Վաշինգթոնում մեկ սեղանի շուրջ նստած երեքից յուրաքանչյուրը հայտնվել է ծուղակում. Բալասանյան
Ներքաղաքական«Սիրելի հայրենակիցներ,
Էս անգամ էլ խոսեմ երեկվա ձեռք բերված պայմանավորվածություններից ու թեման փակեմ։ Այլևս ցանկություն չկա անդրադառնալ թեմայի, որը դեռ չսկսված` արդեն դատապարտված է։ Փորձեմ բացատրել միտքս։ Ճանապարհների ապաշրջափակման և Թրամփի անվան միջազգային հաղորդակցության ճանապարհի գործարկման պարագայում մեծն «խաղաղասերը» գետնի վրա բախվելու է մի շարք դժվարությունների հետ։
Եթե հիշում ենք, Ալթայում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը դուրս չի գալու ԵԱՏՄ-ից, այսինքն` մնալու է նաև ՀԱՊԿ-ում։ Թրամփը իր ճանապարհը կառուցելիս անպայման բախվելու է տարբեր մաքսային ռեժիմների խնդրի հետ և դեմքը փրկելու համար պետք է ստիպված լինի պայմանավորվել այդ մաքսային ռեժիմում հիմնական դերակատարում ունեցող երկրի ղեկավարի` Պուտինի հետ։
Օգոստոսի 15-ին նրանք կհանդիպեն Ալյասկայում և, ըստ ամենայնի, քննարկման թեմաներից մեկն էլ լինելու է TRIPP-ը։ Եվ այդտեղ Թրամփին տրվելու է կոնկրետ հարց. ցանկանում ես փրկել դեմքդ և հասնել մուրազիդ՝ շվեդ Նոբելի մրցանակին, ուրեմն՝ ճանապարհը մենակ չես կարողանալու շահագործել, այլ շահագործելու ենք համատեղ՝ իմ պայմաններով։ Թրամփը տարբերակ չունի չհամաձայնվելու, հակառակ դեպքում՝ նրա ներդրած միջոցները հայտնվելու են վտանգի տակ։ Իսկ թե ամերիկացիները ինչպես են պաշտպանելու այդ ճանապարհը, մենք տեսանք Երասխից մետաղաձուլական գործարանի տեղափոխման դեպքով, այսինքն՝ ոչ մի կերպ։
Երեկ Վաշինգթոնում մեկ սեղանի շուրջ նստած երեքից յուրաքանչյուրը հայտնվել է ծուղակում, բայց այդ մասին դեռ չի խոսվում։ Իսկ երեկվանից համացանցը ողողած տարբեր տրամաչափի գրանտակերները չհասկացան, որ իրենց, ամեն դեպքում, պարտադրվեց նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Բայց մի տարբերությամբ։ Հայաստանը ոչինչ որոշել այլևս չի կարողանալու։ Նրան չեն էլ հարցնելու։ Իսկ առայժմ թողնենք, որ մարդիկ զվարճանան։ Իրենց կարծիքով՝ նրանք այդ իրավունքը վաստակել են», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:

