Ազդանշաններ առանց հույզերի. ինչպես է «դեպրեսիայի գենով» ուղեղը կորցնում հաղթանակի համը
ՀասարակությունՆոր նեյրովիզուալիզացիոն հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry: Cognitive Neuroscience and Neuroimaging (Elsevier) ամսագրում, պարզել է, որ դեպրեսիայի նկատմամբ ավելի բարձր գենետիկական նախատրամադրվածությամբ երիտասարդ չափահասները ցուցաբերում են ուղեղի ակտիվության նվազում՝ ի պատասխան խրախուսանքների և պատիժների։
Ընդ որում, տղամարդիկ և կանայք այս դեպքում գործարկում են ուղեղի տարբեր հատվածներ, ինչը կարող է վկայել դեպրեսիայի սպեցիֆիկ նեյրոկենսաբանական մեխանիզմների մասին։
Հետազոտության առանցքային եզրակացությունը հետևյալն է. ուղեղի ճակատային, գագաթային և ծոծրակային բաժիններում, որոնք ներգրավված են որոշումների կայացման և ուշադրության գործընթացում, ավելի նվազ ակտիվությունը կապված է գենետիկական ռիսկի հետ։ Հատկապես կարևոր է գոտկային գալարի հետին հատվածը (posterior cingulate cortex). այն կտրուկ արձագանքել է պատիժներին, բայց ոչ պարգևներին, ինչը կարող է մատնանշել դրա հատուկ դերը բացասական փորձի ձևավորման մեջ։
Հետազոտությունն անցկացվել է Human Connectome Project նախագծի շրջանակներում՝ 22–35 տարեկան գրեթե 900 առողջ երկվորյակների և քույր/եղբայրների մասնակցությամբ։ Ուղեղի սկանավորման ժամանակ՝ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (fMRI) միջոցով, մասնակիցները խաղացել են մոլախաղ՝ դրամական շահումներով և պարտություններով։ Զուգահեռաբար վերլուծվել են նրանց գենետիկական պրոֆիլները։
Չնայած կլինիկական դեպրեսիայի բացակայությանը՝ բարձր գենետիկական խոցելիությամբ մասնակիցներն արդեն իսկ դրսևորել են բնորոշ նեյրոնային շեղումներ, ինչը, ըստ առաջատար հեղինակ, պրոֆեսոր Չիանգ-Շան Լիի (Յեյլի բժշկական դպրոց), կարող է հիմք դառնալ ռիսկի խմբի վաղ հայտնաբերման և անհատականացված կանխարգելման համար։
Տղամարդիկ և կանայք այս դեպքում ցուցադրել են դրական և բացասական խթանների մշակման տարբեր նեյրոնային սխեմաներ։ Սա նոր հեռանկարներ է բացում սեռի՝ որպես դեպրեսիայի զարգացման կարևոր կենսաբանական մոդերատորի ուսումնասիրության մեջ։
Առաջիկայում նման հետազոտությունները կարող են հիմք հանդիսանալ կանխարգելիչ ծրագրերի և նեյրոկենսաբանական մարկերների համար, որոնք կնախազգուշացնեն դեպրեսիայի մասին մինչև դրա կլինիկական դրսևորումը։

