Տեր, մի ներիր նրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում…
ՆերքաղաքականԲոլորիս վճարած հարկերի հաշվին գոյություն ունեցող Հանրային հեռուստաընկերությունը միայն թե Նիկոլ Փաշինյանին բավարարելու մոլուցքով տարված՝ այնքան է իջեցրել մակարդակը, որ եթեր է տրամադրում ում պատահի՝ կեղծ հոգեւորականից մինչեւ ինքնակոչ սարկավագ: Նախ Հանրայինի եթերում է հայտնվում կարգալույծ մի հոգեւորական եւ ներկայացվում՝ իբրեւ հոգեւորական: Տեսան, որ չանցավ ու մարդկանց այսօր մանիպուլացնելն այդքան հեշտ չէ, հիմա էլ արել են հաջորդ քայլը:
Հանրայինի ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ հույրն այս անգամ Արթուր սարկավագ Կարապետյանն էր: Իհարկե, այստեղ «սարկավագ» բառն օգտագործելն էլ հեչ տեղին չէր: Որտեղի՞ց էին պեղել նրան, Աստված գիտի: Իրանագետ Տիգրան Դավուդյանը մի ամբողջ ցանկ է հրապարակել եւ գրել. «Հարգելի Հ1, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թվում Արթուր սարկավագ Կարապետյան անունով մեկը չկա… Շնորհակալ եմ, որ մեր հորդորը լսելով, գոնե էս անգամ Ձեր հյուրին սքեմ չէիք հագցրել»։
Իսկ ԵՊՀ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը մանրամասնել է. «Հ1-ի Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը: Նրա հյուրը հոգեւորական է, այլընտրանքային հոգեւորական երեւի, սարկավագ սպիտակ վերնաշապիկով, փողոցային հասանելի բառապաշարով, ԱԱԾ-ին ОМОН-ի հետ շփոթող, թանգարանի գանձերն է ուզում ստուգի՝ տեղում են, թե՞ չէ, копьë է ման գալիս՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդի հետ է: Հաղորդման թեման էլ հետեւյալն էր՝ «Ինչ է կատարվում եկեղեցու ներսում»: Էս հարցերին ջինսերով ու սպիտակ վերնաշապիկով «կյանքի տղեն» լուրջ դեմքով պատասխանում է, որպես հոգեւորական: Պետրոս Ղազարյանը դեռ երբեք էսքան լուռ չէր մնացել իր հաղորդման ժամանակ»: Նա նաեւ առաջարկել է. «ՀԱԷ-ի «ազատագրիչին» ասեք, որ էս «իրական Հայաստանի իրական հոգեւորականին» դարձնի իր ազատագրական պայքարի սիմվոլ»:
Այսքանից հետո մեզ մնում է ավելացնել՝ Տեր, մի ներիր նրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

