Այս իշխանությունների համար Հայաստանի ապագան կարեւոր չէ. Գառնիկ Դանիելյան
Հանդիպում«Իրավունքը» զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։ Վերջինս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններին, այդ թվում՝ նրան, թե միջանցքի տրամադրումը շահավետ է Հայաստանի համար: Ըստ մեր զրուցակցի` միջանցքը լուրջ մարտահրավերներ է ստեղծում, չնայած այն ներկայացվում է որպես ինքնիշխանությունը չխախտող եւ տարածաշրջանային կապեր ապահովող նախաձեռնություն։
«ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀՈՂԵՐԻ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՀԱՆՁՆՈՒՄ»
— Ինչպե՞ս կգնահատեք միջանցքի տրամադրման հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հիմնավորումները, որոնք ներկայացրեց Փաշինյանը: Ի՞նչ վտանգներ եք տեսնում դրա իրագործման դեպքում։
— Առաջին հերթին, միջանցքի տրամադրումը նշանակում է հողերի մասշտաբային հանձնում, որը վնասում է մեր տարածքային ամբողջականությանը։ Դա ոչ միայն սրում է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ նաեւ բացում է նոր անվտանգային սպառնալիքների ճանապարհ, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները հեշտացնում են ռազմական եւ այլ տեսակի ներխուժումները։ Այս փաստը բխում է նաեւ հստակ ռազմական փորձագետների եւ միջազգային դիտորդների գնահատումներից։
Երկրորդ՝ միջանցքը կարող է ունենալ լուրջ սոցիալական ու տնտեսական հետեւանքներ, մասնավորապես, հստակեցվում է Հայաստանի եւ նրա քաղաքացիների նկատմամբ վերահսկողության ու տնտեսական կապերի խաթարման վտանգը։ Քաղաքական եւ իրավական առումով սա նաեւ մի նոր հիմնախնդիր է՝ կապված սահմանների վավերականության եւ Հայաստանի ինքնիշխանության ճանաչման հետ։ Փաշինյանի դիրքորոշումը, ըստ երեւույթին, փորձում է մանիպուլացնել այս հարցերի շուրջ հանրության զգացողությունները՝ ընդգծելով միայն այն դրական կողմերը, որոնք, նրա խոսքերով, երկարաժամկետ կտրվածքով կարող են լինել շահավետ։
Ասուլիսի մեկ այլ կարեւոր պահը վերաբերում էր պանթուրանական ծրագրերին։ Փաշինյանը արձանագրեց, թե հնարավոր է լինեն նման ծրագրեր, չնայած նախկինում իր վարչակազմը հստակ պնդում էր, որ նման բան չկա, եւ նման նախաձեռնություններ չեն իրականացվում։ Այս հակասությունն առաջ է բերում լուրջ հարցեր, քանի որ նման ոչ միանշանակ մոտեցումը կարող է վկայել որոշ թաքցված եւ ոչ հրապարակային գործողությունների մասին, որոնք նպատակ ունեն հանրությանը, գույները ներկայացնելու փոխարեն, մոլորեցնել:
— Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը նոր շրջափուլ է մտնում, ինչին նվիրեց ասուլիսի մի ամբողջ հատված: Ի՞նչ կասեք այս մասին:
— Փաստացի, նա հրապարակավ խոսեց այդ մասին եւ նշեց, որ շարունակելու է իր արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա ինձ համար եւս մեկ արձանագրում էր, որ իրենք չեն հրաժարվում իրենց որդեգրած ծրագրերից։ Ի վերջո, հարկ է նշել, որ այս ամենը տեղի է ունենում բռնաճնշումների ֆոնին։ Մեր իրականությունում շատ մարդիկ, ովքեր պարզապես արտահայտել են իրենց տեսակետները կամ հակադրվել են այս գործընթացներին, այսօր գտնվում են անազատության մեջ։ Դրանց թվում են սրբազան հայրեր, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, հերոս տղաների ծնողներ, օրինակ՝ Արա Ռոստոմյանը, նաեւ ՀՅԴ երիտասարդներ եւ բազմաթիվ այլ մարդիկ։
