Մարկը միշտ ասում էր՝ երջանիկ պետք է լինել՝ լուռ. Նունե Միքայելյան. տեսանյութ
Մշակութային«Նուն, լույսը չանջատես…»
Նմանակելը, կատակելը, բոլորի ուշադրության կենտրոնում լինելը հատուկ էին նրան: Կենսուրախ էր, կյանքով լի, վայելում էր ամեն մի վայրկյանն ու մանրուքը, կարծես, շտապում էր ապրել: Դերասան, շոումեն եւ հաղորդավար Մարկ Սաղաթելյանը սեպտեմբերի 1-ին կդառնար 54 տարեկան: Նրա հումորն ինտելեկտուալ էր, խորիմաստ։ Նա շրջապատը վարակում էր ուրախությամբ եւ սիրով։ Բժշկական ինստիտուտի ուսանող էր, երբ հայտնվեց Ուրախների ու հնարամիտների ակումբում։ Բժիշկ դառնալու երազանքը շատ արագ փոխարինվեց եւ սկսեց բուժել հումորով, որը բերեց մեծ ճանաչում ու սեր հասարակության կողմից։ Թիմային էր, լավ ամուսին եւ հայր: Այս ամենի մասին «Իրավունք»-ը զրուցեց Մարկի այրիի՝ ՆՈՒՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ:
«ՄԵՐ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎԵՐՆԱԳԻՐՆ ՈՒՆԻ, ՈՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՄԱՐԿՆ ԷՐ»
— Պատմեք սկզբից, թե ինչպես ծանոթացաք Մարկի հետ:
— Մենք սովորում էինք նույն դպրոցում՝ Մռավյանի անվան համար 25 դպրոցում: Մարկը բացարձակ գերազանցիկ էր: Հաճախ էինք հանդիպում, տեսնում էի նրան, սակայն առանձնապես շփում չենք ունեցել, պարզապես իրար տեսնելուց հայացքներ էինք փոխանակում: Նաեւ շատ էր մասնակցում դպրոցում կայանալիք տարբեր միջոցառումներին եւ այդտեղ էլ էր առանձնանում իր բացարձակ տաղանդով, սուր մտքով:
Դպրոցն ավարտելուց հետո, ես մեկնեցի Մերձբալթիկա եւ կորցրեցի դպրոցական ընկերներիս հետ իմ բոլոր կապերը, քանի որ 90-ականներն էր եւ դեռ չկար այն կապի բոլոր հնարավոր միջոցները, որոնք հասու են այսօր: Այնտեղից, իհարկե, հետեւում էի իրադարձություններին եւ տեսնում, թե ինչպես է Մարկը դարձել «ԵրՄի»-ի թիմի ամենասիրելի անդամներից մեկը: Պիտի ասեմ, որ ես էլ էի շատ սիրում իր կերպարը, իր նմանակումները, եւ այն ամենն, ինչ անում էր թիմում: Որոշ ժամանակ անց վերադառնում եմ Հայաստան եւ մի օր մեքենաս խափանվում է Բաղրամյան փողոցի վրա: Միացնում եմ վթարային թարթիչները եւ անճարի նման իջնում մեքենայից: Կանգնում է «Նիվա» մակնիշի մեքենա, եւ միջից Մարկն է իջնում: Բնականաբար, ես իրեն ճանաչում եմ, սակայն ոչինչ չեմ ասում՝ հասկանալու համար, ինքն ինձ հիշելո՞վ է կանգնել, թե՞ պարզապես: Պարզվեց, որ մոտեցել է հենց ծանոթության նպատակով: Եվ ինքն այդ ողջ ընթացքում սպասում է, որ ես զարմացած ասեմ. «Վայ Մարկ, դուք ե՞ք, ճանաչեցի», սակայն