Սա է իրական համակարգային կոռուպցիան, երբ մարդիկ սնվում են պետական բյուջեից՝ ոչինչ չանելու դիմաց. Գեւորգ Պետրոսյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք իշխանության կողմից եկեղեցու դեմ ուղղված քայլերին, իմպիչմենթի գործընթացի հեռանկարներին, ինչպես նաեւ ներքաղաքական այլ առանցքային հարցերի։
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՕՐ ԱՌԱՋ ՀԵՌԱՆԱ»
— Պարոն Պետրոսյան, իշխանության` եկեղեցու դեմ արշավի հետ կապված՝ Ձեր կարծիքով ի՞նչ զսպող քայլեր պետք է ձեռնարկի խորհրդարանական ընդդիմությունը։
— Խորհրդարանական ընդդիմության պահվածքն այս հարցում ինձ համար պարզապես անընդունելի է։ Նրանք պետք է, նախեւառաջ, քայլեր ձեռնարկեն՝ ցույց տալու համար, որ ըստ Սահմանադրության 17-րդ հոդվածի՝ եկեղեցին, որպես կրոնական կազմակերպություն, անջատ է պետությունից։ Ավելին, Սահմանադրության 18-րդ հոդվածը հատուկ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայապահպանության գործում։
Հիմա հարց է առաջանում. ո՞ր իրավունքով է իշխանությունն իրեն թույլ տալիս միջամտել եկեղեցու գործունեությանը։ Այդպիսի իրավունք որեւէ նորմատիվ իրավական ակտով նախատեսված չէ։ Իսկ երբ ՔՊ-ական, այսպես կոչված, քաղաքական գործիչներից մեկը հայտարարում է, թե «պետք է խլենք եւ տանք ժողովրդին», հարց է ծագում՝ եթե խլեցին, ապա ինչպե՞ս են տալիս ժողովրդին։ Դուք էլ, ես էլ այդ ժողովրդի մասնիկն ենք։ Ուրեմն՝ արդյոք բաժնեմաս ունե՞նք այդ «տրվածի» մեջ։ Ահա այստեղ ենք կանգնում սահմանադրական կարգի հնարավոր խախտման խնդրի առաջ։
Ըստ Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածի՝ եթե խախտվում են Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածները, ապա դա դիտվում է սահմանադրական կարգի տապալում։ Մասնավորապես, Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասում նշվում է, որ պետական մարմինները եւ նրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (բառացիորեն մեջբերում եմ հոդվածը։)
Հիմա հարց՝ որտե՞ղ է գրված կամ ո՞ր օրենքն է ասում, որ կառավարությունը իրավունք ունի միջամտել եկեղեցու գործերին։ Այդպիսի բան գոյություն չունի։ Այսինքն՝ այդ գործողություններով նրանք, ըստ էության, հանդիսանում են սահմանադրական կարգի տապալման պոտենցիալ պատասխանատուներ։ Նշեմ, որ Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը նախատեսում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Սա պետք է լինի առաջին հերթին հենց իրենց համար հասկանալի։
Իսկ երբ, օրինակ, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարում է, թե «մեր տարբերակը թունել փորելն է», ինչպե՞ս է պատկերացնում այդ առաջարկը պետական ինքնիշխանության պայմաններում։ Եթե վաղը Ալիեւը կանգնի ու ասի՝ «Գեղարքունիքի մարզը մերը պետք է լինի», մի՞թե Աղազարյանը կրկին առաջարկելու է՝ Գեղարքունիքում եւս թունել փորենք։ Այսինքն՝ ինչ՝ թող թշնամու տանկերն առաջ գան, իսկ մենք թաքնվե՞նք թունելներում։
Սա է այսօրվա իշխանության պատկերացումն ինքնիշխանության մասին։ Սա բացահայտ հակապետական, հակահայ եւ պետության շահերին վտանգ ներկայացնող իշխանություն է։ Նրանք պետք է օր առաջ հեռանան։
«ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՈՐԵՎԷ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԵ՞Լ Է»
