Վերջապես որոշեցի ի կատար ածել իմ վաղեմի երազանքը. Գնել Ուլիխանյան
ՄշակութայինԻ՞նչ է տեղի ունենում, երբ մահից հետո՝ վեց տարբեր ճակատագրերով մարդ հայտնվում է միեւնույն տարածքում, որտեղ հետդարձի ճանապարհ չկա: Բանաստեղծն ու գողը, պատգամավորը եւ անբարոյական կինը, բանտապանն ու առաքինին հայտնվում են նույն տարածքում՝ ստիպված ապրելով կողք կողքի՝ ոչ թե երկրային օրենքներով, այլ խղճի ու ճշմարտության անողոք լույսի ներքո։ Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» պիեսը բացում է մի խորհրդանշական տարածք՝ քավարան, որտեղ ժամանակն այլ իմաստ ունի, իսկ խոստովանությունն այլ արժեք։ Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ում կայանալիք բեմադրությամբ, այս խորքային դրամատուրգիան կվերածվի կենդանի թատրոնի՝ դերասան, պրոդյուսեր ԳՆԵԼ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ նախաձեռնությամբ, ում հետ էլ զրուցել է «Իրավունք»-ը: Հեռու հայրենիքից, բայց հայրենական մշակույթի միջով շնչող այս նախագիծը ոչ միայն մեկ ներկայացման պատմություն է, այլ նաեւ հիշեցում, որ թատրոնը, ինչպես հոգին, սահմաններ չի ճանաչում։
«ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀՐԱՇԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍՏԱՑՎԻ»
— Օրեր անց ACBU թատրոնում տեղի կունենա «40 օր համբառնալուց առաջ» ներկայացման առաջնախաղը։ Հետաքրքիր է՝ լրացուցիչ բովանդակություն ավելացրե՞լ եք՝ ԱՄՆ-ի հանդիսատեսին հարմարեցնելու համար: Կա՞ն հատուկ խմբագրումներ, փոփոխված տեսարաններ կամ օտարված դերեր՝ ի տարբերություն հեղինակի՝ Սամվել Խալաթյանի համանուն պիեսի:
— Նախ շատ ուրախ եմ, որ յոթ տարի ապրելով Միացյալ Նահանգներում՝ վերջապես հավաքեցի իմ մեջ այդ համարձակությունն ու ցանկությունը եւ որոշեցի ի կատար ածել իմ վաղեմի երազանքը՝ անել ներկայացում:
Այնքան լավ է գրել երջանկահիշատակ Սամվել Խալաթյանը, որ ընդհանրապես կարիք չկա բովանդակությունը որեւէ փոփոխության ենթարկել: Թեեւ 25 տարի առաջվա գրված գործ է, բայց թեմաները, կերպարները շատ արդի են ու ընդհանրապես ոչ մի կերպար չենք ավելացրել, բեմադրել ենք այնպես, ինչպես հեղինակն է գրել: Լինելու է դասական, թատերական ներկայացում:
— Ինչպե՞ս հաջողվեց օտար ափերում համախմբել այս ներկայացման շուրջ հայտնի դերասանական կազմ: Ի՞նչ էր կատարվում կուլիսներում, փորձերի ժամանակ:
— Դերասանական կազմում ընդգրկված են հիմնականում իմ ընկերները: Խումբը հավաքելիս անպայման հաշվի եմ առել, որ բոլորը լինեն թատրոնի դերասաններ, թատերական կենսագրություն ունեցող արտիստներ, եւ այդպես էլ կա:
Շատ հետաքրքիր եւ ուրախ է անցնում մեր փորձերը, մանավանդ, որ դերասանախմբում է նաեւ իմ լավ ու վաղեմի ընկերը՝ Արմեն Մարգարյանն, ում հետ յուրաքանչյուր փորձ, ստեղծագործական պրոցես շատ ուրախ է անցնում, հումորով լի: Իհարկե, չեմ ուզում առանձնացնել Արմենին, բոլորն էլ շատ լավն են, բոլորն իրենց գործի վարպետներ են: Այնպես որ, ակնկալիքները մեծ են, որ այս դերասանական կազմով պետք է հրաշալի ներկայացում ստացվի:
«ՄԵԶ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ, ԹԵԵՎ ՇԱՏ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