ես ոչինի չեմ ասում: Եվ այդ ընթացքում ինձ հարցնում է. «Դու ինձ չես ճանաչո՞ւմ», ասում եմ՝ ոչ: Հետո հարցնում է. «Դու հեռուստացույց էլ չես նայո՞ւմ», ես էլ մտնում եմ խաղի մեջ եւ պատասխանում, որ ընդհանրապես հեռուստացույց չեմ նայում: «Իսկ ՈՒՀԱ էլ չես նայե՞լ», - հարցնում է Մարկը: Ասացի, «Մարկ, իսկ այլ հիշելու բան չունե՞ս դու իմ հետ կապված»: Այդ պահին Մարկը լարվեց ու մտածում է, թե ինչ եմ արել, որ այս աղջիկը ցանկանում է հիշեցնի: Շարունակեցի. «Մարկ, մենք նույն դպրոցում ենք սովորել, եւ ես այն աղջիկն եմ»:
Այդպես սկսվեց մեր սիրո պատմությունը: Մենք սկսեցինք հաճախ խոսել, զանգել իրար, հանդիպել: Ես իրենց հետ շատ հաճախ մասնակցում էի միջոցառումների, ճանապարհորդում էինք եւ այլն: Ամեն բան այնքան խորացավ, որ որոշեցինք ընտանիք կազմել:
— Ինչպե՞ս եղավ ամուսնության առաջարկը եւ որտե՞ղ:
— Ամուսնության առաջարկը եղավ շատ գեղեցիկ: Ինքը ցանկանում էր, որ ես պարտադիր հարսի շորով եկեղեցի մտնեի իր հետ: Ու հաշվի առնենք այն, որ 10 տարի համատեղ ապրում էինք: 10 տարուց հետո հարսի շո՞ր: Համոզում էի, որ կարող ենք գնալ մտերիմների հետ եկեղեցի եւ վերջ: Ասաց՝ չէ՛, ինքը լուրջ հարսանիք է ուզում եւ նույնիսկ ցանկանում է ինձ տանել ծնողներիս տանից: Իհարկե, ծնողներիս տանից չտարավ, բայց հարսի շորով գեղեցիկ հարսանիք արեցինք: Հարսի շորը եկեղեցու արարողությունից հետո անմիջապես հանեցի, սակայն եղավ գեղեցիկ հարսանիք: Մեր երկուսի ապրած ամեն մի օրը մի ողջ կյանք է եղել: Մեր սիրո պատմությունն իր վերնագիրն ունի, որի հեղինակը Մարկն էր: Ես մտածում էի, որ սերը միայն գրքերում է լինում, բայց հասկացա, որ պետք է սիրել սովորել, որը փոխադարձ զգացմունքի է վերածվում: Հոգով, սրտով սիրելը, դա մի շատ նուրբ գույներով, գեղեցիկ զգացմունք է: Իմ եւ Մարկի սիրո մեղեդին չեմ կարող նվագել, դա իմ հոգում ապրող մեղեդին է, որը վաղուց թաքնված է իմ հոգում, սակայն մշտապես իմ համար շշուկով նվագում եւ երգում է, որը միայն ես կարող եմ լսել: Մի բան գիտեմ հստակ՝ սերը մահ չունի: Մարկը միշտ ասում էր՝ երջանիկ պետք է լինել՝ լուռ:
«ՔԱՅԼԵՑ ՈՒ ԱՐՏԱՍՎԵՑ… ՄԱՐԿԸ ԶԳՈՒՄ ԷՐ, ՈՐ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԲԵՄԻՆ»
— Լավ ճանաչելով Մարկին՝ կասեմ, որ շատ ընկերասեր, թիմային մարդ էր: Այդ ամենը չէ՞ր խանգարում, որ ավելի շատ ժամանակ անցկացներ ընտանիքի հետ:
