«Նարեկածին»–ը հետ չի պահանջի 19-րդ դարի Վանի կուժը, որն իր հետ տարել է Ջենիֆեր Լոպեսը
ՀասարակությունՀայկական զարդերի վերականգնմամբ ու տարածմամբ զբաղվող «Նարեկածին» ընկերությունը ֆեյսբուքում բարձրացած աղմուկից հետո լրացրել է ընկերության էջում տեղադրված գրառումն այն մասին, որ Ջենիֆեր Լոպեսն իր հետ տարել է իրենց ընտանեկան հին հայկական կուժը, որը սենյակում դրված է եղել՝ երգչուհուն մատուցված նվերի ցուցադրության համար։
Գրառումը օգտատերերի կողմից ընկալվել էր որպես բողոք տեղի ունեցածի առնչությամբ եւ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ընկերությունը դրանում նշել էր, որ նախքան հյուրերի ժամանումը, Seven Visions հյուրանոցի սենյակում դրվել են Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը: «Իհարկե երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, եւ հետո` նրա մեկնումից ժամեր անց, պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ Վանա ԿՈՒԺԸ…»,– ասվում էր գրառման մեջ։

