Պուտինի «միջուկային ճամպրուկը» կմնա Մեդվեդեւի մոտ. Համացանցային կատակի տակ շատ լուրջ հարցեր էլ կան
ՄիջազգայինԱլյասկա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված, բացի հիմնական թեմայից, թե ինչ են քննարկելու ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի առաջնորդներն ու ինչ արդյունքների պետք է սպասել, կան նաեւ ավելի «կենցաղային» հարցեր, որոնք եւս մեծ ուշադրութուն են գրավել, հաշվի առնելով նաեւ երկու երկրների ծայրահեղ լարված, եթե ոչ` թշնամական հարաբերությունները: Այդ թվում, ովքեր են ապահովելու «թշնամական տարածքում» գտնվող Պուտինի անվտանգությունը: Նաեւ, որ երեւի ավելի շատ հոլիվուդյան ֆիլմերի ժանրից է, այցի ժամանակ որտեղ է գտնվելու ՌԴ նախագահի «միջուկային ճամպրուկը»:
«Միջուկային «ճամպրուկի» մասով համացանցում շատ են «ստանդարտ դարձած» նման կարծիքները. «Բայց չէ՞ որ «միջուկային ճամպրուկը» պետք է միշտ լինի դրա տիրոջ, այս դեպքում` Պուտինի «ձեռքի տակ»: Ու հիմա, եթե նա գնում է «թշնամական տարածք», ամերիկացիներն էլ հանկարծ որոշեն Պուտինի գերել, «միջուկային ճամպրուկը» ձեռքից վերցնել եւ անմիջապես հարվածել Ռուսաստանին, ի՞նչ կլինի»:
Այս ոճի մեջ մտահոգությունների լավագույն պատասխաննեից մեկը կարելի է համարել համացանցային աղբյուրի այս հեգնանքը. «Չմտածեք, «միջուկային ճամպրուկի» կրկնօրինակը Պուտինը ամեն չնախատեսված դեպքի համար թողել է Մեդվեդեւի մոտ: Դե թող փորձեն Պուտինին բռնել...»:
Ինչ վերաբերում է շատ ավելի իրատեսական հարցին, թե ով եւ ինչպես է ապահովելու Պուտինի անվտանգությունը, ապա տարբեր տեղյակ աղբյուրներ հայտնում են, որ, որպես կանոն, օտարերկրյա հյուրերը ԱՄՆ-ում գտնվում են նախագահի անվտանգության ծառայության պաշտպանության տակ եւ պաշտպանվում են գործնականում այնպես, ինչպես նախագահը. սա երկրի հեղինակության հարց է:
Ինչ վերաբերում է Պուտինին, ապա, ըստ տեղյակ աղբյուրների, Անքորիջում նրա անվտանգության, այսպես ասնք, արտաքին պարագիծը ԱՄՆ նշված գաղտնի ծառայության վերահսկողության տակ է լիելու: Բայց միաժամանակ կա նաեւ, այսպես ասած, ներքին պարամետր, որի պատասխանատուն Ռուսաստանի հատուկ ծառայություններն են լինելու։ Այն է, հնարավոր բոլոր ռիսկերը կհասցվեն նվազագույնի։
Ընդ որում, ըստ միանգամայն տեղյակ աղբյուրի գնահատման, այս դեպքում հնարավոր վտանգն ամենեւին էլ ամերիկյան կողմից չէ, որ սպասվում է. «Պուտինը, մեծ իմաստով, ԱՄՆ-ի հեղինակության եւ անձամբ Թրամփի երաշխավորված պաշտպանության տակ է: Այս իմաստով, ամերիկյան կողմից սպասվող ռիսկերը եթե ոչ զրոյական, ապա զրոյականին մոտ են: Բայց, հաշվի առնելով, թե ինչ ազդեցիկ եւ լուրջ հնարավորությունների տիրապետող ուժեր են ցանկանում ձախողել այս գագաթաժողովը, որոշակի վտանգ, իհարկե, կա: Ընդ որում, կարծում եմ այդ վտանգը հավասար չափով վերաբերում է ինչպես Պուտինին, այնպես էլ` Թրամփին: Մեծ հաշվով, ներկայիս գլոբալ ծայրահեղ բարդ պայմաններում, նույն կետում են գտնվելու երկու առաջնորդ, որոնք միասին վերահսկում են համաշխարհային միջուկային զենքի ավելի քան 90 տոկոսը. դա կարող է ոմանց գայթակղիչ իրողություն թվալ»:

