Չինաստանում 3 տարեկան տղան ողջ է մնացել՝ 18-րդ հարկից ընկնելուց հետո
ՀասարակությունՉինաստանում երեք տարեկան տղան ողջ է մնացել՝ բարձրահարկ շենքի 18-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից վայր ընկնելուց հետո, հաղորդում է South China Morning Post-ը։ Նշվում է, որ տղան սկզբում ընկել է ծառի վրա, հետո նոր՝ գետնին, ծառը նվազեցրել է հարվածի ուժգնությունը և, փատացի, փրկել է նրա կյանքը։
Պարբերականի հաղորդած տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ՝ Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հանչժոու քաղաքում։ Ծնողները, հավաստիանալով, որ փոքրիկը քնած է, կարճ ժամանակով դուրս են եկել տնից՝ մթերք գնելու, սակայն երեխան արթնացել է, մոտեցել բաց պատշգամբին ու վայր ընկել՝ սկզբում փողոցում աճող ծառի վրա, ապա՝ գետնին։
Փոքրիկին առաջին օգնությունը ցուցաբերել են պատահական անցորդները, նրանք են շտապօգնություն կանչել, բժիշկներն էլ արձանագրել են, որ կոտրվել է 3-ամյա տղայի աջ ձեռքը, երեխան ստացել է նաև մի շարք այլ վնասվածքներ, բայց գլուխը չի վնասվել։ Այժմ նա ապաքինվում է՝ հիվանդանոցում։
Պարբերականի հրապարակման մեջ նշվում է նաև, որ տղայի հայրը իր որդու կյանքը փրկած ծառի բնին, որպես երախտագիտության նշան, կարմիր մեծ ծաղիկ է ամրացրել, ինչը, չինական ավանդության համաձայն, խոնարհումի և ուրախության խորհրդանիշ է։

