Հույսով մտածում եմ, որ տեսակի այս պայքարում, Վարդան Բաբկենիչի տեսակը չի կորչի. Եսայան
Թեմա«Այսօր Վարդան Բոստանջյանի հոգեհանգիստն էր։ Բառը շատ տխուր է, իրականությունն՝ ավելի տխուր։ Կան մարդիկ, որոնց այս բառը այնքան էլ չի սազում։
Մեր ժողովուրդը, մեր հասարակությունը կամաց-կամաց կորցնում է իր զավակներին, նաեւ նրանց, որ կյանքի մարդիկ են, խարիզմատիկ, պինդ, հումորով, լավատես ու լավագույններից։
Ցավում եմ այս կորստի համար, հույսով մտածում, որ տեսակի այս պայքարում, Վարդան Բաբկենիչի տեսակը չի կորչի, որ կգան նորերը, ե՛ւ գիտության մեջ, ե՛ւ օրենսդիր մարմնում, ե՛ւ մարդկային հարաբերություններում։ Վերջին անգամ երեւի մեկ, մեկուկես ամիս առաջ խոսեցինք, ինքը երբեմն զանգում էր, գրածներս, հարցազրույցներս լսելուց հետո, կարծիքն էր ասում, հումոր էր անում, ծիծաղում էինք։
Թվում էր, այդպես է լինելու միշտ։ Ավաղ, այսօր երեկոյան, նրա հոգեհանգստին էի, ու մտածում էի, հաստատ հիմա նրա հոգին զննում է բոլորին, որ եկան եւ նրանց, որ չեկան, ու, հաստատ՝ մի սուր հումոր կունենար, յուրաքանչյուրի համար, իր «իզյաչ» մտքերից։ Հոգիդ թող լույսերի մեջ լինի, պարոն Բոստանջյան․․.
Հ.Գ.- Այս լուսանկարները երեւի քչերը ունեն, Եգիպտոսում էինք, ինքը՝ պատգամավոր, ես՝ լրագրող, նկարում էի․․ Զուտ մի քանիսը ահա, որպես հուշ․․.», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

