ՀՀ–ի համար առաջնահերթ է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը. Մհեր Գրիգորյան
ՏնտեսությունՀայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը։ Այս մասին Ղրղզստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ ոչ խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմաններ ապահովելու հիմքերից մեկը»,– շարունակեց Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի փոխվարչապետը կարևորեց միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների և հանձնաժողովների փոխգործակցությունը, հատկապես բարձր հարկվող ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի ոլորտում։ Նրա կարծիքով՝ նման համագործակցությունը և պատշաճ վերահսկողությունն ուղղակիորեն ազդում են ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների եկամուտների վրա։
«Կայուն տնտեսական աճի մեկ այլ ուղղություն ՀՀ-ն դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը։ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև տեխնոլոգիական գործիքներին ապավինում։ Արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ
համար»,– նշեց փոխվարչապետը։