— Ձեր կարծիքով՝ այս պարագայում ինչո՞ւ ընդդիմության կողմից Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենթի գործընթացը չի կայանում: Ո՞րն էր դրա պատճառը։
— Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց եկեք նայենք իրականությանը։ Երեւի թե իրենք առաջնորդվում են անձնական շահերով։ Ես դեռ վաղուց հասկացել եմ, որ իմպիչմենթ չի լինելու։ Ղազարյան Էդգարին, ում շատ եմ հարգում, ասել եմ. «Էդգար ջան, իմպիչմենթ չի լինելու»։
Գուցե դա տխուր է, բայց պետք է նշեմ՝ այստեղ գործում է ազգային հոգեբանության գործոնը։ Ամենակարճ ճանապարհը, որով կարելի էր այս ամբողջ գործընթացը կրճատել, միասնական հրաժարականն էր։ Բայց նույնիսկ դա չեն անում։ Դրա համար էլ, եթե նկատել եք, ես իմ խոսքում քննադատում եմ նաեւ խորհրդարանական ընդդիմությանը։ Ի՞նչն է խանգարում նրանց հրաժարվել մանդատից։ Եթե բոլորը ցուցակով հրաժարվեն, ապա՝ Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովը պարտադիր պետք է կազմված լինի 111 պատգամավորից։ Եթե մնում են, օրինակ, 50 հոգի, Ազգային ժողովը դառնում է ոչ լեգիտիմ։ Բայց մարդիկ չեն տալիս հրաժարական։ Կոնկրետ մեղադրանք չեմ կարող ներկայացնել, բայց իմ վարկածն այն է, որ մանդատի «բույրը» վարակել է իրենց։ Եվ դրա համար էլ չեն հրաժարվում։
Ճիշտ է, այնտեղ կան իսկապես նվիրյալ պատգամավորներ։ Պետք է առանձնացնեմ օրինակ՝ Աննա Մկրտչյանին, Աննա Գրիգորյանին։ Բայց կան նաեւ մարդիկ, որոնք հասկանում են, որ եթե վայր դնեն մանդատը, իրենց կյանքում այլեւս ոչինչ չի մնա՝ զբաղմունք որպես: Ես պետք է մեկ բան էլ ասեմ եւ կխնդրեմ՝ հենց նույնությամբ մեջբերել. օրինակ՝ Աղվան Վարդանյանը որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ արդյոք հանդես եկե՞լ է։ Իհարկե՝ ոչ։ Եվ նրա նման շատերը։
Ազգային ժողովը օրենսդիր մարմին է, իսկ պատգամավորի հիմնական գործառույթը` օրենքներ առաջարկելն ու քննարկելն է։ Իսկ այսօր այնտեղ զբաղված են միայն միմյանց վիրավորելով, մեղադրելով, փոխադարձաբար պատասխանելով։ Իսկ օրենսդիր գործունեություն չկա։
Եվ այստեղ առաջ է գալիս մեկ այլ հարց։ Վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ Ալին Սեմինը (ես նրան այդպես եմ դիմում) առաջարկել է պարգեւատրել Ազգային ժողովի աշխատակազմին։ Իսկ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, փաստաբան եւ հարկատու, հարկ եմ վճարում իմ ստացած յուրաքանչյուր դրամից։ Ինչո՞ւ պետք է ես վճարեմ պարգեւավճար՝ մարդկանց, ովքեր, ըստ էության, ոչինչ չեն անում։
Տրանսպորտային փոխհատուցում, պարգեւավճար՝ ինչի՞ համար։ Եթե մարդը պարզապես կատարում է իր պարտականությունը, ապա դա չի նշանակում, որ նա պետք է պարգեւատրվի։ Եվ հիմա ես Ձեզ, որպես լրագրող, կոչ եմ անում՝ ուսումնասիրեք, տեսեք՝ այդ «պատգամավոր» կոչեցյալները, որոնց ես անգամ պատգամավոր չեմ անվանում, քանի որ նրանք չեն ներկայացնում ժողովրդի ձայնը, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել։
Խոսքը ստորագրելու մասին չէ, այլ իրականում ներկայացնել նախագիծը՝ զեկուցել եւ պաշտպանել այն։ Բայց տեսնում ենք՝ ոչ մի գործունեություն։ Ազգային ժողովը չի զբաղվում օրենսդրությամբ, այնտեղ մարդիկ զբաղված են քաղաքական հաշվեհարդարներով։
Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչի համար են վարձատրվում, եւ դեռ մի բան էլ՝ պարգեւավճար ստանում։ Սա է հենց համակարգային կոռուպցիան, երբ մարդիկ սնվում են պետական բյուջեից՝ ոչինչ չանելու դիմաց։ Հասկանում եք՝ սա է իրական համակարգային կոռուպցիան, որն այսօր արմատավորվել է։
«ԻՐԱԿԱՆՈՒՄ, ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԵԼԱՄԻՏ ԼԻՆԵՐ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄԱ ԿԱՆՑԿԱՑՆԵՐ»
— Իսկ, ըստ Ձեզ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախանշաններ կա՞ն, թե՞ ընդդիմությունը սպասում է 2026 թվականին։
— Իհարկե՝ հնարավոր է, բայց իմ կարծիքով՝ Փաշինյանը փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունները հասցնի հենց 2026 թվականին։ Ինչո՞ւ։ Քանի որ դուք տեսնում եք նրա վարած կադրային քաղաքականությունը. նա ձգտում է ամբողջ պետական համակարգը համալրել իր իսկ կադրերով։ Այդ կերպ նա փորձում է ապահովել իր հաղթանակը 2026 թվականի ընտրություններում։
Կարծում եմ՝ նա փայփայում է այդ հույսերը, փորձում է կառչել դրանցից, որովհետեւ հասկանում է, որ իր վարկանիշը օրեցօր նվազում է։ Իրականում, եթե նա խելամիտ լիներ, ընտրությունները հիմա կանցկացներ։ Սակայն, նա այնքան անխոհեմ է, որ ուզում է ամեն ինչ տեղափոխել 2026 թվական, որպեսզի հասցնի իր ենթակայության տակ առնել բոլոր ուժային կառույցները։
Բայց ճշմարտությունն այն է, որ այդ կառույցները արդեն իսկ իր վերահսկողության տակ են։ Ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ դատարանը, ԱԱԾ տնօրենը՝ բոլորը արդեն իրենն են։
Այսպես ասած՝ եթե մի փոքր խելացի գտնվի, ընտրությունները հիմա կանի, որովհետեւ որքան ժամանակ անցնի, այնքան իր վարկանիշն ավելի կիջնի։ Հասկանու՞մ եք՝ Սահմանադրության առաջին հոդվածում ասվում է, որ Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան եւ իրավական պետություն է։ Այժմ, խնդրում եմ՝ դուք ասեք՝ այդ չորս բաղադրիչներից ո՞ր ուղղությամբ է այս իշխանության օրոք առաջընթաց եղել։ Ժողովրդավարությո՞ւն, ինքնիշխանությո՞ւն, իրավունքի գերակայությո՞ւն։ Ոչ մի ոլորտում։
Օրինակ, ժողովրդավարության առումով. եթե մարդը՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, օրինական ճանապարհով հաղթում է ընտրություններում, ապա հաջորդ օրը նրան կալանավորում են։ Ահա այս է նրանց պատկերացրած «իրավական պետությունը»։ Այսօր ոչ ոք դատարանի միջոցով իր իրավունքի երաշխիքը չի տեսնում, որովհետեւ դատավորների մեծամասնությունը՝ չասեմ բոլորը, բայց 70-80 տոկոսը, ուղղակիորեն կախված են իշխանությունից։ Հիշում եք, չէ՞ ինքը ժամանակին խոսում էր «վնգստացող դատավորներից»։ Այ, հենց այդ «վնգստացողները» հիմա նրա հենարանն են։
Ինքնիշխանության մասին էլ խոսք լինել չի կարող, որովհետեւ մենք շատ լավ տեսնում ենք, թե մեր թշնամիներն ինչպես են թելադրում իրենց կամքը։ Սոցիալական պետության գաղափարը նույնպես սոսկ բառ է մնացել։ Այսօր ունենք աննախադեպ արտագաղթ՝ մարդիկ լքում են երկիրը, որովհետեւ ապագա չեն տեսնում։ Սոցիալական երաշխիքներ չկան։ Աշխատավարձերը չեն բարձրանում, միայն գներն են աճում։ Մտածում են նոր տուգանքատեսակներ, տուգանքներն ավելացնում են։
Չեմ ուզում հիմա վիրավորել, բայց նախկինում այդպես չէր։ Իսկ հիմա, զարմանալիորեն, քաղաքացին՝ իր իսկ ձեռամբ, դարձել է իշխանության համար ոչ թե արժեք, այլ տուգանքի, կալանքի եւ հալածանքի նյութ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