Ինձ համար սա եւս մեկ կարեւոր հանգամանք է։ Պետք է արձանագրենք, որ նաեւ բռնաճնշումներին վերաբերող հարցերին ինքն անձամբ որեւէ լուրջ պատասխան չի տալիս։ Ընդհակառակը՝ նա փաստացի խոստովանում է, որ ազատությունը գործում է իրավապահ համակարգի վրա իր անձնական «SMS» հաղորդագրություններով, հրապարակումներով ու ուղղորդումներով։ Այսինքն՝ մենք գործ ունենք իշխանության հետ, որը Նիկոլ Փաշինյանի հրահանգներով կարող է ցանկացած անձի վրա քրեական գործ հարուցել։ Այս համակարգը հետապնդում է նրանց, ովքեր ընդդիմանում են այս ամենին, եւ արդյունքում նրանք հայտնվում են անազատության մեջ կամ քրեական հետապնդման թիրախում։
«ԱԿՏԻՎՈՐԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ»
— Իսկ ի՞նչ եզրակացություններ կարելի է անել արտաքին քաղաքականության վերաբերյալ` Փաշինյանի գնահատականների հետ կապված:
— Կարեւոր հարց է արտաքին քաղաքականությունը՝ Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի հետ։ Տեսնում ենք, որ իշխանությունները գնալով վատացնում են հարաբերություններն այն երկրների հետ, որոնք մեզ համար ավանդաբար եղել են բարեկամներ, իսկ որոշների հետ՝ դաշնակիցներ։ Սա ազդում է նաեւ մեր անվտանգային միջավայրի վրա։
Նույնը կարող ենք ասել տնտեսության մասին։ Հայաստանի տնտեսությունը լրջորեն տուժում է այս իշխանությունների անգործությունից։ Մեր գյուղացիները, ջերմոցային տնտեսության ներկայացուցիչները, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները, կոնյակագործները եւ արտահանողները գտնվում են խիստ դժվարին վիճակում։ Միլիոնավոր դոլարների վնասներ են գրանցվում։ Վերջերս հեղուկ գազի գինը բարձրացել է մոտ 30 տոկոսով, ինչը ծանր հարված է տնտեսվարողներին։ Բեռնատարների եւ գազատարների հետ կապված խնդիրները նույնպես չեն լուծվում։
Այս ամենից հետեւում է, որ պետությունը որեւէ իրական աջակցություն չի ցուցաբերում տնտեսվարողներին։ Նրանք մնում են միայնակ իրենց խնդիրների առաջ։ Եվ եթե այս միտումները շարունակվեն, կարող ենք կանխատեսել, որ տնտեսությունը դեռ ավելի կդժվարանա։ Եվ երբ պետական մարմինները իրենց գործառույթները կատարելու փոխարեն՝ զբաղված են հակաեկեղեցական արշավով, ներգրավված են քաղաքական գնահատականներ տալով, իրավապահ համակարգերին ուղղորդելով կամ ճնշում գործադրելով, արդյունքում ստացվում է, որ նրանք չեն ծառայում պետական շահին, այլ գործում են բացառապես կուսակցական եւ անձնական օրակարգով։
— Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի անվտանգության եւ Արցախի շուրջ վերջին զարգացումների մասին ինչպիսի՞ն էին, ըստ Ձեզ:
— Արցախի հետ կապված՝ Փաշինյանի մոտեցումը շատ պարզ է։ Իրենց համար այս հարցը փակված է։ Թեեւ պաշտոնապես նշվում է, որ պետք է «մի փոքր իջեցնենք Արցախի նշաձողը» եւ որ «շատ լայն խորհրդակցություններ» պետք է անցկացվեն դրանից հետո, իրականում նրանք ամբողջությամբ հրաժարվել են Արցախի հարցը դարձնել քննարկման առարկա։ Նրանք նաեւ մերժում են վերադարձի իրավունքը։
Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր խոսում են Արցախի վերադարձի կամ վերաինտեգրման մասին, ենթարկվում են քաղաքական հալածանքների, այդ թվում՝ ուժեղացող արշավի եկեղեցու դեմ։ Այս սաստկացող արշավը պայմանավորված է նաեւ վերջին զարգացումներով՝ ներառյալ Շվեյցարիայում կայացած իրադարձությունները եւ Կաթողիկոսի ելույթը։ Այս առումով կարելի է ասել, որ իշխանությունների արձագանքը զուրկ է կառուցողական տրամաբանությունից։ Նրանք ուղիղ հայտարարում են, որ իրենց համար Արցախի էջը փակված է։
