Ինչ է կուլիսներում ասել Սերգեյ Լազարեւը Սուրեն Պողոսյանին եւ ինչու էր լալիս Լոլիտան
Մշակութային«Նոր ալիք 2025» միջազգային երաժշտական մրցույթում, որն այս տարի կայացել է Կազանում, Հայաստանը ներկայացրեց ՍՈՒՐԵՆ ՊՈՂՈՂՈՍՅԱՆԸ: Նա իր տպավորություններով կիսվել է «Իրավունք»-ի հետ:
— Կպատմեք՝ ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը դեպի «Նոր ալիք 2025»։ Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել եւ արդյո՞ք Ձեր սպասումներն արդարացան։
— Ես առհասարակ ինձ համարում եմ մրցութային մարդ: Սիրում եմ մրցակցության մեջ լինել, զգալ այդ ադրենալինը, տեսնել, սովորել, աճել հենց մրցակցության մեջ: Մանկուց դիտում եմ «Նոր ալիքը» ու միշտ պատկերացրել եմ ինձ այդ բեմում: Հետեւաբար, հենց հասկացա, որ հայտերի ընդունումը բաց է, որոշեցի, որ ճիշտ ժամանակն է փորձելու: Սպասումներս բավականին արդարացված են: Իհարկե, մասամբ (արդյունքները, բնականաբար, սրտովս չեն եւ համաձայն չեմ), բայց ահռելի փորձ էր ու պրոֆեսիոնալիզմի աճ:
— «Եվրատեսիլի» բեմում հայտնվելը շարունակո՞ւմ է մնալ Ձեր նպատակների շարքում՝ նախկինում լինելով «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից:
— Այո, 2018 թվականին Եվրատեսիլի ազգային ընտրության լավագույն 20-յակում էի իմ «The Voice» երգով: Դա առաջին ազդակն էր, որ իմ երազանքները, նպատակները անիրագործելի չեն: Եվ այսօր էլ, այո, ես մեծ ցանկություն ունեմ լինելու «Եվրատեսիլի» բեմում ու վստահ եմ, որ մի օր դա կլինի:
— «Նոր ալիքի» ընթացքում ներկայացաք երեք տարբեր ստեղծագործությամբ։ Ո՞ր երգով առավել հաջողվեց գրավել օտարերկրյա հանդիսատեսի սրտերը:
— «Նոր ալիքի» իմ 3 երգերն էլ բավականին սիրելի են ինձ համար, իհարկե, առաջին մրցութային օրվա Ալեքսեյ Չումակովի երգի փոխարեն՝ կցանկանայի երգել այլ երգ, որոնց տարբերակներն ունեի: Սակայն, մրցույթն ունի հստակ ֆորմատ եւ պահանջներ, ըստ որոնց էլ ընտրվեց այս երգը: Իսկ 3 երգերից կառանձնացնեմ «Ընկեր իմ» երգը, որն ինձ համար էլ առանձնահատուկ տեղ ունի եւ բավականին լավ աշխատեց ու սիրվեց հանդիսատեսի ու ժյուրիի անդամների կողմից:
— Ինչպե՞ս արձագանքեց Ռուսաստանում հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը՝ լսելով Ձեր կատարմամբ իր երգը:
— Չումակովը բավականին լավ արձագանքեց: Բացի բեմում հնչած խոսքերից՝ նաեւ հետո երեկույթի ժամանակ խոսեցինք: Նույնիսկ կատակեց` «Մարդ չպետք է ուրիշի երգն իր դիմաց այդքան գեղեցիկ երգի»:
— Ելույթների ընթացքում փոխվում էր նաեւ Ձեր կերպարը՝ հագուստ, աքսեսուարներ։ Ո՞վ էր պատասխանատու բեմական լուքի համար։
— Կերպարների վրա շատ էինք աշխատել: Կարմիր գորգի բացման արարողության ու 3-րդ մրցութային օրվա հագուստներս հայ դիզայներ Ոսկանի հետ համատեղ աշխատանքի արդյունք էր: Իսկ 1-ին, 2-րդ մրցութային օրերի կերպարներիս հեղինակն էր ռուս ֆանտաստիկ դիզայներ Իգոր Գուլյայեւը: Նաեւ օգտագործել եմ հատուկ «Նոր ալիք»-ի իմ ելույթների համար պատրաստված հայկական արտադրության արծաթյա զարդեր:
— Ի՞նչն էր ամենադժվարը մրցութային օրերին՝ երկար փորձե՞րը, հոգնածությո՞ւնը, թե՞ հուզմունքը՝ բեմից առաջ։
— Փորձերը շատ բարդ էին: Մոտ մեկ ամիս ամեն օր առավոտյան ժամը 9-ից ուշ երեկոյան ժամը 23:00-ը: Հետո սկսվեցին բեմական փորձերը ու անհաշվելի քանակությամբ հարցազրույցներ, նկարահանումներ: Ընդհանուր պրոցեսը բավականին բարդ ու ծանր էր, բայց շատ հաճելի ու երանելի օրեր էին:
