Եթե չլիներ ռուսական գործոնը, Թուրքիան առանց որեւէ խոչընդոտի կդառնար Կովկասի գլխավոր խաղացողը. Չաքրյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:
«ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Է ԶՍՊՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
— Պարոն Չաքրյան, հաճախ է խոսվում, այսպես կոչված, «միջանցքների» մասին։ Որքանո՞վ են դրանք վտանգավոր Հայաստանի համար։
— Երբ խոսում ենք միջանցքների կամ տարածքային զիջումների մասին, պետք է հասկանալ, որ սա պարզապես տեխնիկական հարց չէ։ Շատերն այսօր փորձում են այն ներկայացնել այնպես, կարծես, խոսքը միայն ճանապարհաշինության կամ տրանսպորտային հաղորդակցության բացման մասին է։ Բայց իրականում այդ հասկացությունն ունի խորքային ռազմաքաղաքական նշանակություն։ Եթե պետությունը համաձայնում է միջանցք տրամադրել, դա ինքնաբերաբար ենթադրում է, որ նա զիջում է իր տարածքային վերահսկողության մի մասը։ Այսինքն` հարցը միայն քարտեզի վրա գծված գիծը չէ, այլ՝ ինքնիշխանության կարեւոր տարր։
Տրամաբանությունն ամենուր նույնն է. եթե ինչ-որ բան ես տալիս, բնական է, որ դրա դիմաց պետք է ինչ-որ բան ստանաս։ Եթե դու համաձայնում ես ճանապարհ տալ, ապա դրա դիմաց պետք է ստանաս անվտանգության երաշխիքներ, տնտեսական կամ քաղաքական շահ։ Ցավոք, Հայաստանի դեպքում երբեմն այս տրամաբանությունը չի պահպանվում։ Քանի որ երկիրը փոքր է, արտաքին ճնշումները՝ մեծ, եւ մենք ստիպված ենք լինում գնալ զիջումների՝ առանց հստակ փոխհատուցման։ Սա է հիմնական վտանգը։
Եթե այսօր որեւէ միջանցք բացվում է՝ օրինակ, Սյունիքի տարածքով, ապա դա նշանակում է, որ տասնամյակների ընթացքում այդ տարածքը դառնում է ոչ միայն տրանսպորտային ճանապարհ, այլ նաեւ արտաքին ազդեցությունների մուտքի դարպաս։ Տնտեսական, քաղաքական ներթափանցումները շատ արագ փոխում են տարածաշրջանի դիմագիծը։ Այդ պատճառով այս հարցը չի կարելի դիտարկել կարճաժամկետ շահերի տեսանկյունից։ Այն առնչվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի կայունությանը։
Ճանապարհների հարցը մեզ համար երբեք չի եղել միայն հաղորդակցության խնդիր։ Այն եղել է նաեւ գոյության եւ անվտանգության խնդիր։ Ուստի՝ այսպես կոչված, միջանցքների վտանգը հենց այն է, որ դրանք կարող են աստիճանաբար թուլացնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Միջանցք տրամադրելով՝ պետությունը կորցնում է վերահսկողության իրավական ու գործնական լծակները։ Եվ եթե չունես վերահսկողություն, ապա վաղ թե ուշ այդ տարածքը դառնում է այլ ուժերի ազդեցության գոտի։
Հենց այս պատճառով պետք է շատ զգույշ լինել։ Ճանապարհների բացումը կարող է ունենալ նաեւ դրական կողմեր, բայց միայն այն դեպքում, երբ դրանք արվում են փոխշահավետ հիմունքներով։ Իսկ երբ խոսքը միակողմանի զիջումների մասին է, դակարողէդառնալՀայաստանիպետականությանհամարվտանգավորգործընթացիսկիզբ։
— Իրանի հայտարարությունները հաճախ ընկալվում են որպես հավասարակշռություն պահպանելու փորձ։ Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի դերի մասին։
— Իրանի հայտարարությունները վերջին տարիներին իսկապես շատ կարեւոր են։ Իրանը միշտ ընդգծել է, որ տարածաշրջանում նոր լարվածության, առավել եւս՝ սահմանների փոփոխության դեմ է։ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը կենսական նշանակություն ունի։ Դա պայմանավորված է ոչ միայն բարիդրացիական հարաբերություններով, այլեւ Իրանի ազգային անվտանգության ռազմավարությամբ։ Եթե Հայաստանը թուլանա կամ մասնատվի, դա անմիջապես կազդի Իրանի հյուսիսային սահմանների վրա։
Պետք չէ մոռանալ նաեւ պատմական համատեքստը։ Ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում սկիզբ է առել դեռեւս 19-րդ դարի սկզբից։ Տասնամյակների ընթացքում այն ձեւավորել է որոշակի «խաղի կանոններ», որոնց շնորհիվ տարածաշրջանը չի վերածվել անընդհատ պատերազմի դաշտի։
Ռուսաստանը տեսնում է Կովկասը որպես իր ազդեցության գոտի։ Սա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Սակայն, պետք է հասկանանք, որ հենց այդ ազդեցության շնորհիվ է հնարավոր եղել զսպել Թուրքիայի հավակնությունները։ Եթե չլիներ ռուսական գործոնը, Թուրքիան այսօր առանց որեւէ խոչընդոտի կդառնար Կովկասի գլխավոր խաղացողը։ Իսկ դա կդառնար մահացու հարված Հայաստանի ինքնիշխանության համար։
«ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ԳՈՐԾԻՔ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
— Իսկ ոմանք ինքնիշխանության պահպանման անվան տակ՝ փորձում են չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Արդյո՞ք դա չի վնասում Հայաստանին։
— Ռուսաստանի ներկայությունը Կովկասում առաջին հերթին ուղղված է նրան, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չկարողանան անսահմանափակ ընդլայնել իրենց ազդեցությունը։ Հասկանալի է, որ Մոսկվան ունի սեփական աշխարհաքաղաքական նպատակները։ Բայց պետք է իրատես լինել. Հայաստանը չունի այն ռեսուրսները, որ միայնակ դիմակայեր տարածաշրջանային ճնշումներին։
Իհարկե, այստեղ պետք է խելացի դիվանագիտություն։ Հայաստանը պետք է կարողանա այնպես կառուցել հարաբերությունները, որ չդառնա բացառապես մեկ կենտրոնից կախված։
— Իսկ ինչպե՞ս եք գնահատում Արեւմուտքի եւ Թուրքիայի դերակատարությունը։
— Արեւմուտքի եւ Թուրքիայի դերը Հարավային Կովկասում պետք է դիտարկել միասնական փաթեթի մեջ։ Կովկասը նրանց համար ռազմավարական նշանակության տարածք է, որը կապում է Կասպից ծովի էներգառեսուրսները Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի շուկաների հետ։ Այս առումով Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն արժեք, այլ որպես տարածք, որտեղ կարելի է հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը։
Թուրքիան, իր հերթին, միշտ էլ ձգտել է ընդլայնել վերահսկողությունը Կովկասում։ Սա չի սկսվել այսօր։ Դեռեւս Օսմանյան կայսրության ժամանակներից Թուրքիան փորձում էր հասնել Կենտրոնական Ասիա՝ անցնելով Կովկասով։ Ներկայում այդ քաղաքականությունը ստացել է «թուրանականության» կամ «մեծ Թուրանի» գաղափարի տեսք։ Թուրքիան փորձում է ստեղծել միասնական քաղաքական եւ տնտեսական տարածք՝ Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ։
44-օրյա պատերազմը դրա լավագույն ապացույցն էր։ Թուրքիան ոչ միայն քաղաքական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, այլեւ ուղիղ ռազմական մասնակցություն ունեցավ։ Ավելին, տարբեր աղբյուրներ հաստատեցին, որ Թուրքիան Սիրիայից եւ այլ երկրներից վարձկաններ բերեց Կովկաս։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիայի նպատակը խաղաղություն հաստատելը չէ։ Նրա նպատակը տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնումն է։
Արեւմուտքի եւ Թուրքիայի համագործակցությունը հաճախ համընկնում է։ Արեւմուտքը շահագրգռված է Ռուսաստանին դուրս մղելու հարցում, իսկ Թուրքիան՝ իր ազդեցության ընդլայնմամբ։ Այսպիսով, նրանց շահերը որոշակի կետերում համընկնում են։ Բայց այստեղ Հայաստանը հայտնվում է շատ վտանգավոր իրավիճակում։ Քանի որ Արեւմուտքի համար մենք հիմնականում գործիք ենք Ռուսաստանի դեմ պայքարում, իսկ Թուրքիայի համար՝ ընդամենը խոչընդոտ դեպի Կենտրոնական Ասիա։
— Կա կարծիք, որ Ռուսաստանը չկարողացավ լիարժեք իրականացնել իր ծրագրերը, օրինակ՝ Զանգեզուրում։ Ձեր տեսակետը ո՞րն է։
— Այո՛, շատ է խոսվել այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում էր Սյունիքում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքում, ավելի մեծ ռազմական ներկայություն հաստատել։ Զանգեզուրը սոսկ միջանցք չէ. տարածաշրջանային ռազմավարական միջանցք է:
Որոշ փորձագետներ նույնիսկ համոզված էին, որ Մոսկվան մտադիր է այնտեղ ստեղծել մշտական ռազմաբազա։ Սակայն, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը միշտ գործում է իրավիճակային հաշվարկներով։
Սյունիքը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Այն կապում է երկիրը Իրանի հետ, իսկ, միեւնույն ժամանակ, բաժանում է Ադրբեջանը Նախիջեւանից։ Սա այն կետն է, որտեղ հատվում են բոլոր տարածաշրջանային շահերը։ Ռուսաստանը, բնականաբար, չէր կարող անտարբեր անցնել։
Բայց պետք է նկատել, որ մեծ քաղաքականությունը միշտ չէ, որ համընկնում է նախնական պլանների հետ։ Շատ բան կախված է իրավիճակից։ Այսօր Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի ճգնաժամի վրա, եւ դրա պատճառով նրա հնարավորությունները սահմանափակվել են։ Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվել է Կովկասից։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

