Փաշինյանը ստիպված է երկուսի փոխարեն` «երեք աթոռի վրա խաղալ»
ՄիջազգայինԱյսպիսով, Չինաստանում ավարտվեց մասշտաբային միջոցառումների շարքը, որն անգամ արեւմտյան աղբյուրներն են գնահատում` որպես բազմաբեւեռ աշխարհի հաստատման գործնական հայտ: Թե գլոբալ առումով ինչ կատարվեց, դեռ կհասնենք: Մինչ այդ, փորձենք հասկանալ՝ ի՞նչ տվեց Հայաստանին՝ Չինաստանում Փաշինյան Նիկոլի ներկայությունը, ասենք, նաեւ մեզ համար էական է Ալիեւ-Էրդողան զույգի եւ Իրանի նախագահի մասնակցությունն այդ գործընթացին:
ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞ՒՄ ԸՆԿԵՐՆ Է ՆԻԿՈԼԸ
Վաշինգտոնում Թրամփի հետ ջերմ հանդիպումից հետո Նիկոլի եւ Ալիեւի աշխարհաքաղաքական հակադիր թեւ՝ Չինաստան գնալն արդեն իսկ շատ փորձագետների համար գնահատելու առիթ էր, որ նրանք դեռ վերջնական աշխարհաքաղաքական կողմնորոշում չունենալով, պարզապես փորձում են երկու գլոբալ թեւերի հետ կապերը պահել՝ հնարավոր շրջադարձերին պատրաստ լինելու համար: Միգուցե այս գործոնն էլ կա, սակայն դա, թերեւս, միայն մակերեսային կողմն է: Թեկուզեւ հաշվի առնելով, որ արդեն այս պահին գործ ունենք ոչ թե երկու՝ պայմանականորեն ասած՝ արեւմտյան եւ արեւելյան բեւեռների հետ, այլ, մասնավորապես արեւմտյանը պետք է բաժանել առնվազն երկու մասի՝ թրամփյան եւ գլոբալիստական: Արեւելյան թեւն էլ, չնայած Չինաստանում արձանագրված բոլոր զարգացումներին, ամենեւին էլ միատարր թեւ չէ. այստեղ էլ տարբեր ուժերի միջեւ շահերի բախումներ կարելի է գտնել: Այսինքն, թե´ Նիկոլը եւ թե´ Ալիեւն այս բազմազանության մեջ կողմնորոշվելու խնդիր ունեն, եւ Չինաստան այցելելը երկու գլոբալ թեւերի միջեւ կողմնորոշվելու տարբերակով բացատրելը այնքան էլ տեղին չէ:
Կոնկրետ Փաշինյանի պարագայում, մինչ Արեւմուտք-Արեւելքի մեջ կողմնորոշվելը, կա արեւմտյան հիմնական թեւերի մեջ կողմնորոշվելու խնդիր: Տեւական ժամանակ նա ամենասերտ ձեւով համագործակցել է գլոբալիստական թեւի հետ՝ հիմնականում Մակրոնի առաջնորդությամբ եւ բրիտանացիների վերահսկողությամբ: Ասել, թե այդ կապերը զրոյացել են, միամտություն կլիներ: Թրամփի օրոք էր, որ Նիկոլը պաշտոնապես՝ օրենքի մակարդակով սկսեց դեպի գլոբալիստական Եվրոպա կուրսը: Կամ ամենաթարմ օրինակը. գլոբալիստների հետ ամենասերտ գործակցություն դրսեւորած եւ դրանով շատ թրամփականների աչքի գրողը դարձած՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Մակունցը նշանակվեց Նիկոլի գլխավոր խորհրդական:
Բայց մյուս կողմից էլ Նիկոլը վերջերս ամենեւին էլ ոչ բարի խոսքերով հիշեց Բայդենի կառավարումը՝ առաջ տանելով այն թեզը, թե Թրամփը շատ ավելի լավն է, նրա օրոք Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացել է: Թե ինչից է այդ մտքին եկել, երբ Ալիեւը բացահայտ հայտարարում է, որ Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները ամենեւին էլ էական բան չի համարում, այլ հարց է: Սակայն, երբ Նիկոլը մի կողմից՝ աչքն այդպես էլ գլոբալիստական ուղղությունից չի կտրում կամ չի կարողանում կտրել, մյուս կողմից