«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Մայիսի 15-ին Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչեւ օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:
Իսկ ինչ գործընթացների ու մեղադրանքների մասին է խոսքը, եւ առհասարակ ինչ վարույթով է Հակակոռուպցիոն կոմիտեն մտնում Գասպարյանի տուն։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը եւ հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