— Մրցույթի շրջանակում հասցրեցի՞ք շփումներ հաստատել այլ երկրների ներկայացուցիչների, աստղային ժյուրիի անդամների հետ։ Ովքե՞ր էին ամենաշատը տպավորել Ձեզ։
— Շփվել եմ բոլորի հետ, ովքեր մասնակից էին «Նոր ալիք»-ին: Մրցակից երկրների մասնակիցները բավականին լավն էին, պրոֆեսիոնալ ու հետաքրքիր մարդիկ էին: Իսկ աստղերից պատիվ եմ ունեցել զրուցել Լոլիտայի, Ալեքսեյ Չումակովի, Սերգեյ Լազարեւի, Լեռա Կուդրյավցեւայի, Աննա Աստիի, Լյուսյա Չեբոտինայի, Իգոր Կռուտոյի եւ շատերի հետ: Հիացած եմ բոլորով, մասնավորապես՝ Լոլիտայով:
— Իսկ ի՞նչ կասեք Սերգեյ Լազարեւի մասին, ում հետ նաեւ լուսանկարվել եք:
— Լազարեւը վաղուց իմ ամենասիրելի արտիստներից մեկն է ու շատ հաճելի էր այն, որ ինքն անձամբ ինձ մոտեցավ եւ սկսեց խոսել հետս ելույթներիս մասին: Նրա խոսքերով՝ «Ընկեր իմ» երգս հիանալի երգ է եւ շատ ազդեցիկ: Պատիվ ունեցա մի շարք հիացմունքի խոսքեր լսել իմ հասցեին նրանից:
— Ինչպե՞ս կգնահատեք ժյուրիի արձագանքները Ձեր ելույթների վերաբերյալ։ Ընդհանրապես՝ մրցույթում արդար գնահատականներ ստացա՞ն մասնակիցները, թե՞ որոշները թերագնահատվեցին։
— Գնահատականները նմանօրինակ մասշտաբային մրցույթներում շատ երկրորդական են: Այստեղ աշխատում են բացի լավ երգելուց՝ նաեւ շատ այլ ֆակտորներ, որոնք շատ դեպքերում հանդիսատեսը չի էլ իմանա: Գնահատականների հետ, իհարկե, համաձայն չեմ, բայց ինձ համար շատ ավելի արժեքավոր էր այն, որ այդ գնահատական տվող ժյուրիի անդամը կարող է համերգից հետո մոտենալ, ներողություն խնդրել ու գովեստի խոսքեր ասել:
— Բոլոր մեծ բեմերում էլ լինում են կուլիսային զվարճալի ու երբեմն անսպասելի իրավիճակներ։ Կա՞ որեւէ դրվագ, որը մինչ այժմ ժպիտ է առաջացնում։
— Զվարճալի ու հիշվող դեպքերը շատ են: Որպես այդպիսին՝ կառանձնացնեմ ավելի էպիկ մի պահ ինձ համար, որը միշտ կմնա մտքումս: Լոլիտան իր ելույթից հետո՝ դուրս եկավ լաց լինելով, որ ճիշտ չի երգել՝ այն դեպքում, երբ ամբողջ դահլիճը 15 րոպե հոտնկայս ծափահարում էր նրան: Ֆենոմենալ արտիստ է:
— Սուրեն, թեեւ այս անգամ մրցանակ չբերեցիք, սակայն մրցույթը շատ լավ հարթակ էր նոր ծանոթությունների համար։ Ի՞նչ նոր ծրագրերով եք վերադարձել եւ ինչ սպասենք առաջիկայում՝ տեսահոլովակ, երգի պրեմիերա, գուցե համագործակցություն արտասահմանյան երգահանների հետ, թե՞ նորություններ կլինեն ոչ թե երգիչ, այլ դերասան Սուրեն Պողոսյանից:
— Միանշանակ նոր երգեր կլինեն: Շուտով բոլոր հարթակներում հասանելի կլինեն 2 նոր երգերս` «Ընկեր իմ» եւ «Bang bang», որոնք հնչեցին «Նոր ալիք»-ում: Արդեն աշխատում ենք նաեւ նոր երգերի վրա: Պլանավորում ենք տեսահոլովակներ: Որպես դերասան՝ նույնպես նորություններ կլինեն շուտով:
— Հայաստանը նախորդ տարի հենց այս մրցույթում հաղթանակ տարավ։ Այս տարի Ձեր մասնակցությունն ինչպե՞ս ընկալվեց։
— Շատ սովորական ու նորմալ: Կկրկնվեմ, այս տեսակի մրցույթները շատ ավելի հնարավորություններ ստեղծելու ու եղած պահը հետագայում ճիշտ օգտագործելու մասին է:
— Ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդներին, ովքեր երազում են մեծ բեմի մասին։ Ի՞նչ է անհրաժեշտ «Նոր ալիքի» ժյուրիի հատուկ ուշադրությանն արժանանալու համար:
— Խորհուրդներ տալ չեմ սիրում: Յուրաքանչյուր մարդ պետք է վարվի այնպես, որ հետո ինքը տեր լինի իր անցած ճանապարհին: Միայն կասեմ, որ այս կյանքում յուրաքանչյուր բան, որը կարող ենք երազել` հնարավոր է: Միշտ պետք է աշխատել ու գնալ երազանքների հետեւից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

