա եմ սկսելու 40-ում, կզարմանայի։ Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ մասնակցեցի Սերգեյ Ֆիլատովի փառատոնին։ Ես պարզապես ուղարկեցի իմ աշխատանքները՝ առանց ակնկալիքների։ Ի զարմանս ինձ՝ անցա նախընտրական փուլը, որն ամբողջությամբ փոխեց իմ ապագան»։
Միջոցառմանը մասնակցեցին նաեւ այլ ճանաչված ռուս հեղինակներ:
Հանդիպման ընթացքում ընթերցասերները կարողացան ուղղել իրենց հարցերը հեղինակներին եւ ստանալ անմիջական, անկեղծ պատասխաններ։ Թեմաներն ընդգրկում էին գրականություն, ժամանակակից մշակույթ, ստեղծագործական մեթոդաբանություն, ինչպես նաեւ ընթերցողի եւ հեղինակի փոխհարաբերություններ։
Ողջ ցերեկույթի ընթացքում տիրում էր կենդանի էներգետիկա, սուր մտքերի փոխանակում եւ ինտելեկտուալ հումոր։ Գրողները խոսում էին առանց պաթոսի, իսկ հանդիսատեսը արձագանքում էր ժպիտով ու հետաքրքրությամբ։ Կազմակերպիչների խոսքով՝ նպատակը մեկն էր՝ գիրքը վերադարձնել մարդկանց կյանք՝ որպես ապրող, շնչող մշակույթ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

