Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել․ IRI
ԹեմաՀայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն հայաստանցիների միայն 36 տոկոսն է կարծում, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այս մասին հաղորդում է «Ազատությունը»։
Հետազոտության համաձայն՝ վերջին 9 ամիսներին՝ 2024-ի սեպտեմբերից ի վեր, այս ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։ Հայաստանում տիրող կացության հանդեպ առավել լավատեսորեն են տրամադրված տարեցները։ 56-ից բարձր տարիքային խմբում հարցվածների 43 տոկոսն է վստահ, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ թոշակառուների շրջանում այս ցուցանիշն էլ ավելի բարձր է՝ 47 տոկոս։ Փոխարենը,18-ից 35 տարեկան հայաստանցիների 54 և միջին տարիքի քաղաքացիների 52 տոկոսը կարծում է, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ չի գնում։
Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝13 տոկոս։ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ հարցման համեմատ Փաշինյանի վարկանիշը նվազել է երեք կետով։ 2024 թվականին նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը։
2025-ի հունիսին իրականացված հարցման համաձայն երկրորդ տեղում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 5 տոկոսով, երրորդն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նրա վարկանիշը հունիս ամսվա տվյալներով 4 տոկոս էր՝ նախորդ տարվա սեպտեմբերին արձանագրված երկու տոկոսի համեմատ։
IRI-ի հարցման համաձայն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։
Չորս տոկոսով երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, հարցվածների ևս երկու տոկոսը որևէ քաղաքական ուժ հիշատակելու փոխարեն նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։
Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, սակայն, քաղաքական որևէ գործչի կամ կուսակցության հանդեպ վստահություն չի տածում։ Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի,12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, ևս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է անելու։
https://iravunk.com/sim/?p=318681&l=am/

