«ՊԱՅՔԱՐԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ ՈՒ ԶՈՀՎԵԼ ՔԱՋԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐՍԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ, ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների։ Նրանցից մեկն էլ ԱՐՍԵՆ ԳԵՐԱՍԻՄԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ էր։ Այսօր, հուլիսի 30-ը, նրա ծննդյան օրն է, կդառնար 25 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։Անմահ հերոսի մայրը տիկին ՆԱՐԻՆԵՆ, խորը ցավը սրտում Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. - «Արսենս ծնվել է 2000 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի համար 163 դպրոցում, մինչև երրորդ դասարանը, հետո ուսումը շարունակել է Կոտայքի մարզի Հացավանի դպրոցում։ Չնայած մեր ընտանիքը բնակություն հաստատեց ՌԴ ֊ում, սակայն հայրենիքի հանդեպ սերը Արսենիս վերադարձրեց Հայաստան։ Որդիս սիրում էր երգել ու մինչ բանակ գնալը, ձայնագրել ու կատարել էր «Պատիվ ունեմ» երգը։ 2019֊ի հունվարի 12֊ին զորակոչվեց Հայոց բանակ դառնալով Մատաղիսի արծիվներից մեկը։ Ծառայության ժամանակ բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շքանշաններով, եղել է վաշտի ավագ։ Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, Արսենն իր մյուս զինակից ընկերների հետ հանձն առավ հայրենիքի պաշտպանության խնդիրը»։ Արսեն Նիկողոսյանը մարտական գործողությունների է մասնակցել Մատաղիսի, Մարտակերտի շրջանում։ Եղել է արժանապատիվ զինվոր։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է լեյտենանտի կոչման։ Բայց սա չէր նրա իսկական կոչումը, այլ Հայրենիքի հերոս։ Անվախ, անպարտ ու քաջ հրամանատար, ով կռիվ տվեց 17 օր, ոչնչացրեց թշնամու մեծաքանակ զորք ու ընկավ... Չլքելով իրեն վստահված մարտական դիրքը Մարտակերտի կարևոր բարձունքներից մեկը պայքարեց մինչև վերջին շունչը ու քաջաբար զոհվեց հոկտեմբերի 13-ին գրպանում կորսված դիրքից մի բուռ հող, կրկին վերադառնալու հաստատակամության խորհրդանիշ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ կողմից «Մարտական ծառայության» մեդալով, Արցախի Հանրապետության կողմից «Արիության» մեդալով, «Մեծն Տիգրան» շքանշանով, « 6֊րդ ՊՇ Անձնուրաց Պաշտպան» մեդալով, հայրենիքին մատուցած ծառայությունների համար պատվոգրերով։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

