«Փաստ». Հայաստանին փորձում են դարձնել Իսրայելի գործիք Իրանի դեմ պատերազմում
Միջազգային«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանի իշխանությունները աղաչում են քաղաքացիներին դառնալ խուլ և չլսել, թե ինչպես են շուրջբոլորը քննադատում «Վաշինգտոնյան համաձայնագրերը»։ Այսպես, իշխանական լրատվամիջոցներից մեկն անգամ պնդում է, որ նման քննադատությունը պետք է մերժել, նույնիսկ եթե այն գալիս է ամենահուսալի և ստուգված աղբյուրներից, այն մարդկանցից, որոնց երբեք չեք էլ կասկածի կողմնակալության մեջ։ Արդյունքում, ցանկացած փորձագետ, որը մատնանշում է Փաշինյանի սխալները, հռչակվում է «հիբրիդային պատերազմի» մասնակից։ Հարմար է, ի՞նչ կարող ես ասել։
Հնարավոր է, որ ոմանց համար ԱՄՆ-ի հետ համագործակցությունը այնքան արժեքավոր է, որ դրա համար արժե զոհել Իրանի հետ լավ հարաբերությունները։
Ամբողջ իրավիճակը, ըստ Ջեֆրի Սաքսի, նման է Հայաստանի ներքաշմանը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մեջ, որում Իսրայելը փորձում է ներգրավել Հարավային Կովկասի երկրները և արդեն իսկ ներքաշել է Ադրբեջանին։ «Ադրբեջանը շատ սերտ կապեր ունի Իսրայելի հետ հետախուզության և անվտանգության հարցերում։ Դա հանրահայտ փաստ է։ Իսրայելի և Իրանի հակամարտությունում նա դարձել է Իսրայելի հենակետ», – հիշեցնում է փորձագետը։ Այժմ նույն խմբակում փորձում են ներգրավել նաև Հայաստանին՝ դարձնելով նրան Իսրայելի գործիք Իրանի դեմ պատերազմում։ «Մի՞թե Հայաստանը իսկապես դա է ուզում։ Մի՞թե նա չի ցանկանում ունենալ հանգիստ հարաբերություններ բռնկվող պատերազմի մեջ ներքաշվելու փոխարեն։ Ես դա չե՜մ հասկանում»,– զարմանում է փորձագետը։
«Դուք խաղաղություն չեք հաստատի՝ սադրելով ձեր հարևանին և հայտարարելով՝ մեզ կպաշտպանի մի երկիր, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Տեսեք՝ ինչ իրական պաշտպանություն է ԱՄՆ-ը տրամադրում այլ երկրներին. այն պարզապես գոյություն չունի։ Իսկ դա նշանակում է, որ բավականաչափ պատճառներ կան՝ խաղադրույք չանել ձեր ապագայի վրա միայն այն պատճառով, որ ձեզ ընդունել են Սպիտակ տան օվալաձև դահլիճում: Անկեղծ ասած, Միացյալ Նահանգները չի կարողանա պաշտպանել Հայաստանը. Միացյալ Նահանգները հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է», - նշում է փորձագետը։
Նա չի խնայում նաև եվրաինտեգրման մասին երազող հայերի զգացմունքները. «Թույլ տվեք, ամբողջ հարգանքով, հիշեցնել Հայաստանին, որ նա չի շարժվում դեպի Եվրոպա։ Նա գտնվում է Հարավային Կովկասում։ Անկախ ցանկացած համաձայնագրից, սա Հարավային Կովկասի երկիր է։ Իհարկե, նա ունի բազմաթիվ կապեր ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ։ Սա հնագույն քաղաքակրթություն է՝ բազմաթիվ պատմական կապերով արևմտյան մշակույթի հետ, բայց ֆիզիկապես նա ոչ մի տեղ չի շարժվում»։ Սաքսը եզրափակում է. «Եվրոպան խնդիրներ է ստեղծում նաև այլ վայրերում՝ միջամտելով շատ անպատասխանատու կերպով և չկարողանալով ապահովել ոչ մի երկրի անվտանգություն։ ԱՄՆ-ը նույնպես չի կարող ապահովել հուսալի անվտանգություն։ Դուք ապահովում եք անվտանգություն՝ ձեր տարածաշրջանում կայուն հարաբերություններ կառուցելով: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչի մասին է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը»,– կրկին ու կրկին տարակուսում է փորձագետը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