էլ, Թրամփի հետ միջանցքային հարցեր է առաջ տանում (կան խոսակցություններ, որ այդ հարցի հետ կապված ամերիկյան հերթական պատվիրակությունն է գալիս), ապա դա տանում է այն մտքին, որ նա դեռ շարունակում է արեւմտյան այդ երկու առանցքային թեւերի միջեւ տատանումը: Եվ ասել, թե այդ տատանումների մեջ նա հեշտ լուծման հնարավորություն ունի, ասենք՝ կարող է պարզապես ընտրել թեւերից մեկին եւ նրա հետ գործակցել, այդպես չէ: Գլոբալիստական թեւը, բացի Հայաստանում դեռ ունեցած տարաբնույթ հնարավորություններից, պետք է որ ունենա կոմպրոմատների հաստափոր փաթեթ: Ու մյուս կողմից, Թրամփն է այս պահին տիրապետում այն հիմնական ռեսուրսներին, որոնք Նիկոլի համար այդքան տենչալի է դարձրել արեւմտյան կուրսը: Գումարած, թրամփական թիմը էապես մեծացրել է իր իրական ազդեցությունն ամերիկյան ԿՀՎ-ի վրա, այն է՝ հիշատակված հաստափոր փաթեթից ամերիկյան ներկա վարչակազմն էլ ունի: Այդպիսով, որ կողմ գնաս, մյուս կողմից հարվածը գործնականում անխուսափելի է: Իսկ «երկու աթոռի» վրա խաղալու հնարավորություններն այս դեպքում ռեալ չեն, թեկուզեւ հաշվի առնելով, որ դեռ ամենեւին էլ օրակարգից հանված չէ երրորդ՝ ռուսական աթոռը, իսկ «երեք աթոռի» վրա խաղալ, նման է, որ անգամ այդ ուղղությամբ խիստ մասնագիտացած Ալիեւն ու նրա ուսուցիչը՝ Էրդողանը, չեն կարողանում:
Ի ԴԵՊ
Լիլիթ Մակունցի նշանակումը Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնում որոշակի մտորումների տեղիք է տալիս: Իհարկե, թրամփական թիմի մոտ հարցեր կառաջացնի, թե որքանո՞վ է անկեղծ Նիկոլի «ջերմ սերը» ամերիկյան գործող վարչակազմի հանդեպ: Այսինքն, նման նշանակումը հազիվ թե Փաշինյանի սրտովը լիներ: Մյուս կողմից էլ, քիչ չէին խոսակցությունները, թե Մակունցը ցանկանում է ինչ-որ «անկապ» երկրում նորից դեսպանի պաշտոն ստանալ. աշխարհը փոխվում է, լավ է աչքից հեռու մնալ: Ու երբ հաջորդում է նշանակում, որը պետք է որ երկուսն էլ չցանկանային, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ էր դա իրականում ցանկանում: Ամենատրամաբանական բացատրությունն է, որ գլոբալիստական թեւը չի ցանկանում «այդքան ժամանակ աճեցված կադրին» հանգստի ուղարկել եւ կարգում է Նիկոլի մոտ «հավելյալ վերահսկիչ»: Թերեւս մտածելով, որ եթե Թրամփի ուղղությամբ Փաշինյանի կապերը խորանան, առավել եւս՝ ամրապնդվեն «Թրամփի միջանցքի» տեսքով, ապա դա կփոխի նրա աշխարհաքաղաքական «ճիշտ» կողմնորոշումը:
ԻՆՉ ՏՎԵՑ ՉԻՆԱԿԱՆ ԱՅՑԸ
Ահա այս ֆոնին էլ տեղի ունեցավ Նիկոլի չինական այցը: Թերեւս անգամ նա դեռ մինչեւ ՇՀԿ գնալը պետք է որ պարզ հասկանար, որ դա Արեւմուտքում կարող է սվիններով ընդունվել: Կրկնենք, խոսքն այս անգամ ամենեւին էլ հերթական միջոցառման մասին չէր, այլ մի գործընթացի, որն Արեւմուտքում ընկալվում է առնվազն թշնամական բեւեռի գործարկման միջոցառում, իսկ դրան մասնակցող ամեն մի պետության ղեկավար՝ պոտենցիալ թշնամի: Ու այս դեպքում, համաձայն «երկու աթոռի» սկզբունքի, գնալ եւ մյուս կողմից բացատրել, թե գիտեք, գնացել էի, բայց իրականում ձեզ հետ եմ, հազիվ թե աշխատի. նման իրավիճակում Նիկոլը պետք է երկու կողմին բացատրություն տա՝ թրամփականներին եւ գլոբալիստներին: Այդ թվում, թե ինչու Նիկոլի համար Մոսկվան նորից դարձավ «եղբայրական», իսկ Թայվանը՝ Չինաստանի անբաժանելի մաս:
