Արցախը հանձնեցիք, Եռաբլուրը ավելացրիք, սարսափում եմ անգամ ասել՝ բայց վերջը ո՞րն է. Գայանե Ներսիսյան
Մշակութային«Իրավունք TV»-ի տաղավարում հյուընկալել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ եւ զրուցել վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
– Տիկին Ներսիսյան, այն, ինչ կատարվում է այս պահին Հայաստանում, նույնիսկ բնութագրելն է անհնար: Սա ի՞նչ է:
– Սա մի խառնաշփոթ եւ ավերածություն է, որի վերջը չի երեւում, հատկապես վերջին շրջանում, երբ վարչապետ կոչեցյալը կորցրել է բոլոր սահմանները: Նա ուղղակի ամոթից զուրկ մարդ է, եւ իր ողջ խմբակը եւս չգիտեն` ինչ բան է ամոթը: Որեւէ մարդկային հատկանիշ նրանց մեջ չկա:
– Վերջերս, երբ կալանավորվեցին սրբազանները, մարդիկ հավաքվեցին դատարանի առաջ, կալանքի մասին իմացան ու գնացին տուն: Արդյոք չպետք է լինի շարունակական հավաքներ, բողոքի ակցիաներ:
– Ճիշտ եք ասում, պետք է լինի շարունակական: Ասեմ ավելին, կարծում եմ, որ այդ հավաքների ժամանակ պետք է ավելի խիստ խոսել եւ պահանջել: Այսպես չի կարող շարունակվել: Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը այլեւս ոչնչից չի զարմանում, որովհետեւ 7 տարի ինչ տեսանք, էլ մեզ չի զարմացնում: Այլեւս պարզ է, որ այս իշխանություն կոչվածի համար որեւէ չափանիշ, վերաբերմունք, խիղճ գույություն չունի: Պետք է ժամ առաջ ոտքի կանգնել եւ շարունակել պայքարն ավելի պահանջկոտ ձեւով:
– Ի՞նչ խղճի մասին է խոսքը, երբ անգամ անմահացած հերոսի հորն են կալանավորում…
– Իհարկե: Ես ճանաչում եմ Արա Ռոստոմյանին եւ նրա զոհված տղային էլ էի ճանաչում, շատ հարգանքի արժանի են երկուսն էլ: Սարսափ եմ ապրում միայն այն մտքից, որ մարդիկ տվել են իրենց ամենաթանկը, հիմա կալանք են կրում: Նման բան որեւէ երկրում չկա, որը մենք ենք տեսնում մեր եկրում՝ այսպիսի զարհուրելի իրականություն: Խնդիրն այն է, որ մենք որեւէ կերպ չենք կարողանում այս ամենը շտկել: Կարծում եմ, որ պետք է հավաքները խստացնել եւ շատացնել ու երկիրը ազատագրել, որովհետեւ, մենք չենք զարմանում, բայց աշխարհը զարմանում է, թե ինչ է կատարվում մեր երկրում: Դա մեր արժանապատվության խնդիրն է, մեր հայ ժողովրդի հարցն է, որ այսպես ոտատակ տալով, տրորեցին մեր արժեքներն ու պատիվը: Գիտեք, մարդ արարածն, այնուամենայնիվ, ինչ-որ մի տեղ ամոթի զգացում ունենում է, սակայն այս խմբակը իրենց գլխավորի հետ բացարձակապես զուրկ են ամոթից եւ պատասխանատվությունից:
– Վերջերս ԱԺ-ում, նիստի ընթացքում, պատգամավորներն իրար ծեծում եւ հայհոյում էին: Այդ մարդիկ ընդունում են օրենք մեր երկրի եւ մեզ համար: Դրան ի՞նչ կասեք:
– Դե, հիմնական օրենքներ ընդունողներն այսօրվա իշխանություններն են, որոնց երբ նայում ես, հասկանում ես, որ բացարձակ պատահականությամբ են եկել եւ նստել այնտեղ: Որեւէ մեկի դեմքը չես էլ տարբերում, որովհետեւ մի քանիսն են, որ ելույթներ են ունենում եւ ագրեսիվ կերպով փորձում են պաշտպանել իրենց ղեկավարին, քանի որ իրենք շատ լավ զգում են մոտալուտ վտանգը: Ես նայել եմ նրանց ելույթները, եւ գիտե՞ք ինչն է ծիծաղելի, նրանք բոլորը կարդում են՝ խոսել չգիտեն: Ուրեմն՝ մեկը եկավ, թղթերը ձեռքին եւ վստահ սկսեց կարդալ, հետո կորցրեց էջը ու սկսեց փնտրել, որպեսզի նախադասությունը կապի մեկը մյուսին: Սա խեղկատակություն է: Նաեւ սարսափելի է, երբ ընդդիմադիր պատգամավորները չեն կարողանում որեւիցե հարց լուծել, քանի որ նրանք այդ քանակը չունեն:
