Նույնիսկ վիրավորական է, որ ինչ-որ մեկը կարող էր մտածել, թե ունակ էի նման անհեթեթ եւ տգետ պլան գրել. Սուրեն Պետրոսյան
ՆերքաղաքականԲոլորին հայտնի պատճառներով կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչին անմիջապես հաջորդեց մի ձայնագրություն, որտեղ նա, իբրեւ թե, բռնության կոչ է անում: Անմիջապես ձայնագրությունից հետո, տելեգրամյան ալիքներում տարածվեց լուր այն մասին, որ տվյալ ձայնագրությունը ԱԱԾ-ին է փոխանցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Կատարվածի եւ տարածվող լուրերի վերաբերյալ, «Իրավունք»-ի հետ զրույցում նա փակագծեր է բացել:
— Տելեգրամյան ալիքներում շրջանառվում է տեղեկություն, թե Դուք եք Բագրատ սրբազանի մասին, այսպես ասած, «դանոսներ», որոշ ձայնագրություններ ու փաստաթղթեր փոխանցել իշխանությանը, ինչի հետեւանքով էլ կալանավորվեց նա: Ի՞նչ կասեք այս մասին:
— Բացի այն, որ դրանից անբարոյական լինել հնարավոր չէ, նաեւ ծիծաղելի է: Նույն տրամաբանությամբ, շատ հանգիստ կարող են ինձ վերագրել 1999 թվականի հոկտեմբերի 27-ը: Այդ մարդիկ չեն կարողանում իմ շողքից մինչեւ հիմա դուրս գալ: Հիմա ասեմ ավելի փաստական. եթե գործերին ծանոթ են կամ ԱԺ-ին հետեւում են, կտեսնեն, որ այնտեղ խոսվում է 2024 թվականի նոյեմբերի մասին եւ խոսվում է 2024 թվականի օգոստոսի վերջի մասին: Մենք հունիսի 12-ից կամ 17-ից ոչ միայն որեւիցե կապ չենք ունեցել՝ ո՛չ ուղղակի եւ ո՛չ անուղղակի, այլ նաեւ գտնվել ենք ամբողջությամբ տարբեր բեւեռներում: Այսինքն՝ նույնիսկ հրապարակած փաստերով, որը շատ տրամաբանական է, քանի որ ասում էին հանրահավաքները ավարտվեցին, մենք գնում ենք ինստիտուցիոնալ ճանապարհով, ես հենց այդ ժամանակվանից չեմ եղել շարժման մեջ: Հետեւապես, այդ լուրերը ոչ միայն անհեթեթություն են, այլ նաեւ տգիտություն ու անբարոյականություն:
— Նույն աղբյուրները պնդում են, թե «հեղաշրջման պլան» կոչվող թուղթը նույնպես գրել եք Դուք եւ ներկայացրել՝ որպես «իրեղեն ապացույց»: Ընդհանրապես, դեռ «Սրբազան պայքար» անունը չստացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ որեւէ պլան քննարկվե՞լ է, թե ինչպես պետք է հասնեիք իշխանափոխության:
— Նախ, այդ ժամանակահատվածում որեւիցե պլան եւ մնացած այլ բաներ, բնականաբար, չի եղել, ինչքան որ ես եմ եղել: Երկրորդն էլ, այս ողջ գործընթացը՝ ե՛ւ պլանը, ե՛ւ մնացածը վերաբերում է քիչ առաջ իմ ասած 2024 թվականի նոյեմբերից հետոյին: Կրկնեմ, որ մենք հունիսի 17-ից ոչ միայն առնչություն չենք ունեցել, այլ ամբողջությամբ հակառակ բեւեռներում ենք եղել: Դա օգոստոսի վերջից, իսկ ավելի կոնկրետ՝ ըստ տեղեկության, որը նաեւ շարժման մասնակիցները չեն հերքում, եղել է 2024 թվականի նոյեմբերից: Մենք նույնիսկ ֆիզիկապես չէինք եղել միասին: Սակայն մյուս ամենակարեւորը՝ ինձ ճանաչող մարդիկ կփաստեն, որ, բնականաբար, ես չէի կարող բռնության հետ կապված, եթե, իհարկե, դա ճիշտ է, նման բան գրել, բայց այն, ինչը վերաբերում էր ոչ բռնությանը, ինձ համար նույնիսկ վիրավորական է, որ ինչ-որ մեկը կարող էր մտածել, որ ունակ էի նման անհեթեթ եւ տգետ պլան գրել:
