Աբսուրդ է՝ կին է բանտարկվում Հայրենիքի պայքարի համար, հասարակությունը լուռ է. Տաթեւ Վիրաբյան
ՏեսանյութերԲագրատ սրբազանը եւ եւս 17-ը շարունակում են մնալ կալանքի տակ՝ եւս երեք ամիս, բացառությամբ՝ այդ շարքում տնային կալանքի տակ գտնվողների: Ընդ որում՝ տնային կալանքի մեջ գտնվողների շարքում չէ Լիդյա Մանթաշյանը՝ այս պահին, թերեւս միակ կին քաղբանտարկյալը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ՝ նախկին քաղբանտարկյալ ՏԱԹԵՎԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԻ` Տաթեւ Արցախի հետ:
— Միակ կին քաղբանտարկյալի էստաֆետը, փաստորեն, փոխանցեցիք Լիդյային, որի խափանման միջոց կալանքը փոխել դատարանը մերժեց: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այս իշխանության օրոք, երբ ի սկզբանե էլ տարբեր քաղբանտարկյալներ էինք ունենում, ասում էինք, որ նիկոլիզմը սա է, եւ բոլորիս դռները թակելու են: Եվ, այո, չուշացան։ Այդ էստաֆետը շարունակվում է, եւ ցավալին այն է, որ ինչքան լինի Նիկոլի իշխանությունը՝ արմատավորված մեր հայրենի հողի վրա, այնքան լինելու են քաղբանտարկյալներ, այնքան բանտարկված է մնալու խոսքի ազատությունը, որովհետեւ ոչ միայն մենք ֆիզիկապես ենք բանտարկվում, այլ նաեւ մեր խոսքն է բանտարկվում: Սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ՝ այո, իրենք կհանձնեն մեր հայրենիքը, ոտնձգություններ կանեն մեր հավատքի, եկեղեցու, Վեհափառի դեմ, իսկ մեր խոսքը կլռեցնեն: Մի կտրուկ գործողություն, եւ կպարտադրեն դատարաններին, որպեսզի մեր խոսքը փակ դռների հետեւում հայտնվի և նույնիսկ արձագանքելու հնարավորություն չունենանք։
Ցավով եմ տարել այն, որ 3 ամիս երկարաձգվել է Լիդյայի ազատազրկումը։ Կապ չունի՝ կին, տղամարդ, մայր, քույր, հայր, եղբայր, սարսափելի բան է: Բայց կանանց դեպքում լուրջ հետք է ունենում կյանքում: Կնոջը բանտարկում են իր խոսքի, իր քաղաքական հայացքների, հանուն հայրենիքի իր պայքարի համար, իսկ հանրությունը լռում է: Սա աբսուրդի ժանրից է: Ի՞նչ ասեմ, նույնիսկ չեմ կարող ասել, թե հատել են բոլոր կարմիր գծերը, որովհետեւ դրանք վաղուց են հատվել:
— Իսկ ու՞ր են կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։ Ժամանակին անգամ ֆեմինիստական շարժումներ կային ակտիվ, ինչո՞ւ են լռում:
— Նրանք այլեւս որեւէ տեղ չկան: Այս ամենը նաեւ ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունները, խմբակները, ուղղակի կային լինելու համար: Իսկ եթե պետք է լուրջ գործողություններ անեն, օրինակ` երեխաների մայրերի պաշտպանեն, չկան: Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված էլ ասեմ, վստահաբար, Լիդյան էլ, երբ ազատվի կպատմի նույն բանը: ՄԻՊ-ից գալիս են, ասում են` ուս ենք տալիս, դիր գլուխդ, վրեն լացի, ուրիշ բան քեզ համար չենք կարող անել, դատական գործերին չենք խառնվում: Լավ, դատական գործերին չեք խառնվում, բայց չէ՞ որ դատական համակարգը պետք է անկախ լինի, մինչդռեռ ձեր աչքի առաջ դատական համակարգը բռնության է ենթարկվում իշխանությունների կողմից։ Ո՞ւր է աղմուկը, գոնե աղմուկ բարձրացրեք, որ կին է բանտում:
Պետությունը հսկայական գումարներ է ծախսել, նաեւ մեր գրպանից՝ վճարած հարկերից, սարքավորումներ է առել, մի հսկայական ենթակառույց է հիմնել՝ պրոբացիայի ծառայություն՝ վարչական հսկողության համար: Տնային կալանքի համար մի առանձին կառույց է հիմնել, որպեսզի խափանման միջոցները այլընտրանքային լինեն։ Ու՞ր է այդ այլընտրանքային խափանման միջոցը։ Անմեղության կանխավարկածը Լիդյայի ո՞ւր է, չկա, 3 ամիս պիտի նստի՞, ինչո՞ւ…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

