ՌԴ-ում մելանոմա ախտորոշմամբ օնկոհիվանդները տեղական արտադրության պատվաստանյութ կստանան
ՀասարակությունՄելանոմա ախտորոշմամբ առաջին օնկոհիվանդները կկարողանան ստանալ ռուսական արտադրության անհատականացված mRNA պատվաստանյութն արդեն 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Հաջողության դեպքում, նախատեսվում է, որ այն կընդլայնվի նաև քաղցկեղի այլ տեսակների վրա։
Նա նշել է, որ դեղամիջոցը ստեղծվում է անհատապես՝ յուրաքանչյուր օնկոհիվանդի համար՝ գենետիկական տեղեկատվության հիման վրա։
Պատվաստանյութը մշակվել է մի քանի գիտական թիմերի՝ «Գամալեա» կենտրոնի, Մոսկվայի «Հերցեն» քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի և Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով։
Ավելի վաղ Գինզբուրգը ՏԱՍՍ-ին ասել էր, որ քաղցկեղի դեմ պատվաստանյութի նախակլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը ճնշում է ուռուցքի զարգացումը, ինչպես նաև, հավանաբար, մետաստազների առաջացման հնարավորությունը։