— Չէ, չէր խանգարում, քանի որ մենք գրեթե միշտ միասին ենք եղել՝ միջոցառումներին, հավաքույթներին՝ ամենուր: Իսկապես, ավելի շատ չի խանգարել: Ես գնահատել եմ իր տաղանդը, իր սիրված տեսակը եւ ընդունել եմ հանրային կերպարը: Դա եղել է իմ ընտրությունը, ու ես սիրել եմ իրեն ամեն կերպ:
— Իսկ հոգին ինչպիսի՞ն էր, գիտեմ, որ զգայուն էր…
— Շատ զգայուն էր, շատ խոցելի: Կարող էր մի փոքր բանից նեղվել, մտահոգվել, անհանգստանալ: Մշտապես կպայքարեր արդարության, ազնվության համար: Չէր համակերպվում անարդարության հետ: Որտեղ լիներ Մարկը, այնտեղ դառնում էր մեծ խնջույք, ուրախություն, հումոր: Սիրում էր քնել ու եթե իրեն ասեին՝ Մարկ, ժամը 11-ին ինչ-որ գործ կա, կբարկանար, կասեր՝ ինձ այդ ժամին քնից չհանեք, ես արթնանում եմ 12:30:
— Հիշում եմ, երբ բեմում խաղում էին «Նոր Հայերը», ինքը հուզվել էր: Շատ էմոցիոնալ էր…
— Այո, շատ ճիշտ եք հիշում: ՈՒՀԱ-ն նշում էր իր տոնը, որքանով հիշում եմ, կլոր տարեդարձ էր: Ես այդ ժամանակ Մոսկվայում էի եւ այնտեղից տեսա այդ կադրերը: Իմ տղայի հետ էր, եւ նա պատմեց, որ կուլիսներում Մարկը շատ հուզվել էր: Դա նաեւ նկատել էր հանդիսատեսը: Ինձ շատերն էին գրում, թե ինչու է Մարկն արտասվում: Եվ երբ այս դեպքը պատահեց, շատ բաներ պարզ դարձավ: Ինքը զգում էր, որ հրաժեշտ է տալիս բեմին:
«ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ԳԻՇԵՐ ՉԹՈՂԵՑ ԼՈՒՅՍԸ ԱՆՋԱՏԵՄ…»
— Եթե չեմ սխալվում, դա նրա մահից 3 ամիս առաջ էր…
— Այո, դա մայիս ամիսն էր, ինքը մահացավ՝ օգոստոսին: Վթարը եղավ 2010 թվականին, որից հետո մենք գնացինք Գերմանիա: Կատարվեց բոլոր հնարավոր հետազոտությունները: Վթարից հետո իրեն 3 անգամ վիրահատեցին, որ նորից քայլի, դուրս գա բեմ եւ լիարժեք՝ իրեն բնորոշ կյանքով ապրի: Քանի որ այդ երեք վիրահատություններից հետո չէր կարողանում վերականգնվել՝ հուսահատվել էր, ասում էր. «Ինձ թվում է, ես չեմ կարող նորմալ քայլել: Բա ո՞նց են եմ անելու, ի՞նչ եմ աշխատելու»: Շատ լավ մարդիկ, մեզ օգնեցին, ու մենք մեկնեցինք Գերմանիա: Այնտեղ կրկին եղավ վիրահատություն, որից հետո Մարկը ոտքի կանգնեց եւ քայլեց: Քայլեց ու արտասվեց… Գերմանիայում հետազոտությունները մաքուր արդյունք տվեցին, եւ այդ չարաբաստիկ հիվանդությունից ոչ մի բան չկար: Վերադարձանք Հայաստան, եւ ինքը շարունակեց իր աշխատանքը, միջոցառումներին մասնակցելը եւ այլն: Ամեն բան նորմալ, իր հունով ընթանում էր՝ մինչ գլուխ բարձրացրեց այդ չարաբաստիկ հիվանդությունը, որի մասին մենք տեղյակ չէինք:
— Բոլորին ժպիտով բուժող բժիշկը…
