2026-ի ընտրություններին հիմնականում երեք «գնացք» է շարժվելու. Արմեն Բադալյան
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻհետ՝անդրադառնալովներքաղաքականվերջինզարգացումներին։
— Պարոն Բադալյան, այլեւս ակնհայտ է, որ 2026 թվականի ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առանձին, գործարար Սամվել Կարապետյանի շարժումն առանձին են մասնակցելու: Ըստ Ձեզ` ի՞նչ արդյունք կարող են նրանք ակնկալել՝ կրկին չձեւավորելով միասնական ընդդիմադիր ճակատ, ինչպես եղավ 2021 թվականի ընտրություններին:
— Իհարկե, եթե 2026 թվականի ընտրությունները դիտարկենք, դասական տրամաբանությունից ելնելով, ապա կարող ենք ասել, որ դրանք շատ հեռու չեն՝ մոտ տասը ամիս է մնացել։ Բայց եթե եվրոպական երկիր լինեինք, միգուցե քննարկեինք այդ հարցը, այսինքն՝ ինքնիշխան երկիր լինեինք, այլ ոչ թե պարզապես ընդօրինակեինք եվրոպական օրինակը։
Ինքնիշխան պետություն լինելը կարեւոր է՝ անկախ նրանից, դա կլինի Ասիայում, հյուսիսում, հարավում, թե որեւէ այլ վայրում, որտեղ հասարակության ձայնը իրական ազդեցություն ունի իշխանությունների ձեւավորման գործընթացի վրա։ Այդ դեպքում այս հարցն արժեր քննարկել հենց այդ տեսանկյունից։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն են թողնում արտաքին քաղաքական զարգացումները, այս պահի դրությամբ նպատակահարմար չէ հստակ խոսել 2026 թվականի ընտրությունների մասին։ Իհարկե, զուտ տեսականորեն պետք է հաշվի առնենք, որ որեւէ արտաքին միջամտություն տեղի չի ունենա, սակայնսամիայնտեսականմոտեցումէ։
Այո, Ձեր ասածը ճիշտ է՝ 2026 թվականի ընտրություններին հիմնականում երեք «գնացք» է շարժվելու՝ այսպես ասած։ Այսինքն՝ իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկրորդ նախագահի կողմնակիցները՝ հենց նրա աջակիցներով, եւ երրորդը՝ Սամվել Կարապետյանի կողմնակիցները։ Այս երեքը կլինեն հիմնական քաղաքական շարքերը։
Բացի այդ, կլինեն նաեւ մի շարք ավելի թույլ ռեսուրսներ ունեցող ուժեր, որոնց թիվը դժվար է կանխատեսել, քանի որ Հայաստանում անհատապաշտությունը շատ զարգացած է։ Դա նույնիսկ անհատականություն չէ, այլ հենց անհատապաշտություն, երբ յուրաքանչյուրին թվում է, թե ինքն է ամենատաղանդավոր քաղաքական գործիչը, եւ առանց իրեն, անգամ Ազգային ժողովը չի կարող գործել։
Հենց այս պատճառով էլ շատ հաճախ առաջանում են տարբեր տեսակի քաղաքական ուժեր, որոնք, ճիշտ է, խորհրդարան չեն անցնում, բայց որոշակի քանակով ձայներ տանում են։ Այսինքն՝ կլինեն երեք հիմնական քաղաքական բեւեռներ, որոնց կից՝ եւս մի քանի խմբեր։
Իսկ թե այդ խմբերն ինչքան կլինեն՝ դժվար է ասել։ Դրանք կարող են լինել 15 կամ 20, եւ դժվար է կանխել դրանց առաջացումը, քանի որ քաղաքական գործընթացների մեջ հաճախ ներգրավվում են նաեւ հատուկ ուժեր, որոնք նպատակ ունեն կոնկրետ քաղաքական ուժերից ձայներ տանել՝ երբեմն նաեւ ֆինանսական շահագրգռվածության հիմքով։ Այս ամենն ուղղորդված է։
Այսպիսով, երեք հիմնական ուժերն են նշածս եւ նրանց գումարած՝ անորոշ ու անհայտ թվով այլ խմբեր։ Սա, սակայն, ասում եմ զուտ տեսականորեն, որովհետեւ եթե հանկարծ փոխվի վարչապետը, ամբողջ քաղաքական համայնապատկերն ու գործընթացները կփոխվեն։ Այդ դեպքում ՔՊ-ում նույնպես իրավիճակ կփոխվի, եւ քաղաքական դաշտն ամբողջությամբ նոր տեսք կստանա։
Դրա համար այս պահի դրությամբ ես կխուսափեի կոնկրետ գնահատական տալուց։ Տեսականորեն այս պատկերը կարող է լինել, բայց կրկնում եմ՝ սա միայն տեսական մոտեցում է։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

