710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
ՄշակութայինՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ` շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նշվում է, որ ներառված հուշարձանների թվում են «Տիրինկատար» հնավայրը և վիշապաքարերը, «Արենի-1» քարայրը («Թռչունների քարայր»), «Շամիրամի բերդ» ամրոց-բնակատեղին, Երևան քաղաքի Աբովյան, Բաղրամյան և Նալբանդյան փողոցների՝ 1940-1960-ական թթ․ կառուցապատման մի շարք արժեքավոր շենքեր, «Նաիրի» և «Հայենիք» կինոթատրոնների շենքերը, Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքը, Հակոբ Հակոբյանի «Սարերում», Ս․ Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարները և այլն։
Նշվում է նաև, որ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը 2007 թվականից ի վեր չէր լրացվել նորահայտ հուշարձաններով։ Հուլիսի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում ներառել էր Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնիի հնագիտական վայրը և Քարերի սիմֆոնիան։

