Ինչ է կատարվում ՊՀԹ-ում՝ նոր տնօրենի օրոք
ՄշակութայինԱմիսներ առաջ Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ պահանջելով վերանայել տնօրեն Էմին Թորոսյանի ազատման մասին քաղաքապետարանի որոշումը։
Բանն այն էր, որ ըստ քաղաքապետի որոշման, Էմին Թորոսյանը պետք է իրերը հավաքեր ու հեռանար թատրոնից, ինչի հետ կապված էլ դերասանները հավաքվել էին իրենց թատրոնի դահլիճում ու պահանջում էին, որ որոշում կայացնողներից մեկը գա ու բացատրություն տա։
Կոլեկտիվը հայտարարում էր, որ իրենք լիարժեք աջակցում են Թորոսյանին՝ գնահատելով նրա մասնագիտական եւ մարդկային որակները։ Նրանք շեշտում էին, որ չեն պատկերացնում տնօրենի հեռացման որեւէ օբյեկտիվ պատճառ։
Օրինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը հատկապես կոշտ քննադատությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ Թորոսյանը տարիներ շարունակ նվիրված աշխատել է թատրոնում՝ հարստացնելով բեմը՝ նոր լուծումներով, զգեստներով եւ տեխնիկական միջոցներով։ «Էմին Թորոսյանի նման մարդիկ թատրոնին պետք են», - ասել էր նա։
Աշխատակազմն անգամ հայտարարել էր, որ եթե այսպես շարունակեն, ապա ստիպված կլինեն անժամկետ դադարեցնել ներկայացումները՝ մինչեւ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան չհանդիպի իրենց հետ եւ չպարզաբանի տնօրենի ազատման պատճառները։ Ինչպես նաեւ դերասանները պահանջում էին իրենց աշխատավարձերը, որոնք չէին ստացել ամիսներ շարունակ:
Այս աղմուկին հաջորդեց Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, որը ռեժիսոր Գոռ Մարգարյանն է:
Այժմ Պատանիում կրքերը հանդարտվե՞լ են, եւ այլեւս դերասանները բողոք ու պահանջ չունե՞ն քաղաքապետարանից, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել:
«ՊԻՏԻ ԱՍԵՄ՝ ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՏՂԱ Է ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ»
Նախ զրուցեցինք Պատանի Հանդիսատեսի թատրոնի վաստակաշատ դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս է ընթանում գործերը Պատանի հանդիսատեսում: Կարծես, ղեկավարության փոփոխության վերաբերյալ աղմուկը դադարեց, կրքերը հանդարտվեցին:
— Այո, աղմուկը բավականին բարձր էր: Փոխեցին մեր տնօրենին եւ նոր տնօրեն բերեցին: Պիտի ասեմ՝ շատ տաղանդավոր տղա է Գոռ Մարգարյանը: Չեմ կարող ասել, թե ինչ կերպ կտնօրինի թատրոնը, սակայն վստահ կարող եմ ասել, որ՝ որպես ռեժիսոր, շատ շնորհքով տղա է: Ինքը մեզ մոտ գործ արել է, եւ մենք գիտենք, թե նա ով է՝ շատ լավ, շնորհքով տղա է: Տեսնենք՝ հետագայում ինչ կլինի: Առայժմ ոչինչ չենք անում: Առջեւում արձակուրդ է՝ օգոստոսից: Սեպտեմբերին արձակուրդից կվերադառնանք, եւ արդեն հայտնի կլինի, թե ինչ ենք անելու:
— Տիկին Ղուկասյան, աշխատավարձերի հետ կապված խնդիրները լուծվեցի՞ն:
— Այդ ամբողջը կապված էր մեկ բանի հետ՝ ցանկանում էին անպայման տնօրենին փոխեն: Հիմա ամեն բան կարգավորված է, աշխատավարձերը ժամանակին ստանում ենք, եւ նույնիսկ խոստացել են բարձրացնել:
«ՆՐԱՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՈՉԻՆՉ ԱՍԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»
Պատանի հանդիսատեսի թատրոնի աղմուկի հետքերով՝ «Իրավունք»-ը փորձեց պարզել նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, դրամատուրգ, դերասան ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ տեսակետը:
Վարպետը մեզ տեղեկացրեց, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջին շրջանում չի եղել թատրոնում եւ նորանշանակ տնօրենի հետ չի շփվել.
— Ինչքան ժամանակ է թատրոն չեմ գնում եւ չգիտեմ՝ ինչ է կատարվում: Իհարկե, տեղյակ եմ, որ տնօրենին փոխել են, բայց թե ինչ է արվում՝ տեղյակ չեմ: Մոտ երեք ամիս է հիվանդ պառկած էի: Նույնիսկ նրան նշանակվելուց հետո չեմ էլ տեսել, չեմ գնացել թատրոն եւ ոչինչ ասել չեմ կարող: Տարիներ առաջ Գոռը մեզ մոտ բեմադրություն արեց: Ես այդ բեմադրությամբ զբաղված չէի, սակայն գիտեմ, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ բավական մրցանակներ ստացավ՝ մի շարք անվանակարգերում: Պետք է ասեմ, որ շնորհքով տղա է, բայց որպես տնօրեն, թե ինչպիսի՞ն կլինի՝ ասել դեռեւս չեմ կարող:
Արմեն Սանթրոսյանը խնդրեց իրեն զանգահարենք արձակուրդից հետո՝ սեպտեմբերին, եւ այդ ժամանակ ավելի հստակ կկարողանա պատասխանել մեր հարցերին.
— Երբ թատերական աշխատանքները սկսվեն, եւ իրական եռուզեռը կլինի, հաճույքով կպատասխանեմ: Ամեն դեպքում, շատ ուրախ եմ, որ չեք մոռացել ինձ, հիշել եւ զանգել եք, պարզապես, ցավում եմ, որ այս պահին ոչնչով չկարողացա օգտակար լինել Ձեզ:
Իսկ մեզ մնում է առողջություն եւ երկարակեցություն մաղթել Արմեն Սանթրոսյանին եւ խոստանալ ավելի լայն թեմաների շուրջ հարցազրույց վարպետի հետ՝ սեպտեմբերին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

