Ռուսաստանը պատրաստվում է փորձարկել «Բուրեվեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռը
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստվում է փորձարկել «Բուրեվեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռը, որի մասին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր 2018 թվականին։
Հրթիռի առաջիկա փորձարկումների մասին, որը ԱՄՆ-ն անվանել է «թռչող Չեռնոբիլ», վկայում է Նովայա Զեմլյա կղզեխմբի Պանկովո փորձադաշտում աշխատանքների ինտենսիվացումը, գրում է CNA վերլուծական ընկերության միջուկային զենքի փորձագետ Դեկեր Էվելեթը։
Նա նշում է, որ հնարավոր փորձարկումների մասին է վկայում նաև այն փաստը, որ ԱՄՆ-ն Նովայա Զեմլյա է ուղարկել Ռազմաօդային ուժերի WC-135R ճառագայթային հետախուզական ինքնաթիռ։
Գիտնականների ամերիկյան ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիստիանսենը նույնպես ուշադրություն է հրավիրում դրա շարժումների վրա։ Միջուկային փորձարկումների հետևման համար նախատեսված սենսորներով հագեցած ինքնաթիռը թռիչք է կատարել բրիտանական Միլդենհոլ ռազմաօդային բազայից և մոտ 14 ժամ պտտվել է Բարենցի ծովի վրայով՝ Մուրմանսկի մարզի ափերի մոտ, Նովայա Զեմլյայից արևմուտք, գրում է Newsweek-ը՝ հղում անելով FlightRadar-ի տվյալներին։