Ընդ որում, այս վիճակն ավելի բարդ է դառնում, հաշվի առնելով, որ Փաշինյանը (Ալիեւին չմոռանանք) արեւելյաններին՝ ՇՀԿ-ին անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել: Ճիշտ է, այդ հարցն առաջ չգնաց, բայց մեկ է՝ հայտ ներկայացնելու փաստը կա:
Մի կողմից, այս ամենից կարող է տպավորություն առաջանալ, թե Նիկոլն իրոք փորձում է տեղ գտնել արեւելյան բլոկում, եւ այն, որ նրա համար ռուսները նորից դարձան «հին եղբայրներ», իր հերթին է այդ մասին ակնարկում: Ասենք, նման ակնարկ կարող է համարվել նաեւ Չինաստանի հետ կնքված ռազմավարական համագործակցության փաստաթուղթը: Ճիշտ է, բավականին անողնաշար, մոտավորապես այնպիսին, ինչպիսին կնքել էին Բայդենի օրոք ԱՄՆ-ի հետ: Բայց մեկ է, էլի որոշակի ազդանշան է:
Միայն թե, եթե անգամ ընդունենք, որ Նիկոլն այդպիսով սկսում է դիրքավորվել արեւելյան դաշտում, էլի որեւէ ռեալ հեռանկար այդ ամենից տեսանելի չէ: Նախ, փորձագետները ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիեւի հայտերը ՇՀԿ-ի հետ կապված գնահատեցին` որպես «տրոյական ձիու» քայլ: Այն է՝ Արեւմուտքն է նրանց ներդնում ինչ-ինչ նպատակներով: Սա, իհարկե, թույլ բացատրություն է: Բայց մեկ է, փաստն այն է, որ մերժվեց ինչպես Փաշինյանը, այնպես էլ՝ Ալիեւը: Ընդ որում`ասել, թե Ռուսաստանը կամ Չինաստանը կուլիսներում չկարողացան ապահովել, որ Հնդկաստանն ու Պակիստանը վետոներ չկիրառեն, միամտություն կլինի: Արդյունքում, այն տպավորությունն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ՇՀԿ գնալու հարցը դրվեց պաուզայի ռեժիմի վրա, եւ մինչ այդ նրանցից այլ ակնկալիքներ կան: Մասնավորապես՝ իրո՞ք «Թրամփի միջանցք» եք բացում, բա այստեղ ի՞նչ եք կորցրել տրամաբանության մեջ: Ընդ որում այն, որ Հայաստանի նկատմամբ վետո կիրառվեց այն բանից հետո, երբ Նիկոլն արդեն քննարկումներ էր ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Սիի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր էր ստորագրել, ու երկուսն էլ չկանխեցին Պակիստանի վետոն, հուշում է, որ այդ ամենով հանդերձ, անգամ որեւէ վստահություն չկա: Ու դա էլ կարելի է հասկանալ. երբ ՇՀԿ-ի գագաթաժողովում հռչակվում է նոր բազմաբեւեռ աշխարհ, իսկ Նիկոլը խոսում է «Թրամփի միջանցքից»՝ փորձելով համոզել, թե դա բոլորի համար շահավետ է, էլ ո՞վ նրա հանդեպ վստահություն կունենա:
Արդյունքում, կրկնենք, միացվեց «պաուզայի ռեժիմ»: Այսինքն, Նիկոլը պետք է ապացուցի, թե որ դիրքում է գտնվում: Եթե արեւելյան, ապա նախ՝ Մոսկվայի հետ դեռ բազում չլուծված հարցեր կան: Եթե արեւմտյան, էլի իր որոշելիքն է, բայց նաեւ հաշվի առնելով, որ նրան հենց այդպես էլ կընկալեն՝ հետեւանքներով հանդերձ: Մնացածը Նիկոլի որոշելիքն է:
Տես նաեւ https://t.me/iravunk/57350