— Դուք քաջածանոթ եք Բագրատ սրբազանին, Հրայր սարկավագին, Իգոր Սարգսյանին: Ի՞նչ եք կարծում՝ նրանք կարո՞ղ էին կամ ընդունա՞կ էին ահաբեկչություն կամ իշխանազավթում պլանավորել:
— Բացարձակ չէի ասի, որ ես լավ ճանաչել եմ նրանց: Կարելի է ասել, որպես այդպիսին, մի քանի անգամ ենք հանդիպել: Երեւի, լրագրողները մի 10 անգամ ավելի շատ են հանդիպել: Չեմ կարող ասել, որ ճանաչել ենք իրար: Մի քանի անգամ ենք խոսքի փոխանակում ունեցել, անկախ նրանից, որ շարժման ժամանակ քայլում էինք միասին: Ես անգամ այդ գնահատականը չեմ ցանկանում տալ: Ասեմ միայն՝ ես իշխանություններին վստահո՞ւմ եմ, իհարկե՝ ոչ: Ես պառլամենտական ընդդիմությանը, որին մեղսագրվում է շարժման ինչ-ինչ բաներ, վստահո՞ւմ եմ, իհարկե՝ ոչ: Դրա համար ես նույնիսկ չեմ ցանկանա մեկնաբանություն տալ: Եթե իրականում նման բան էր պլանավորվում՝ ռազմական հեղաշրջում կամ ընդհանրապես՝ հեղաշրջում, ինչը նկարագրվում էր, ուրեմն՝ այդ մարդիկ պետք է ամենախիստ պատիժը կրեն: Իսկ եթե դա բանսարկություն է, ապա բանսարկություն կազմակերպողները պետք է ամենախիստ պատիժը կրեն:
— Ի վերջո, վերոնշյալ անձինք Ձեզ համար քաղբանտարկյա՞լ են:
— Ես չեմ կարող ասել` իրականությունը որտեղ է: Այս իշխանությունից սպասելի է ամեն ինչ: Մյուս կողմը՝ պառլամենտական ընդդիմությունը ցանկացած սպեկուլյացիայի կարո՞ղ էր դիմել, իհարկե՝ կարող էր: Այդ պատճառով ես չգիտեմ՝ որտե՞ղ է ճշմարտությունը, հետեւաբար այդ մարդկանց չեմ կարող համարել քաղբանտարկյալներ:
— Իսկ Սամվել Կարապետյա՞նը, կարծես թե, Ձեզ չենք տեսնում ի աջակցություն նրա իրականացվող երթերին, հավաքներին:
— Սամվել Կարապետյանը բարերա՞ր է, իհարկե՝ այո: Նա չի հարստացել Հայաստանի հաշվին: Նա եկեղեցու բարեկա՞մն է, միանշանակ: Եվ այսպես շարունակ կարելի է թվել: ՀԵՑ-ի ազգայնացման գործընթացն ապօրինի է, եւ դա անգամ չի քննարկվում: Սա քաղաքական բռնաճնշում է Կարապետյանի դեմ, եւ այս ողջ գործընթացը քաղաքական է: Այսպես եմ արձագանքում Ձեր հարցին, որովհետեւ գործի մանրամասին ծանոթ չեմ, թե ինչպես են կապում մեկը մյուսի հետ, այդ պատճառով ես այսպես հերթականությամբ եկա՝ ասելու, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական բռնաճնշում: Սակայն քրեաիրավական գնահատական տալու մասով բան չեմ կարող ասել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

