Վերջին հրաժեշտը Դմիտրի Մարտիրոսյանին կկայանա Սուրբ Հովհաննես եկեղեցում
Հասարակություն«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, «Ղրիմի բարեկամներ» ակումբի անդամ, գրող-հրապարակախոս, ազատամարտիկ ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին՝ ուրբաթ օրը, ժամը՝ 17:30 - 20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորության արարողությունը կկայանա նույն վայրից՝ օգոստոսի 23-ին, ժամը՝ 13:00-ին։ Թաղումը՝ Սպանդարյանի գերեզմանատանը: Այս մասին տեղեկացնում է Մարտիրոսյանի այրին՝ Կարինե Տեր-Կարապետյան-Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Դմիտրի Մարտիրոսյանը երկար տարիներ համագործակցել է «Իրավունք մեդիա» հոլդինգի հետ, նրա վերլուծական եւ հրապարակախոսական հոդվածները պարբերաբար տպագրվել են ռուսական «Аргументы Недели» թերթում։ Դմիտրի Մարտիրոսյանը իր ակտիվ քաղաքացիական գործունեությամբ, հայրենասիրությամբ եւ սկզբունքայնությամբ արժանացել է բազմաթիվ գործընկերների եւ ընթերցողների հարգանքին։
Ցավակցում ենք Դմիտրի Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։