— Մենք պետք է ընտանիքով մեկնեինք հանգստի՝ Շվեցարիա եւ մեկնելուց 9 օր առաջ իմացանք հիվանդության մասին: Մի օր գնացել էր ատամնաբույժի մոտ եւ սկսել էր արյունահոսել: Նորից հիվանդանոց, նորից ստուգումներ եւ պարզվեց... Հիվանդանոցում հետազոտության արդյունքներն իրեն չտվեցին, քանի որ ինքը բժիշկ էր, կհասկանար ինչի մասին է խոսքը: Վիճակը ծայրահեղ ծանր էր: Իհարկե, հասկանում էր, որ վիճակն ավելի քան լուրջ է եւ անգամ հարց էր տալիս, թե ինչո՞ւ ինձ ոչ մեկ չի մոտենում: Մոտեցա բժշկին, ասացի, որ ինչ հնարավոր է կանեմ, ուր պետք է կգնանք, միայն թե ասեք՝ ինչ անեմ: Բժիշկն ասաց, որ ծանր է վիճակը, ոչինչ անել չենք կարող: Մարկը չգիտեր դրա մասին, ու այդ ողջ ընթացքում պնդում էր, թե՝ գնա, հավաքվի, որ մեկնենք մեր պլանավորած հանգստին: Ընկերներից մեկը գալիս է մոտը, որպեսզի ես գնամ հավաքեմ հագուստները: Հետո ինձ վերակենդանացման բաժանմունքից զանգահարեցին ու ասացին, որ մեկնել չենք կարող: Շտապ վերադարձա հիվանդանոց: Արդեն իրեն արհեստական կոմայի մեջ էին գցել, որպեսզի ցավերը չզգա:
Գիտեք, Մարկը միշտ սիրել է քնել մթության եւ լռության մեջ; Սակայն, այդ գիշեր չթողեց լույսն անջատեմ, ասում էր. «Լույսը չանջատես հանկարծ: Նուն, քո մասին եմ մտածում: Հոգնել ես արդեն»: Ես էլ պատասխանում էի, որ միայն թող ինքը լավ լինի, իր մասին մտածի: Հետո էրեխեքի, ովքեր այդ հիվանդությամբ էին տառապում, նրանց մասին էր մտածում: Ասում էր, ես կբուժվեմ, բա՝ այս էրեխեքը... Նայեց վերեւ ու ասաց. «Աստված, մեկ անգամ ինձ մահից փրկեցիր, գիտեմ՝ էլի կփրկես: Բա երրորդ փորձությունը ո՞րն է լինելու»: Ինքը վստահ էր, որ բուժվելու է, նորից աշխատելու է: Սակայն... կոմայից այդպես էլ դուրս չեկավ: Ինսուլտ խփեց:
«ՆՈՒՆ, ՄԵԶ ԻՐԱՐԻՑ ՄԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱԺԱՆԵԼ»
— Մարկից հետո ի՞նչ եղավ…
— Վայ, այնքան դժվար էր; Շատ ծանր եմ տարել, շատ մենակ եմ մնացել: Զգացի, թե ինչպես ողջ աշխարհը դատարկվեց իմ համար: Չէի զգում անգամ երեխաներիս, կենդանիներիս: Նույն վիճակում երեխաներս էին; Շոկի ենթարկվեցինք, որովհետեւ մարդը ոտքի վրա, առողջ ու միանգամից նման բան:
—Ի՞նչ կասեք հենց հիմա Մարկին:
— Մարկ ջան, երկնային ծնունդդ շնորհավոր: Ես վստահ եմ, որ դու Աստծո գրկում ես, եւ այնտեղ էլ են քեզ շատ սիրում: Քեզ համար միշտ աղոթում ենք, շատ կարոտում: Հուսամ մի օր մենք նորից կլինենք միասին: Ինչպես դու էիր ասում. «Նուն, մեզ իրարից մահը չի կարող բաժանել »: Հպարտ եմ, որ քեզ եմ հանդիպել եւ երջանիկ ՝ լուռ, ինչպես, որ դու էիր ասում:
Սա է մեր սիրո պատմության վերնագիրը...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