— Ի դեպ, սա Ձեր դեբյո՞ւտն է՝ որպես ներկայացման պրոդյուսեր: Որքանո՞վ էր հեշտ կամ բարդ համատեղել՝ լինելով ե՛ւ պրոդյուսեր, ե՛ւ ներկայացման մեջ դերակատար:
— Չգիտեմ՝ ինչքանով է այդ բառը համապատասխանում ինձ: Ես, պարզապես, բոլորիս ցանկությունն եմ կատարել, բոլորս ուզում էինք ներկայացում խաղալ: Այո՛, ես եմ կազմակերպում, բայց «պրոդյուսեր» բառից խուսափում եմ: Երբ կազմակերպչական հարցերով էի զբաղված, իհարկե, բարդ էր համատեղելը, բայց հիմա արդեն ամեն ինչ կազմակերպված է եւ կենտրոնացել եմ դերիս վրա: Շատ հետաքրքիր է, դժվարություն չկա, որովհետեւ աշխատում ենք «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» նշանաբանով: Դերասանները շատ նվիրված են աշխատում: Այնպես որ, շատ հեշտ է անցնում: Իսկ եթե պետք է պրոդյուսերական որեւէ գործ անել, որը ես չեմ կարող, ընկերներիցս մեկն է կարող, ինքն է անում: Սա ընկերական միջավայր է եւ դժվարություն առանձնապես չկա:
— Կարո՞ղ ենք ասել, որ այս ներկայացումով կոտրում եք նաեւ այն տարածված կարծրատիպը, թե օտար ափերում հայ դերասանները ստիպված են ուրիշ գործով զբաղվել, որ կարողանան գոյատեւել:
— Նախ ասեմ, որ Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Գլենդելում այդ «օտար ափեր» ասվածը մի փոքր չափազանցված է: Այստեղ բավականին մեծ համայնք ունենք, եւ մենք մեզ օտարության մեջ չենք զգում, թեեւ, իհարկե, շատ կարոտում ենք Հայաստանը:
Ինչ վերաբերում է Ձեր հարցին. այո՛, ցանկության դեպքում հնարավոր է զբաղվել քո սիրած գործով: Ինչպես ասացի, մեր ստեղծագործական կազմում բոլորն իրենց գործի նվիրյալներն են ու ժամանակ հաստատ կգտնեն, որ երկրորդ գործը լինի իրենց մասնագիտականը, ինչը շատ մեծ սիրով են անում: Մենք հույս ունենք, որ սա ինչ-որ սկիզբ է լինելու: Երբ ունենանք առաջին լավ ներկայացումն, արդեն կմտածենք երկրորդի, ինչու ոչ՝ նաեւ երրորդի մասին:
«ԻՄ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ԹԵՄԱՆ Է՝ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ, ԻՄ ԹԱՏՐՈՆԸ»
— Կարոտե՞լ էիք թատրոնի բեմը՝ լինելով Մայր թատրոնի այն աստղային դերասանը, ում տեսնելու համար մարդիկ գալիս էին ներկայացում դիտելու:
— Իհարկե, շատ էի կարոտել, դա իմ ամենացավոտ թեման է… Շատ եմ կարոտել մայր թատրոնը, իմ թատրոնը, մանավանդ՝ այն ժամանակները, երբ ընդունվեցի, եւ թատրոնը ղեկավարում էր Վահե Շահվերդյանը: Ու հիմա, այդ մեծ ճանապարհից հետո, որ անցել եմ Սունդուկյան թատրոնում՝ մեծ վարպետների կողքին, այսքան տարի անց խաղալ դեր, կրկնակի պատասխանատվություն է: Ամեն մի դիալոգ, մոնոլոգ փորձելու ժամանակ հիշում եմ իմ խաղընկերներին, գործընկերներին, իմ դասախոսների խորհուրդները, ուզում եմ, որ այստեղ էլ երեւա իմ անցած ճանապարհը: Տպավարություն չլինի, թե հենց այնպես բեմ եմ դուրս եկել: Իմ թատերական կենսագրությունը եւ Սունդուկյան թատրոնում անցած ճանապարհը պետք է մեծ պատվով ներկայացնեմ:
— Միացյալ Նահանգներում նկարահանված հայկական սերիալները վաղուց ապացուցել են, որ ունեն իրենց հեռուստադիտողը, եկամտաբերությունը: Իսկ ի՞նչ կասեք թատրոնի մասին:
— Սերիալներն, այո, շատ ճիշտ եք, արդեն բավականին բարձր մակարդակի վրա են՝ համեմատած տարիներ առաջվա հետ: Եվ ես շնորհավորում եմ իմ գործընկերներին, հրաշալի ու ահռելի աշխատանք են կատարում եւ հիմա ունենք որակյալ սերիալներ: Թեեւ վերջին շրջանում հրաժարվում եմ սերիալներում նկարհանվելուց, բայց, այնուամենայնիվ, երբ կողքի աչքով նայում եմ, մեծ աշխատանք են արել:
