ՔՊ-ի ստերը ճաքեր են տալիս
ՆերքաղաքականՄի քանի շաբաթ է անցել, ինչ Փաշինյանը Վաշինգտոնում ԱՄՆ-ի հանձնառությամբ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, եւ այդ պահից սկսած ՔՊ-ն եւ իր մերձավոր շրջանակները չեն դադարում ազդարարելու, թե իբրեւ Հայաստանը ընկղմվել է խաղաղության մեջ։ Այնպիսի համոզիչ հայտարարություններ են արվում` սկսած Փաշինյանից, որ մի պահ մարդկանց մոտ կարծիք էր առաջացել, թե էլ բանակ ի՞նչ ենք անում, արդեն խաղաղությունը բախել է մեր դռները, ու ոչ մի խնդիր չկա, սկսում են Հայաստանի այլ խնդիրներով զբաղվել։
Քարոզչությունը շատ լավ էր գնում, նույնիսկ Փաշինյանն է՛լ ասուլիս, է՛լ ճեպազրույց, է՛լ ուղերձ արեց, թե բա՝ մենք հաղթեցինք 30 տարվա թշնամությունը, բայց ամեն ինչ փչացրեց Ալիեւը։ Երբ Փաշինյանն իր ֆինանսների նախարարով հայտարարեց, թե ռազմական բյուջեն չենք մեծացնելու (ամոթ չէ՞ խաղաղություն է տիրում) Ալիեւը հայտարարեց, թե պետք է մեծացնեն իրենց ռազմական բյուջեն եւ պատրաստ լինեն պատերազմի։
Այս հայտարարությունը ճաքեր առաջացրեց ստի կայսրության բոլոր թեզերի մեջ, անգամ ՔՊ-ի հեռուստալիքի վերածված Հանրայինը չի կարողանում այս հարցում օգնել։ Օրինակ, Վահագն Ալեքսանյանը պնդում է, որ այդ հայտարարությունը Հայաստանի մասով չէ, իսկ Պետրոս Ղազարյանը փորձում է ճշտել, թե որտեղ է վստահությունը, ու պազվում է՝ վստահություն չկա։ Իշխանության մյուս ներկայացուցիչները, օրինակ, կոչումի բարձրացում ստացած Արսեն Թորոսյանը, ով մերժում է Արեւմտյան Հայաստանը, նշում է, որ ապագայի բոլոր խնդիրների դեպքում երաշխիքները բացակայում են։ Իսկ Արարատ Միրզոյանը չի հստակեցնում, թե Թրամփի միջանցքը մեր հսկողության ներքո է լինելո՞ւ, թե՝ ոչ։
Կարճ ասած, մենք հայտնվել ենք այն առակի վիճակում, երբ գայլերը ու ոչխարները պայմանագիր են կնքում 100 օր խաղաղ ապրում են ու նույնիսկ հովիվներին են մերժում, ու 100 օր հետո հոշոտվում են գայլերի կողմից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