Այդ նույն ժամանակ, ակտիվորեն քննարկվում է ադրբեջանցիների՝ այստեղ՝ Հայաստանի տարածքում, վերաբնակեցման հարցը։ Սա արդեն ներառվել է իշխանությունների օրակարգում, եւ իրենք այլեւս չեն էլ թաքցնում դա։ Եթե զուգահեռներ անցկացնենք, ապա կտեսնենք, որ հայկական կողմը հրաժարվում է արդար եւ օրինական պահանջներից՝ չխոսելով բռնի տեղահանման, ցեղասպանության եւ հայրենազրկման մասին, մինչդեռ ադրբեջանական կողմը հանդես է գալիս պահանջներով՝ ներառյալ Արցախի անկախության հռչակագրի, այսպես կոչված՝ «միջանցքի» եւ այլ հարցերի շուրջ։
Թվում է՝ հայկական իշխանությունները լուռ համաձայնություն են տալիս այս ամենին՝ նպաստելով թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերի իրականացմանը։ Սա, սակայն, կարող է կործանարար հետեւանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար։
Վերջիվերջո, կարելի է փաստել, որ այս իշխանությունների համար Հայաստանի ապագան կարեւոր չէ։ Նրանք շարունակաբար գնում են նոր ու նոր կենսական զիջումների՝ այն դեպքում, երբ սա արդեն գոյաբանական խնդիր է մեզ համար։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը անկասկած հանգեցնելու է նոր պայթյունի։
Այս գործընթացի այլընտրանքը, ըստ նրանց, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Այսինքն՝ իրենք Հայաստանը տանում են դեպի Թուրքիա՝ պատկերացնելով տարածաշրջանում Թուրքիայի գերիշխանությունը՝ որպես ապագայի միակ տեսլական։ Եվ հենց սա է ամբողջ գործողության խորքային նպատակը։
— Փաշինյանն իր ասուլիսում բավական հեգնական անդրադարձավ ընդդիմության գործողություններին։ Ինչպե՞ս կարձագանքեք նրա գնահատականներին։
— Ինչպե՞ս պետք է վերաբերվեմ նրա գնահատականներին, երբ դրանք ծայրից ծայր կեղծիք են, սուտ են եւ որեւէ առնչություն չունեն իրականության հետ։ Պետք է ընդգծեմ, որ մենք շատ լավ գիտենք՝ ինչպես են կարվում կեղծ, շինծու քրեական գործեր։ Մենք գիտենք նաեւ, որ այս ամբողջ աբսուրդային գործընթացում թիրախավորվում են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաեւ բարերարները, սրբազան հայրերը, ՀՅԴ-ականները:
Այս ամենը փորձ է՝ ստեղծելու մթնոլորտ, իբր՝ Հայաստանում ընթանում է բնական քաղաքական պայքար, սակայն իրականում իշխանությունն ամեն կերպ փորձում է ընդդիմությունը «ընտանեկանացնել»՝ այն ներկայացնելով որպես իրականություն, որը պետք է բոլորի կողմից ընդունվի։ Իրական խնդիրը սակայն այն է, որ փորձում են ճեղքել արմատական ընդդիմությանը։
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, ամեն կերպ փորձում է կանխել այն շարժումները, որոնք կարող են դիմադրություն ցույց տալ իր վարած քաղաքականության նկատմամբ։ Նա եւ իր համախոհները միտումնավոր կերպով գործում են ընդդիմադիրների, հատկապես ՀՅԴ-ի դեմ՝ փորձելով փակել կուսակցությունը։ ՔՊ-ական շրջանակներում նույնիսկ բացեիբաց խոսում են այն մասին, որ ժամանակն է վերջ տալ Դաշնակցության գոյությանը, եւ հիմա այդ ուղղությամբ հող է նախապատրաստվում։
Մյուս կողմից, նրանք հիանալի գիտակցում են, որ ընդդիմադիր ուժերն, այդ թվում՝ ՀՅԴ-ն, կարող են եւ պատրաստ են կասեցնել այդ ծրագրերը՝ վճռականությամբ եւ դիմադրությամբ։ Հետեւաբար, շատ պարզ է, թե ինչու են թիրախավորում մեզ։ Սակայն մենք, այս ամենը գիտակցելով, չենք վախենում։ Ընդհակառակը՝ պատրաստ ենք դիմակայել այս հարվածներին ու անել ամեն ինչ, որպեսզի մեր ազգային եւ պետական ծրագրերը իրականացվեն, իսկ նրանց հակապետական նախաձեռնությունները ձախողվեն։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=319011&l=am/

