Իրենց հաջողվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանել դասագրքերից, բայց կյանքից հանել չեն կարող. Բեկ-Գասպարենց
Մշակութային«Իրավունք»-ը զրուցել է անվանի դերասան ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ հետ: Նա վերջերս հայրենիքում էր, սակայն կրկին մեկնել է Միացիալ Նահանգներ, բայցեւ խոստանում է՝ շուտով կլինի հայրենի հողում:
— Պարոն Բեկ-Գասպարենց, ի՞նչ նպատակով եք մեկնել ԱՄՆ:
— Լոս Անջելեսում եմ, որպեսզի «Բարի մարդիկ» ֆիլմիս պրեմիերան անեմ, որը նկարվել եւ ապրիլ ամսից Երեւանում ցուցադրվում էր: Ֆիլմը բարության, ընտանիքի, մեկս մյուսին սիրելու եւ հարգելու, չչարանալու եւ հայ մնալու մասին է, որը, ըստ իս, այս իրականության մեջ շատ կարեւոր է: Ֆիլմիս պրեմիերան արդեն կկայանա սեպտեմբերի 7-ին:
— Ե՞րբ եք վերադառնալու հայրենիք:
— Անկախ նրանից, թե որտեղ կգտնվեմ՝ Եվրոպա, ԱՄՆ, թե՝ Հայաստան, ես ապրում եմ Հայաստանի ժամանակով, Հայաստանիս ուրախությունով, հոգսերով եւ խնդիրներով, հայով: Այդպիսին եմ, փոխվել չեմ կարող եւ չեմ էլ ցանկանում: Հայաստանը շատ թանկ է ոչ միայն ինձ համար, այլ, կարծում եմ, աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի: Այդ պարզ պատճառով մենք պետք է ամեն գնով պահենք մեր հայրենիքը: Կվերադառնամ, արդեն, երբ պրեմիերաս ԱՄՆ-ում կկայանա: Կարեւոր չէ, որտեղ լինեմ՝ ԱՄՆ-ում, թե Հայաստանում, մշտապես մտածում եմ օգուտ բերել իմ հայրենիքին՝ ստեղծագործելով հայի ու հայրենիքի մասին: Մի քանի ժամանակ առաջ, ինքս իմ մեջ որոշում կայացրի, որ այսուհետ ինչ էլ ստեղծագործեմ, նկարեմ կամ բեմադրեմ, լինելու է հայ մարդու մասին: Նրա հոգսերի, ուրախությունների ու տխրությունների մասին: Հայ մարդու կարեւորության մասին:
— Ինչ այժմ կատարվում է հայրենի երկրի ներսում, ինչպե՞ս են արձագանքում սփյուռքում բնակվող մեր արվեստագետները, շոուբիզնեսի ներկայացուցիչները:
— Պիտի ասեմ, որ ԱՄՆ-ում էլ բոլոր ազգանվիրյալ հայերը ապրում են Հայաստանով եւ գիտակցում են, որ իրենք էլ են խաբված: Ծիծաղ է առաջացնում այն արտահայտությունը, որ ասում են՝ իբր Հայաստանը միայն Հայաստանում ապրողների համար է: Այստեղ բոլորը զարմացած են, թե ինչպես կարելի է Հայ Առաքելական եկեղեցու դեմ դուրս գալ: Այո՛, դա Վեհափառի դեմ չէ, այլ՝ մեր եկեղեցու: Եվ շատ հասկանալի է, թե ինչու է դա արվում; Դա այն ինստիտուտն է, որը խանգարում է ներկայիս իշխանությանը, որը ծառայում է հարեւան պետություններին: Ասեմ, որ նաեւ սփյուռքն է խանգարում ներկայիս իշխանություններին եւ հարեւան պետություններին: Սփյուռքն ու եկեղեցին, դա այն երկու ուժերն են, որոնցից սարսափում են հարեւան պետությունները: Սակայն, որքան էլ այս իշխանությունը ցանկանա հետին պլան մղել եկեղեցին, որքան էլ դպրոցից հանի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, միեւնույնն է, չի ստացվի, որովհետեւ թե՛ սփյուռքում եւ թե՛ հայրենիքում բանական մարդիկ հասկանում են` ինչ են սրանք անում: Այն սփյուռքը, որը ստեղծվել է ցեղասպանության հետեւանքով, հաստատ այս հարցն այդպես չի թողնի: Իսկ այն մարդիկ, ովքեր կյանքի եւ ճակատագրի բերումով հայտնվել են սփյուռքում, նրանք լավ հասկանում են՝ ինչ է կատարվում: Կարծես, 3-րդ դասարանի, կամ ավելի ցածր դասարանի մակարդակի է հասնում այն, ինչ անում են սրանք՝ մեր եկեղեցու, հոգեւոր հայրերի նկատմամբ: Էլի եմ ասում՝ հոգուս խորքում վստահ եմ, որ դա իրենց մոտ չի ստացվի: Ճիշտ է, իրենց հաջողվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանել դասագրքերից, բայց կյանքից հանել չեն կարող, որովհետեւ պատմությունը երբ նայում ենք, տեսնում ենք` ինչպես է դարերով եկեղեցիներ փակվել, մնացել թշնամու ձեռում, բայց եկեղեցին եւ սպասավորը չեն կարող վերանալ: Ինչեւէ, սա է մեր իրականությունը:
— Ի՞նչ նոր նախագծեր ունեք առջեւում:
— Ցանկանում եմ ներկայացում բեմադրել Հայաստանում, բնականաբար, հայի մասին: Այլ նախագծեր էլ կան, դեռ չեմ ցանկանա փակագծեր բացել: Այսինքն՝ երբ հաստատվի նախագիծս, հաստատ հանդիսատեսը տեղյակ կլինի:
— Որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել ամառը:
— Կարծես թե, ամառային արձակուրդ դեռ չունեմ, քանի որ լծված եմ ֆիլմիս պրեմիերայով: Դեռ կհասցնեմ հանգստանալ: Ամռանը կլինեմ Լոս Անջելեսում, բայց գուցե հասցնեմ մի 2-3 օրով որեւիցե տեղ գնալ: Իրականում, հետեւելով հայկական լրահոսին, հանգիստս կորցրել եմ: Բնական է, որ կկորցնեմ այսքանը տեսնելուց հետո եւ ուր էլ գնամ հանգստանալու, միեւնույնն է, մեր այսօրվա հայի իրականությունը թույլ չի տալիս ցրվել, մոռանալ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=319279&l=am/

