Ավելի ցավալի է, երբ ճանապարհի կառուցումը ուղեկցվում է տարածքների հանձմամբ. Արա Վարդանյան
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանն իր գրառումներից մեկով հպարտորեն անդրադարձել է, թե որքան ճանապարհներ են կառուցվել իր իշխանության օրոք։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք վերջին ժամանակների ճանապարհաշինական ծրագրերն իրականում զարգացման նշան են, եւ դրան զուգահեռ ինչքա՞ն ճանապարհ է հանձնվել:
— Նախ՝ հնարավոր է, որ միայն հիանալու առիթ է ճանապարհ կառուցելը, սակայն հարկ է նաեւ նկատել որոշ կարեւոր հանգամանքներ։ Իհարկե, լավ է, երբ ճանապարհ է կառուցվում, բայց պետք է հասկանալ՝ դա ոչ թե նոր երեւույթ է, այլ շարունակական աշխատանք, որը կատարվել է նաեւ Հայաստանի անկախությունից ի վեր՝ բոլոր կառավարությունների օրոք։ Այսինքն՝ սա մի նոր կամ բացառիկ բան չէ։
Ճանապարհաշինությունը` որպես պետական ծրագիր, միշտ էլ եղել է օրակարգում։ Նախկին կառավարությունների օրոք նույնպես բազմաթիվ ճանապարհներ են կառուցվել, նույնիսկ շատ ավելի բարդ ու երկար ճանապարհներ։
Բացի դրանից, պետք է հիշել մի կարեւոր փաստ. վերջին 7 տարիների ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 8 միլիարդ դոլարի արտաքին վարկ է վերցվել, որը, փաստորեն, դարձվել է մեր ժողովրդի պարտքը։ Եթե դու 8 միլիարդ դոլարի փոխառությամբ կառուցել ես ճանապարհ, ապա այստեղ հպարտանալու ոչինչ չկա։
Ավելի ցավալի է, երբ տեսնում ենք, որ երբեմն ճանապարհի կառուցումը ուղեկցվում է տարածքների հանձմամբ։ Օրինակ՝ Ջերմուկի ուղղությամբ ճանապարհի կառուցումը ուղեկցվել է հանձնման գործընթացով։ Դա արդեն սրբապղծություն է՝ հաշվի առնելով, որ, ըստ մեծ հաշվարկի, Մեղրու հատվածը, որը հանձնվել է, մոտավորապես միլիարդ դոլարի արժեք ունի՝ որպես ռազմավարական տարածք։ Ինչպե՞ս կարելի է հպարտանալ 200 միլիոն դոլարի ճանապարհով՝ մոռանալով, թե ինչ է կորցվել դրա դիմաց։ Նման ծրագրերը հաճախ ներկայացվում են որպես սոցիալական ուղղվածություն ունեցող քայլեր, բայց պետք է վստահ լինենք, որ դրանք չեն ազդում կոնկրետ նպատակային խմբերի վրա։ Եվ նույնիսկ եթե ազդում են, դա չի արդարացնում այն մնացած կորուստները, որոնք կրում է ամբողջ ազգը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

