Իրենց նպատակը մեկն է՝ վերացնել Հայ Առաքելական եկեղեցու դերը հասարակության ներսում. Դավթյան
ՆերքաղաքականԵկեղեցու դեմ սկսված արշավը լուսանցքում թողեց այն, որ ադրբեջանցիները առեւանգել էին Տեղ գյուղի մոլորված երկու անչափահասի՝ ճիշտ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ շնորհավորել էր Ադրբեջանին՝ Կուրբան Բայրամ կոչված տոնի կապակցությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:
— Նախ կարծում եմ՝ բոլորովին պետք չէ զարմանալ, քանի որ թուրքը շնորհավորում է իր թուրք բարեկամ ժողովրդի կամ քաղաքացիների (եւ սա բոլորովին հեգնանքով չեմ ասում, այլ պարզապես փաստն եմ արձանագրում) ազգայինտոնը։
Երկրորդ՝ եթե մենք վերհիշենք ամբողջ հայ-ադրբեջանական՝ արդեն ավելի քան 30 տարվա, «հարաբերությունները», ապա ես երբեւիցե որեւէ պարագայում եւ որեւէ կրոնական տոնի կապակցությամբ, չեմ նկատել ջերմ կամ փոխադարձ շնորհավորանք Ադրբեջանի կողմից։ Սա բնորոշ է այն իրավիճակին, որ այսօր իշխանությունները հնազանդ են ադրբեջանական իշխանություններին, թուրք-ադրբեջանական տանդեմին. հնազանդ են՝ Հայաստանի հոգեւոր եւ կրոնական արժեքների ոչնչացման պատրաստակամության հարցում։
Այդ գործընթացի մեկնարկը, կարելի է ասել, տրվել է Կովկասի մուսուլմանների առաջնորդի՝ Փաշազադեի միջոցով։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այսօր Հայաստանը գտնվում է ոչ միայն օկուպացված կարգավիճակում, այլ նաեւ այնպիսի վիճակում, երբ իշխանությունը զավթած անձանց կողմից տարվում է ատելության եւ պատերազմի քարոզ՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու դեմ։
Իրենց նպատակը մեկն է՝ վերացնել Հայ Առաքելական եկեղեցու դերը հասարակության ներսում՝ այն փոխարինելով մուսուլմանական արժեքներ կրող այլ կրոնական ուղղվածություններով։ Այս պահին իմ ընկալումները այս մասով այսպիսին էին։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