– Նիկոլ Փաշինյանն իր գրառումներից մեկում պարզ նշել էր, որ պետք է Վեհարանն «ազատագրի»: Ինչպե՞ս եք վերաբերվում եկեղեցու դեմ այս արշավին:
– Ժամանակին խոսում էին, որ նա աղանդավոր է: Այնպես որ, նրա համար սրբություն, Հայոց եկեղեցի կամ որեւէ գաղափար, որ կապված լինի մեր ազգի հետ, չկա: Նրանք անում են միայն այն, ինչ իրենց պետք է, իսկ իրենց նպատակն է` Հայաստանը եւ հայ ժողովրդին վերացնել: Հիշենք, հենց սկզբից երբ եկավ, սկսեց կատարել իր ծրագիրը` վերացնելով ազգային արժեքները, պատմություն եւ այլն: Սա մեզ բացահայտ տանում է կործանման: Ինչքա՞ն կարելի է այս ամենը հանդուրժել: Կարծես, 1937 թվականը լինի:
Եթե չեմ սխալվում, մենք ունեցել ենք 137 կաթողիկոս, եւ այդ կաթողիկոսներին որեւէ մեկը՝ ո՛չ թուրք, ո՛չ մոնղոլ, չի կարողացել վնասել: Այդքան դարերի ընթացքում մեր եկեղեցին կայուն է եղել իր վեհափառների գլխավորությամբ, եւ հիմա սա, այսքան բացարձակ անբռնազբոս անում է այն, ինչ իրեն պետք է: Նա կատարում է դրսի պահանջը՝ Թուրքիայի, Ադրբեջանի: Չմոռանանք, որ մեր կաթողիկոսը ելույթ ունեցավ օտար երկրում եւ բարձրացրեց Արցախի հարցը, մեր հուշակոթողների հարցը, դա սարսափելի զայրացրել էր ե՛ւ Ալիեւին, ե՛ւ Էրդողանին, դրանից հետո սկսվեց այս արշավը:
– Երբեմն այս ամենն իրար գումարելով՝ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն իր քայլերով խնդրում է, որ հանրությունը ոտքի ելնի եւ իրեն մերժի:
– Ուղղակի նրան ինչ հրամայված է, նա դա էլ անում է, քանի որ խոստացել է եւ վասալի կարգավիճակում է գտնվում: Եթե վասալ չլիներ, ապա Թուքիայի նախագահի գիրքը այդպես ամուր չէր գրկի: Ո՞վ էր մեր անցած ղեկավարներից նման բան արել: Ես մեծ ցավ եմ ապրում, որովհետեւ այս պահին ձերբակալվում են մեր ազգի լավագույն զավակները, քանի որ վախը պատել է այս իշխանությանն ու իրենց գլխավորին եւ հետեւաբար ոչ մի բանի առաջ չեն կանգնում, որ իրենց ուժն ու իշխանությունը չկորցնեն՝ շատ լավ գիտակցելով, թե իրենք որքան հանցագործություններ են արել, որ դա ներելու չէ, եւ եթե՝ ոչ այսօր, ապա վաղը հաստատ նրանք պատասխան են տալու: Լավ, Արցախը հանձնեցիք, Եռաբլուրը ավելացրիք, սարսափում եմ անգամ ասել՝ բայց վերջը ո՞րն է, չէ՞ որ ամեն բան վերջ ունի: Մի՞թե սրանք չեն վախենում Աստծո պատժից: Այն դավաճանի խարանը, որ իրենք կրում են, գոնե իրենց զավակների մասին մտածեն:
Շարունակաբար խոսում են, որ իբրեւ թե Բագրատ սրբազանը պատրաստել է ահաբեկչության նման մի բան: Ես միտինգների ժամանակ առնչվել եմ սրբազանի հետ եւ լսել եմ նրա միտքն ու խոսքը: Սրբազանը շատ խաղաղարար է եւ միշտ կոչ էր անում, որ բոլորս միասին լինենք, ու այս բաժանումը չլինի՝ սեւերի ու սպիտակների: Նաեւ պիտի ասեմ, որ նա կիրթ բառապաշար ունի, այդ ամենն ուղղակի սարքովի գործ է իր դեմ, որովհետեւ այն ձայնագրությունը, որը տարածել էին, սրբազանի հետ ոչ մի կապ չուներ: Նա այդպիսի բառապաշարով չէր կարող խոսել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=318935&l=am/

