Կիբերհանցագործությունների վտանգավոր աճը Հայաստանում
ԹեմաԻԹ ոլորտի մասնագետ Արսեն Լևոնյանը իր ՖԲ էջում գրում է.
Հայաստանում կիբերհանցագործությունների աճը վերջին տարիներին հասել է մի տեմպի, որը նախկինում նույնիսկ կանխատեսելի չէր։ Եթե երբևէ թվում էր, թե այս վտանգը միայն զարգացած կամ խոշոր երկրներին է սպառնում, ապա այսօր արդեն մեր երկրում օրեցօր ավելանում են դեպքեր, երբ մարդիկ դառնում են խարդախության, տվյալների գողության կամ առցանց շորթման զոհ։
Այս աճը այնքան կտրուկ է, որ հիշեցնում է մեր բոլորին ծանոթ մի տեսարան․ երբ ջրի շշի փականը մի պահ բաց ես թողնում, սկզբում միայն օդ է դուրս գալիս՝ աննկատ, բայց հանկարծակի ջուրը սկսում է հոսել մեծ ճնշումով։ Նույնը կատարվում է նաև թվային հանցագործությունների հետ։ Երկար ժամանակ թվում էր, թե նման երևույթները մեզ չեն սպառնում, սակայն այսօր դրանք արդեն հոսում են ինչպես բացված փականից դուրս եկող ջուրը՝ արագ, ուժգին և ամեն ուղղությամբ։
Իմ գործունեության ընթացքում ես անձամբ բախվել եմ բազմաթիվ դեպքերի, երբ մարդիկ կորցրել են խնայողություններ, կազմակերպություններ՝ իրենց հաճախորդների տվյալները, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջական վերահսկողությունը իրենց տեղեկատվական համակարգերի նկատմամբ։ Սրանք ոչ թե վերացական կամ հեռավոր դեպքեր են, այլ կոնկրետ խնդիրներ, որոնք շատ հաճախ կարելի էր կանխել՝ տարրական զգուշություն և պաշտպանություն ցուցաբերելով։
Հայաստանում, ցավոք, դեռ լայն տարածում չունի այն համոզմունքը, որ թվային պաշտպանությունը պարտադիր և անհրաժեշտ ռեսուրս է։ Շատերն ի վերջո միայն տուժելուց հետո են սկսում մտածել պաշտպանական քայլերի մասին։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մենք՝ որպես մասնագետներ, ոչ միայն արձանագրենք խնդիրները, այլև շարունակենք բարձրաձայնել դրանց շուրջ և նպաստենք հանրային իրազեկմանը։
Կիբերհանցագործությունները փոխվել են, զարգացել և վերածվել ամբողջական համակարգված գործունեության՝ հաճախ հովանավորվելով նույնիսկ որոշ պետությունների կողմից։ Այս իրավիճակում անզեն և անտեղյակ օգտատերը թիրախ է։ Իսկ պաշտպանվելու միջոցը միայն մեկ բան է՝ տեղեկացվածություն։
Ես կոչ եմ անում ինչպես պետական կառույցներին, այնպես էլ յուրաքանչյուր անհատին՝ դիտարկել կիբեռանվտանգությունը որպես կյանքի անհրաժեշտ մաս։ Պաշտպանված լինել նշանակում է ազատ և վստահ զգալ թվային աշխարհում՝ լինի դա առցանց գնում, բանկային գործարք, թե պարզապես սովորական նամակագրություն։
Թվային միջավայրն այլևս խարդախների համար խաղադաշտ է դարձել։ Մեր պարտքն է՝ պաշտպանել մեր հասարակությունը, բիզնեսները, և ամենակարևորը՝ մեր քաղաքացիների անձնական անվտանգությունը։
https://iravunk.com/sim/?p=318094&l=am/

