Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր
ՄիջազգայինԵմենի հարավային Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակներն անհետ կորել են, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ նավը շրջվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում՝ ուժեղ քամու պատճառով։ «Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ տեղում գտնվող խմբերը ավելի քան 20 դիակ են հայտնաբերել… Տասնյակ միգրանտներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասված է հաղորդագրության մեջ։
«Սինհուա» գործակալությունն էլ հայտնել է, որ 12 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Աբյան նահանգի անվտանգության վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ անվտանգության ուժերը գործողություն են իրականացնում Եմեն մուտք գործել փորձող եթովպիական ծագում ունեցող մեծ թվով անօրինական ներգաղթյալների դիերը դուրս բերելու համար։