Ներկայացումների առումով նույնպես քայլեր ձեռնարկվում են: Վերջիվերջո, մենք արդեն ներկայացում ենք բեմադրում, հրաշալի ծրագիր է կատարում մեր դերասաններից Գրիգորի Հակոբյանը, ով տիկնիկային ներկայացումներ է անում երեխաների համար եւ արդեն մեծ խաղացանկ ունի՝ 3-4 ներկայացում, որոնք շատ որակյալ են եւ մեր երեխաներին կրթող: Թատրոնը կրթում է մարդկանց, մանավանդ՝ երեխաներին, եւ քանի որ այստեղ այսքան մեծ համայնք ունենք, պետք է անենք թատերական ներկայացումներ, որպեսզի կրթված համայնք ունենանք:
«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ՄԵՂՔԵՐԻ ՔԱՂԱՔ Է»
— Ի՞նչ մեսիջ եք փորձում հղել այս ներկայացման հանդիսատեսին, արդյոք հիմնական ասելիքը «մի՛ դատիր» կանոնին հետեւելն է:
— Մեսիջը «մի՛ դատիր»-ից բացի՝ հետեւյալն է. ներկայացումը մեր ապրած կյանքն է, ու այն մասին, որ մեղքեր չգործենք, հնարավորինս մաքուր ապրենք, որովհետեւ վերջում գալու է դատաստանի ժամը, երբ պետք է պատասխան տանք մեր արածների համար: Հասկանալի է, որ կյանքում ինչ-որ փոքր սխալներ գործում ես, բայց մեծ մեղքեր պետք չէ գործել, որովհետեւ վերջում պատասխան ես տալու դրանց համար:
Թեեւ Լոս Անջելեսը համարվում է հրեշտակների քաղաք, բայց ես մի փոքր կհակադարձեմ՝ սա նաեւ մեղքերի քաղաք է, որտեղ շատ-շատ մեղքեր են գործում մարդիկ՝ գիտակցամաբար, ինչու ոչ, նաեւ չգիտակցված: Այնպես որ, մեր Լոս Անջելեսի հայերին այս ներկայացումը շատ բան կսովորեցնի, որ իրենց կյանքն ապրեն այնպես, որպեսզի հանգիստ խղճով վայելեն վերջում:
— Այս պիեսը բազմիցս բեմադրվել է տարբեր ռեժիսորական մոտեցումներով: Այս առումով կա՞ ներքին լարվածություն՝ լինել նախորդ բեմադրություններից ամենալավը, մրցակցել «40 օր համբառնալուց առաջ» ներկայացման հայաստանյան բեմադրությունների հետ:
— Հետաքրքիր է, որ այս ներկայացումն ինչքան բեմադրվել է՝ սկսած Վանաձորի թատրոնից, Փոսի թատրոնում է բեմադրվել, ուսանողական ներկայացում է եղել, վերջերս նաեւ՝ կոմերցիոն, բոլոր բեմադրություններում հիմնականում կամ դերասանական կազմում, կամ բեմադրիչների շարքում ինձ հարազատ մարդիկ են եղել: Երեւի, դա է եղել այն հանգամանքը, որ միշտ ցանկացել եմ այս գործը ես էլ անեմ: Բացարձակ մրցակցություն չկա, ապացուցելու բան էլ չկա, որովհետեւ նախ մենք այստեղ ենք, իրենք՝ այդտեղ. շատ հեռու ենք: Ընդհակառակը՝ ինձ ոգեշնչել են, որ իրենցով ոգեւորված՝ ես էլ նույն գործն անեմ:
— Հնարավո՞ր է, որ մի օր որոշեք այս ներկայացումը բերել Հայաստան եւ հյուրախաղեր ունենալ Հայրենիքում:
— Մի քիչ ռեալ չեմ համարում, թեեւ թեթեւ խոսակցություններ միշտ պտտվում են, քննարկում ենք, բայց քանի որ դա ահռելի, մասշտաբային ինչ-որ բան է պահանջում, միանգամից չենք շարունակում խոսակցությունը:
Իհարկե, Աստված մեծ է, չես կարող երբեք իմանալ, թե ինչ կլինի վաղը: Հնարավոր է, որովհետեւ դերասաններն էլ կարծում եմ՝ ցանկություն ունեն հետ վերադառնալ Հայաստան, խաղալ Հայրենիքում: Ինչու ոչ, ամեն ինչ էլ հնարավոր է, չեմ բացառում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

